HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արցախի Կաշենի հանքի ճակատագիրն անորոշ է. բյուջեն միլիարդավոր դրամներ է կորցնում

Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիրը ներկայում չի գործում։ Աշխատանքները դադարեցվել են սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ուժերի կողմից արցախա-ադրբեջանական սահմանին սանձազերծած պատերազմի հետևանքով։

Պղնձամոլիբդենային այս հանքավայրի ճակատագիրն այժմ անհայտ է։ Թեև Կաշենի հանքն ու հարստացուցիչ ֆաբրիկան մնացել են Արցախի տարածքում, սակայն Ադրբեջանի վերահսկողության  տակ է անցել հանքավայրի պոմպակայանը, առանց որի հանքը շահագործվել չի կարող։ 

Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ առայժմ իրենք էլ չգիտեն, թե Կաշենի հանքավայրը երբ կարող է շահագործվել։ Ըստ էության, պետք է  նոր պոմպակայան կառուցել, որը և ՛ ժամանակատար է, և ՛ ծախսատար։

«Կաշենի հանքավայրը և հարստացուցիչ ֆաբրիկան Արցախի տարածքում են։ Վերագործարկման հետ կապված ենթակառուցվածքների խնդիր կա։ Հանքավայրի պոմպակայանը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, որը ջուր էր մղում հանքի գործունեության համար։ Այս պահին չի աշխատում, իսկ հեռանկարի հետ կապված դեռևս կոնկրետ ոչ մի բան չկա։ Պետք է նոր պոմպակայան կառուցել, որ կարողանանք հանքը շահագործել»,- ասաց Ժիրայր Միրզոյանը։ 

Արցախը կարող է կորցնել խոշորագույն հարկատուին և զրկվել բյուջե մուտքագրվող միլիարդավոր դրամներից

Կաշենի հանքը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն։ Ժամանակին այս ընկերությունը շահագործել է նաև Կաշենից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, որի պաշարների սպառվելուց հետո «Բեյզ Մեթըլս»-ը ձեռնամուխ է եղել Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցմանը։ Դրմբոնի հանքն, ի դեպ, ևս մնացել է Արցախի վերահսկողության տակ։ «Բեյզ Մեթըլս»-ը Դրմբոնի հանքավայրը շահագործել է 2002 թվականից, որից 10 տարի անց արդեն ակնհայտ էր, որ հանքային պաշարները սպառվում են։  «Վալլեքս»-ն՝ ի դեմս «Բեյզ Մեթըլս»-ի, հանքարդյունաբերությունը տեղափոխել է Կաշեն: Հանքը շահագործվել է 2013 թվականից։ 

«Բեյզ Մեթըլս» ընկերությունը Արցախի խոշորագույն հարկատուն է։ Ինչպես տեղեկանում ենք ԱՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած Արցախի խոշոր հարկատուների ցանկից, 2019 թվականին «Բեյզ Մեթըլս»-ն Արցախի պետական բյուջե է վճարել 18.7 մլրդ դրամի հարկեր։ Համեմատության համար նշենք, որ Արցախի երկրորդ խոշոր հարկատուն նշված տարում եղել է «Արցախբանկը»՝ մոտ 3.2 մլրդ դրամի հարկերով։

Իսկ այս տարվա առաջին կիսամյակում «Բեյզ Մեթըլս»-ը վճարել է 6.7 մլրդ դրամի հարկեր։

Վերջին տասը տարիներին «Բեյզ Մեթըլս»-ը հնգապատկել է հարկերի ծավալը։ Տեսանելի աճ է գրանցվել հատկապես 2018 թվականին՝ պայմանավորված արտադրանքի ծավալների մեծացմամբ։ 

Այդ տարիների ընթացքում ընկերությունը հիմնականում եղել է Արցախի թիվ մեկ հարկատուն՝ բացառությամբ մի շրջանի, երբ զիջել է «Ղարաբաղ Տելեկոմին», օրինակ՝ 2014-2015 թվականներին։

Կաշենի հանքի շահագործման դադարեցման, այն վերագործակելու անորոշության հետևանքով Արցախի  բյուջեն կորցնում է միլիարդավոր դրամներ, որն արդեն հստակ կերևա, երբ հրապարակվեն այս տարվա տարեկան տվյալները:

«Վալլեքս» խմբի հոլովակներից մեկում, որը հրապարակվել է այս տարվա հուլիսին, նշվում է, որ Կաշենի լեռնահանքային համալիրը կառուցելու համար «Վալլեքսը»  ներդրել է շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար՝ ապահովելով 1450 աշխատատեղ։ 

2019-ին հանքարդյունաբերությունը Արցախի ՀՆԱ-ում կազմել է 13.7%

Հանքարդյունաբերությունը Արցախի տնտեսության մեջ էական կշիռ ունի: 2019 թվականին, ըստ Արցախի վիճակագրական ծառայության տվյալների, հանքարդյունաբերությունն ապահովել է Արցախի ՀՆԱ-ի 13.7%-ը: Հանքարդյունաբերության ծավալները կազմել են մոտ 47 մլրդ դրամ: 

Հանքարդյունաբերությունը մեծ կշիռ ունի նաև Արցախի արդյունաբերության մեջ: Մասնավորապես, 2019-ին արդյունաբերության մեջ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման տեսակարար կշիռը կազմել է 38.1%:

Լուսանկարը՝  miningmetal.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter