
Հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ եւ մոտենալ Խծաբերդ գյուղին
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև՝ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը։ Ստեղծված իրադրությունը որևէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարության առանցքային պահանջի՝ մարտական գործողությունների դադարեցման հետ և վտանգում է փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիվ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
ՊՆ-ն հավելում է, որ ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության կայքից
Մեկնաբանել