HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Նստեցի գետնին, սկսեցի բղավել, իսկ կողքս լալիս էին վիրավոր ընկերներս». սիրիացի վարձկանները պատմել են արցախյան պատերազմի մասին

Ադրբեջանը և Թուրքիան հերքում են սիրիացի վարձկանների մասնակցությունը արցախյան վերջին պատերազմին։ Սակայն սիրիացի 4 վարձկաններ BBC-ի հոդվածագիր Էդ Բաթլերին պատմել են, թե ինչպես էին վարձվել Ադրբեջանում պարեկային ծառայություն իրականացնելու համար, սակայն հայտնվել էին պատերազմի դաշտում։ 

Վարձկաններից մեկը պատմել է, որ այս տարվա օգոստոս ամսին Սիրիայի հյուսիսում, որը վերահսկվում է երկրի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից, լուրեր են տարածվել, որ արտասահմանում աշխատանք կա, որի համար վատ չեն վարձատրում։ «Ես մի ընկեր ունեի, որն ասաց՝ շատ լավ գործ կա, հենց քո համար է, պետք է միայն կանգնել Ադրբեջանի հսկից անցագրային կետերում»,- շարունակել է վարձկանը։ 

«Մեզ ասացին, որ ծառայության էությունը կայանում է նրանում, որ ժամերով կանգնենք սահմանին, ինչպես խաղաղապահները։ Եվ առաջարկեց ամսական 2000 դոլար։ Մեզ համար դա մի ամբողջ կարողություն է»,- նշել է մյուս վարձկանը, որին BBC-ի հոդվածագիրը պայմանական Քութայիբ անունն է տվել։ Երկու վարձկաններն էլ հավաքագրվել են Թուրքիայի կողմից հովանավորվող Սիրիական ազգային բանակի կողմից։

Սիրիայի այն հատվածում, որտեղ շատ քչերն են օրական մեկ դոլարից ավելին աշխատում, աշխատավարձի այդ չափը թվում է անհավանական։ Առկա տվյալների համաձայն՝ թուրքական ռազմաօդային ինքնաթիռների միջոցով 1500-2000 մարդ Սիրիայից հավաքագրվել և ուղարկվել է Ադրբեջան։ Վարձկանները նշում են, որ շուտով պարզ է դարձել, թե ինչ աշխատանք նրանք պետք է կատարեին Ադրբեջանում։ Վարձկանները, որոնց մեծ մասը չի ունեցել ռազմական որևէ պատրաստություն, ուղարկվել են ռազմաճակատ և հրամայել կռվել։ «Ես հույս չունեի, որ ողջ կմնամ։ Թվում էր, որ շանսը 100-ից 1-ն է։ Մահն ամենուրեք էր»,- նշել է Քութայիբը։

Վարձկանները, որոնց հետ խոսել է հոդվածագիրը, պատերազմի ողջ ընթացքում եղել են ակտիվ մարտական գործողությունների շրջանում։ Նրանք հրաժարվել են հրապարակել իրենց իրական անունները՝ վախենալով, որ Սիրիայում դաշտային հրամանատարները կպատժեն իրենց։ «Իմ առաջին կռիվը եղել է ժամանման հաջորդ օրը։ Ինձ ու ևս 30 տղաների ուղարկեցին առաջնագիծ։ Այնտեղ մենք չէինք էլ անցել 50 մետր, երբ մոտակայքում հրթիռ պայթեց։ Ես պառկեցի գետնին։ Անդադար կրակահերթը տևեց 30 րոպե, իսկ յուրաքանչյուր րոպեն տարի էր թվում։ Այն ժամանակ ես շատ էի ցավում, որ եկել եմ Ադրբեջան»,- պատմել է Իսմայիլը։ Սամիրն էլ պատմել է, որ նրանք չգիտեին, թե ինչ պետք է անեին և իրենց ինչպես պետք է պահեին։ Նրա խոսքերով՝ ինքը և իր բազմաթիվ ընկերներ չունեին որևէ մարտական փորձ։

«Ես տեսնում էի, թե ինչպես են իմ կողքին մահանում մարդիկ։ Մյուսները խենթի նման փախչում էին այս ու այն կողմ։ Փաստացի, նրանք քաղաքացիական անձինք էին»,- հավելել է Սամիրը։

Բոլոր չորս վարձկաններն էլ Բաթլերին պատմել են, որ չեն ունեցել պաշտպանիչ միջոցներ և բժշկական օգնություն։ Նրա հետ ժամանածների մեծ մասը արնաքամ է եղել, որոնց սակայն բուժօգնություն չեն տրամադրել ադրբեջանցի ռազմական բժիշկները։

«Ամենածանր պահն այն էր, երբ սպանեցին իմ ծանոթին։ Նա կանգնած էր ինձնից մոտ 20 մետր հեռավորության վրա, երբ պայթեց արկը։ Ես տեսա, թե նա ինչպես ընկավ։ Նա բղավում էր և ինձ կանչում, իսկ ես ոչինչ չէի կարող անել։ Մեր միջև առկա տարածությունը գնդակոծվում էր։ Նա մահացավ իմ աչքի առաջ»,- նշել է Իսմայիլը։ 

Սիրիացի մեկ այլ վարձկան էլ պատմել է, որ հրետանային արկակոծության պատճառով վախից անշարժացել է։ «Ես հիշում եմ, որ նստեցի գետնին, սկսեցի բղավել և լալ, իսկ կողքս ճչում և լալիս էին վիրավոր ընկերներս։ Բեկորը հայտնվել էր տղաներից մեկի գլխում։ Նա տեղում մահացավ… Ամեն օր դա իմ աչքի առջև է։ Երբ գալիս են հիշողությունները, ես նստում ու լալիս եմ, նույնիսկ հիմա։ Պատկերացում չունեմ, թե ինչպես է ինձ հաջողվել ողջ մնալ»,- պատմում է սիրիացի վարձկանը։

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը, որը գործում է Լոնդոնում, հայտնել է ավելի քան 500 զոհված սիրիացիների մասին։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանի զոհերի թիվը կազմում է 2783։ Սիրիացի վարձկանների մասով ադրբեջանական աղբյուրները լռում են, իսկ պաշտոնական Բաքուն չի ընդունում, որ նրանք կարող են լինել զոհվածների մեջ։ «Մենք չենք օգտագործում վարձկաններին։ Հակամարտության սկզբից որևէ պետություն չի հրապարակել որևէ ապացույց»,- դեռ հոկտեմբերին Ալիևը հայտարարել էր ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հոդվածագիրն իր հոդվածում անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարձկանների կիրառման պատճառների մասին։ Վաշինգտոնում CNA ոչ կառավարական հետազոտական կենտրոնի ռուսական ծրագրերի ղեկավար, ռազմական վերլուծաբան Մայքլ Քոֆմանը կարծում է, որ Ադրբեջանը ձգտել է այդպիսով կրճատել սեփական կորուստները։

«Այդ վարձկանները կիրառվել են որպես մսաղացի ապրանք։ Նրանց հարձակման են ուղարկվել առաջին էշելոն, հատկապես հարավում, որտեղ հարձակվողներն էական կորուստներ են ունեցել։ Սա ցինիկ, սակայն հասկանալի հաշվարկ է։ Թող չմահանան ադրբեջանցիները, իսկ վարձկանները ոչ մեկին չեն հետաքրքրում»,- նշել է Քոֆմանը։

Վաշինգտոնի Գլոբալ քաղաքականության կենտրոնի աշխատակից Էլիզաբեթ Ցուրկովն էլ, խոսելով մի քանի տասնյակ սիրիացիների հետ, որոնք մասնակցել են արցախյան պատերազմին, համաձայն է, որ նրանք օգտագործվել են որպես «մսաղացի ապրանք»։ «Նրանք էժան էին։ Նրանց, առանց պատրաստության, հնարավոր էր ուղարկել առաջնագիծ, տալ «կալաշնիկով» և ասել՝ առաջ, գրավե՛ք այն բարձրունքը կամ էլ անտառը»,- նշել է Ցուրկովը։ Ըստ նրա՝  սիրիացիները ծայրահեղ աղքատ են և դրա համար էլ պատրաստ են ռիսկի դիմել։

Ցուրկովը պնդում է, որ սիրիացիներից շատերը վայր են դրել զենքը և հրաժարվել կռվել։ Հոդվածագրի չորս զրուցակիցներից երկուսն այդպես են վարվել, իսկ նրանցից մեկը համացանցում տեղադրել է զորանոցի դիմաց «ապստամբների» տեսանյութը։ «Ղեկավարները սկսեցին սպառնալ, որ մեզ ինն ամսով կուղարկեն ադրբեջանական բանտեր և Սիրիայում մեզ նույնպես կձերբակալեն։ Սակայն մեր թիվը հասնում էր մոտ 500-ի և այդքան էլ հեշտ չէր մեր հարցերը լուծելը։ Նրանք ցուցակ էին կազմել, իսկ հինգ կամ վեց օր անց եկան և ասացին, որ մենք մեկնում ենք»,- պատմել է Սամիրը։

Վարձկանները պնդում են, որ խոստացված երկու հազար դոլարից նրանք չեն ստացել ոչ մի ցենտ, իսկ ոմանց հետ չեն տվել նույնիսկ անձնական իրերը, որոնցով եկել էին Ադրբեջան։ Սամիրը BBC-ի հոդվածագիր Էդ Բաթլերին հայտնել է, որ Սիրիա վերադառնալուց հետո, «ապստամբության» գլխավոր չորս կազմակերպիչները սպանվել են, սակայն այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել։

Բաթլերը գրում է, որ մինչ Բաքուն յուրացնում է իրեն անցած տարածքները, Սիրիայում նախկին վարձկանները շարունակում են մտածել անցած օրերի մասին։ «Ես մեղքի զգացում ունեմ, որ վարձկան եմ եղել, ես ամաչում եմ։ Երբ մարդիկ հարցնում են, թե արդյոք ես մեկնել եմ այնտեղ, ես պատասխանում եմ՝ ո՛չ, չնայած գիտեմ, որ նրանք վստահ են, որ ստում եմ»,- պատմել է Սամիրը։

Վերջին օրերին Սիրիայում սկսել են նոր լուրեր շրջանառվել այն մասին, որ կառավարությանը պատկանող շրջաններում նոր հավաքագրում է սկսվել։ Լուրերի համաձայն՝ ռուսական միջնորդները վարձում են Ասադի բանակի նախկին զինծառայողներին, որպեսզի ուղարկեն Վենեսուելա՝ մասնակցելու նավթային արդյունաբերության օբյեկտների պահպանությանը։ Այս տեղեկատվությունը ևս դժվար է ստուգել։ 

«Սիրիան և նրա տնտեսությունն այնքան են վնասվել, որ ցանկացածը կարող է էժան գներով վարձկաններ գտնել։ Անթիվ տառապանքներից հետո՝ հարազատ տներից վտարում, քիմիական զենք, սով, շրջափակում, բանտերում զանգվածային սպանություններ, սիրիացիները սկսել են ցածր գնահատել սեփական կյանքը։ Աշխարհն էլ նրանց վերաբերում է որպես խամաճիկների»,- նշել է Ցուրկովը։

Հոդվածի վերջում Բաթլերը Սամիրին հարցրել է, թե ինչ կուզեր ասել նա հայրենակիցներին, որոնց շահագրգռում են աշխատել արտասահմանում։

«Ես կասեի՝ դուք ամեն ինչ կկորցնեք, ներառյալ սեփական արժանապատվությունը, հնարավոր է նաև կյանքը։ Նույնիսկ եթե դուք աղքատ եք, ավելի լավ է աղքատ մնալ Սիրիայում, քան պատերազմել տնից հեռու մի բանի համար, ինչից անգամ գաղափար չունես»,- պատասխանել է նախկին վարձկանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter