
Նախկին տնօրենի տղայի ու թերթի վեճը կհանգուցալուծվի ապրիլի 13-ին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Տիգրան Տերտերյանի օրինական ներկայացուցիչ Համլետ Տերտերյանի՝ որդու պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջով դատական նիստն՝ ընդդեմ «168 ժամ» թերթի և լրագրող Մարինե Մարտիրոսյանի:
Դատարանը լսեց գործով անցնող միակ վկային՝ Սիրեն Եղիազարյանին, ով ցուցմունք տվեց առ այն, որ ի թիվս Էջմիածնի բազմաթիվ այլ բնակիչների ինքը եւս լսել է, որ թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի տղան՝ Տիգրանը, արխիվ է այրել: Եղիազարյանը նշեց, որ եթե 1000-2000 մարդու հավաքեն Էջմիածնում ու հարցնեն, թե արդյոք նման բան լսել են, նրանք կհաստատեն: Վկան հավելեց, որ ասում է այն, ինչ ընդամենը լսել է տարածված խոսակցություններից:
Վկայի ցուցմունքից հետո հայցվորի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանը կարդաց հայցապահանջը հերքում տպագրելու եւ թերթից ու լրագրողից զրպարտության դիմաց համապարտության կարգով 2 մլն դրամ բռնագանձելու մասին: Պատասխանողի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանն առարկեց հայցի դեմ՝ նշելով, որ լրագրողը հղում է կատարել իր աղբյուրին, որը հարապարակային ինֆորմացիա է հաղորդել: Սրան ի պատասխան՝ Գեւորգյանն էլ ասաց, թե լրագրողը բարեխիղճ ու բառացի չի վերարտադրել վկայի հետ հարցազրույցի խոսքերը, հրապարակել է չճշտված ինֆորմացիա, սակայն չի գրել, որ լուրերը չճշտված են: Ավելին, ըստ հայցվորի ներկայացուցչի, լրագրողը չի փորձել ճշտել տարածված լուրերը: Սակայն լրագրող Մ. Մարտիրոսյանը շեշտեց, որ հրդեհի փաստը ճշտել է այն ժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից, որը հաստատել է եղելությունը ու պատմել, որ այրվել են շինարարության հետ կապված փաստաթղթեր: Փաստաբան Ա. Հակոբյանն էլ հավելեց, որ լրագրողը շարժվել է էթիկայի նորմերին համապատասխան, սակայն նա ոստիկան չէ, որ հետաքննություն անցկացնի: Պարզապես վերարտադրել է այն տեղեկութունները, որոնք տարածվել են Էջմիածնում եւ հղում է կատարել իր աղբյուրին՝ օրենսդրությանը համապատասխան:
Դատավոր Ա. Մելքումյանի հարցին, թե արդյոք կողմերը չեն ցանկանում հաշտություն կնքել, ստացվեց բացասական պատասխան: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի ապրիլի 13-ին:
Մեկնաբանել