HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կյանքով լի մարդ էր, հայրենի հողը, սակայն, ավելի թանկ էր»,- ասում է զոհված Գնել Ֆիդանյանի եղբայրը

Ամեն առավոտ Գնելը բացում էր մեքենաշինական արհեստանոցը Արմավիր քաղաքում: Բեռնատար մեքենաների վարորդները շատ լավ գիտեին նրան: Բանակից վերադառնալուց հետո Գնելն սկսել էր զբաղվել փոքր, հետո մեծ մեքենաների վերանորոգմամբ: Կրտսեր եղբայրը՝ Վիրապն, ասում է՝ գործը լավ էր, կարողանում էր ընտանիքին ապահովել:

Հոկտեմբերի 10-ից հետո 35-ամյա Գնել Ֆիդանյանի անունը սեւ ժապավենների վրա հայտնվել է Մեծամորում, որտեղ բնակվում էր, ինչպես նաեւ հայրենի գյուղում՝ Արգինայում: Գնելի մահից մեկ ամիս անց էլ հարազատները նրա մասին շարունակում են խոսել ներկայով եւ արհեստանոցի կողքով անցնելիս էլ ասում են՝ Գնելի մոտ ենք:

Գնելը 11 տարեկան էր, երբ կրտսեր եղբայրը ծնվեց: Ճիշտ այն տարիքին, ինչ այսօր իր որդին է՝ Մինասը: Երբ որդին տեսել էր հոր անունով սեւ ժապավանները, հորեղբայրներին հարցրել էր, թե ինչու է Գնելի անունը գրված փողոցում: «Հերոս է, դրա համար»,- պատասխանել են: Որդին լռել էր, հարցեր չէր տվել: «Գնելի երկու երեխաները՝ Մինասն ու 5-ամյա Լիլիթը, դեռ չեն հասկանում կատարվածի լրջությունը: Երեխաները դեռ չգիտեն, որ ամբողջ կյանքում էլ չեն տեսնելու հորը: Երեխա են...»,- ասում է Վիրապ Ֆիդանյանը:

Գնելը ծնվել ու մեծացել է Արմավիրի մարզի Արգինա գյուղում: Երեք եղբայրներից ավագն էր: Ընտանիքում միայն ինքն էր արհեստավոր, իսկ երկու եղբայրները ոստիկան են աշխատում Մեծամորի ատոմակայանում: Երեք եղբայրների միջեւ կապը շատ ամուր էր: Նույնիսկ փոքր խնդրի դեպքում իրարից խորհուրդ էին հարցնում: Վիրապն ասում է, որ Գնելը շատ էր տարբերվում: Ցանկացած միջավայրում շուտ հարմարվում էր, մարդկանց շուտ էր մերվում, բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ: «Ասում էր՝ ինչքան կարաք, լավություն արեք»,- հիշում է փոքր եղբայրը:

Հարցերը ոնց էլ պտտվում են, հասնում են մի կետի՝ պատերազմին: Գնելը ոչ մեկին չէր ասել իր կամավորագրման մասին: Հոկտեմբերի 1-ին Արգինա էր գնացել (ընտանիքը բնակվում է Մեծամորում): Այդ օրը ծնողներին խնդրել էր պատմել ընտանիքի, իրենց մանկության ու պատանեկության մասին: Հրաժեշտ տալուց ծնողները զգացել էին, որ դա սովորական հաջողություն ասել չէր: Բայց չէին էլ ենթադրել, որ դա իրենց վերջին հանդիպումն էր լինելու: Այդ օրը Գնելը նաեւ այցելել էր գյուղում բնակվող հարազատներին, որոնցից շատերին միայն առիթից առիթ էր տեսնում: Բոլորին հրաժեշտ էր տվել: Հաջորդ օրը կնոջն ու երեխաներին տարել էր աներոջ տուն: Երեւանում զենք ստանալուց հետո զանգել էր կնոջն ու հայտնել կամավորագրվելու մասին, ապա ասել, որ պայուսակի մեջ գումար կա, թող ծախսեն մինչեւ իր վերադառնալը:

«Հոկտեմբերի 3-ի առավոտ շուտ զանգեց, ասեց՝ եկեք ավտոս տարեք, պատերազմ եմ գնում: Սեւոն (միջնեկ եղբայրը՝ Սեւակը- հեղ.) զարմացավ: Գնելն էլ ասեց՝ տենց ոնց կլինի, էնտեղ պատերազմ լինի, մենք էստեղ նստած լինենք»,- հիշում է Վիրապը:

Վերջինս 2016-ի քառօրյա պատերազմի մասնակից է: Այն ժամանակ Գնելն ու Սեւակը կամավորագրվել էին: Վիրապն ասում է՝ պատերազմը շուտ ավարտվեց, եղբայրները չհասցրեցին մասնակցել: «Մաման միշտ ասում էր՝ Վիրոյից էի վախենում, մտածում էի՝ Վիրապն ավելի շուտ կգնա: Միշտ զանգում էր Գնելին, ասում՝ ուշադիր եղի, քառօրյայի մասնակից ա, հաստատ կուզենա մասնակցել կռվին»,- հիշում է Վիրապը:

Քանի որ նա ու Սեւակը ոստիկանական համակարգում էին, ամեն րոպե կարող էին մեկնել ռազմաճակատ: Վիրապն ասում է, որ այդ դեպքում ընտանիքի երրորդ եղբայրը ազատվում է պատերազմին մասնակցելուց: Դրա համար էլ այդ օրերին ինքը հաճախ էր գնում Մեծամորի փոստ՝ ստուգելու, թե արդյոք Գնելին ծանուցագիր եկել է:

Պատերազմի սկսվելուց 15 օր առաջ Գնելի ձեռքի դաստակը վիրահատել էին։ Վիրահատական կարերը չէին էլ հասցրել քանդել, ռազմաճակատ վիրակապով էր գնացել: Վիրապը պատմում է, որ չէին էլ նկատել ավագ եղբոր կամավորագրվելու մտադրությունը, բացարձակ ցույց չէր տվել:

Եղբայրները Գնելին վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 4-ի երեկոյան զորամասի բակում: Դրան նախորդող օրն էլ, այդ օրն էլ խնդրել էին հետ կանգնել պատերազմին մասնակցելու մտքից, բայց ավագ եղբայրն անդրդվելի էր: Վիրապի ասելով՝ առհասարակ նրան դժվար էր համոզել մի բանում, եթե արդեն մտադրվել էր:

-Ամսի 4-ի երեկոյան զանգեցի, արդեն Երեւանում էր: Ընկերներն էլ էին էնտեղ: Ասեցի՝ գնամ, փորձեմ համոզեմ, որ հետ գա, չնայած գիտեի, որ եթե մի բան որոշել ա, անելու ա: Ընկերներն ասեցին՝ պահը գա, սաղս էլ գնալու ենք: Ինքն էլ ասեց՝ սրանից ավել էլ ի՞նչ պահ պիտի լինի, պիտի գան մեր կնանիքին ու էրեխեքին սպանե՞ն, որ նոր պահը գա: Էնտեղ կռվում են, մենք էստեղ նստում ենք, բա մենք ապրելու իրավունք ունե՞նք: Ո՞նց կարելի ա 18 տարեկաններին մենակ թողնել: Սեղան նստելիս ամեն երրորդ բառը բանակի մասին ա, հիմա պիտի գնանք նրանց պաշտպանենք, ոչ մեկս չենք գնում»,- Գնելի ասածն է հիշում է Վիրապը՝ կարծես, վերապրելով վերջին հանդիպման վայրկյանները: Նրան չեմ ընդհատում, պարզապես լսում եմ: Հետո Վիրապը հոգոց է հանում, ասում է՝ մինչեւ հիմա հրաժեշտի հանդիպման վերջին կադրն է աչքերի առաջ:

-Վերջին հանդիպմանը, անկեղծ ասած, ես էլ, ախպերս անընդհատ լացում էինք: Ջղայնացավ, ասեց՝ փոխանակ դուխ տաք․․․ Վերջին կադրն եմ հիշում, աչքերիս դեմն ա. գնաց, շրջվեց նայեց, Սովետաշենի զորամասի դարպասների մոտ էինք, ավտոբուսը կանգնած էր, հաջող արեց ու գնաց: Էդ եղավ»,- պատմում է Վիրապը:

Հոկտեմբերի 5-ին Գնելի որդու 11-ամյակն էր: Հայրը նրան շնորհավորել էր ռազմաճակատից՝ Ջաբրայիլից: Մինչեւ ամսի 10-ը ամեն գիշերը՝ ժամը 2-ից հետո զանգում էր տնեցիներին: Հոկտեմբերի 10-ին լույս գիշերը Սեւակի հետ խոսելիս ասել էր, որ հեռախոսի լիցք չունի, բայց ամեն բան լավ է:

-Էդ ամբողջ օրը Սեւակը փորձել է զանգել: Աշխատանքի տեղում էինք: Ասեց՝ Վիր, սիրտս տեղից թռնում ա, սենց բան չի եղել ինձ հետ: Ես սկսեցի փորձել զանգել: 10 րոպեն մեկ զանգում էի: Հետո մի ուրիշ համար կար, լուսադեմին զանգեցի էդ համարին, ընկերներից մեկը վերցրեց: Ասեցի՝ Գնելին կտա՞ս, ասեց՝ մոտս չի: Ջոկեցի, որ լեզվի տակ մի բան կա, ցրում ա, ասեց՝ չեմ իմանում, հետո զանգեք: Զանգեցի ախպորս, ասեցի՝ Սեւ, մի բան էն չի, երեւի վիրավոր ա: Չէինք մտածում, որ կարող ա զոհված լիներ: Վախենում էինք մտածել էդ փաստի մասին: Իսկ ինչից վախենում ես, էդ մասին չես ուզում մտածել: Հետո մի քանի անգամ զանգեցի, ասեցի՝ ճիշտն ասա՝ հո վիրավոր չի՞, ասեց՝ չէ, զոհվել ա,- վերհիշում է կրտսեր եղբայրը, հետո ձայնը նվաղում է: Ասում է՝ մինչեւ հիմա չի կարողանում հաշտվել եղբոր մշտական բացակայության հետ, այն մտքի հետ, որ նրան այլեւս չի տեսնելու:

Վիրապի ասելով՝ մարտական ընկերները պատմել են եղբոր կյանքի վերջին վայրկյանների մասին: Գնելը հետախուզական դասակի հրամանատար էր: Զոհվելու օրն առաջադրանքը կատարել էր, անգամ թշնամու երկու զրահաբաճկոն էր բերել: Խրամատ հասնելուն 5 քայլ էր մնացել, անօդաչու թռչող սարքի թիրախում էր հայտնվել: ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել էր, զինակիցները փորձել էին տեղափոխել, ասել էր, որ իրեն թողնեն, գնան 18 տարեկաններին օգնեն, ինքը չի ապրի: Վայրկյաններ անց մահացել էր: «Էլի շատ շնորհակալ ենք էդ տղերքին, որ չեն թողել էնտեղ: Տեսեք ուր ենք հասել, որ մարդիկ դիակը տեսնում են, ասում են՝ էլի փառք աստծո, որ դիակը կա, հողին հանձնենք»,- ասում է Վիրապը ու ձայնը դարձյալ կորում է:

Վիրապն այս տարվա փետրվարին է ամուսնացել: Հարսանիքի պատրաստության, կազմակերպման գործի մեծ մասը Գնելն էր արել՝ սրահը գտել էր, լուսանկարիչներին էր տարել: «Որ լուսանկարիչներին բերեց, ասեց՝ տեսեք հա, ամենաշատն ինձ եք նկարում: Շատ հումորով էր,- նշում է եղբայրը,- Գնելն էս կյանքը շատ-շատ էր սիրում, էս տարի տեղ չկար, որ չգնար, ասում էր՝ աշխարհում մեռնել կա, սաղ սրբերը գնաց էս տարի, ման եկավ... Կյանքով լի մարդ էր, հայրենի հողը, սակայն, ավելի թանկ էր...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter