HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախույզը Ջավախքից. մայոր Սարգիս Աղջոյանը զոհվեց Հադրութի համար

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Նարինեն արթնացել է Ստեփանակերտի իրենց վարձով բնակարանում` պայթյունների ձայներից: Մտածել է, թե բնակելի շենքերի տանիքների վերանորոգման շրջանակներում հերթը հասել է նաև իրենց շենքի տանիքին: Պայթյունների ձայները, սակայն, կրկնվել են: Նարինեն իրենց պատուհանից երևացող զորամասի կողմում ծուխ է նկատել և միանգամից հասկացել, որ հարձակում է տեղի ունեցել: Շուտով հնչել է նաև օդային տագնապը: Նորից պատերազմ է: 32-ամյա Նարինեի ապրած 3-րդ պատերազմն էր սկսվել: Այս անգամ կորուստը ամենացավոտն էր լինելու:  

Արցախյան ազատամարտի` 90-ականների պատերազմում Նարինե Սարգսյանը կորցրել էր հորեղբորը, մորաքրոջ որդուն, իսկ հայրը հաշմանդամություն էր ձեռք բերել: Հոկտեմբերի 18-ին լսեց ամուսնու` հետախույզ, մայոր Սարգիս Աղջոյանի զոհվելու լուրը:

Սեպտեմբերի 27-ին` կիրակի օրը, Սարգիսը սովորականի նման սափրվել և շտապել է զորամաս: Կիրակին սովորաբար նրա հերթապահության օրն էր զորամասում: Երեխաներին նկուղ իջեցնելուց հետո Նարինեն և Սարգիսը բարձրացել են բնակարան: «Ես ասում էի` Սաքո', ի՞նչ սափրվել, պատերազմ է: Ասաց` Նարինե, մի խառնվի: Սափրվեց ու դուրս էր գալիս: Մուտքի մոտ սկսեցի լացել, ձեռքս բռնեց, ասեց` բան չի լինի, մի լացի: Մեր վերջին հանդիպումն էր…»,- արցունքները խեղճացնում են Նարինեի ձայնը:

Այդ օրը Սարգսի եղբայրը` Սամվելը, Երևանից եկել և Նարինեին ու երեխաներին տեղափոխել է Գյումրի` իրենց մորաքրոջ տուն, որտեղ էլ Նարինեն մնացել է մինչև ամուսնու զոհվելու լուրը լսելը:

Ինչպես ջավախքցի Սարգիսը դարձավ հետախույզ

Սարգիս Աղջոյանը ծնվել է 1987թ. օգոստոսի 7-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում: Այնտեղ ապրել է մինչև 12 տարեկանը, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Նինոծմինդա: Նինոծմինդայի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից, ստացել ՀՀ քաղաքացիություն, որպեսզի կարողանա ընդունվել և սովորել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

2005-2009թթ. սովորել և ավարտել է ռազմական բուհը որպես հետախույզ և անմիջապես տեղափոխվել Արցախ` ծառայության: Նշանակվել է հետախուզական դասակի, այնուհետև վաշտի հրամանատար, իսկ վերջին երկու տարիներին հետախուզական N զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալն էր` մայորի կոչումով:   

Պատերազմի ժամանակ որպես հետախույզ գնացել է ռազմաճակատ, նախ՝ Մատաղիս, այնուհետև` Հադրութ: Հադրութի մերձակայքում հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ մայոր Աղջոյանը զոհվել է` պարանոցին հասցված հրազենային վիրավորումից:

«Ինձ թվում էր, որ ինքը զորամասի զամպալիտն է, առաջնագիծ չի գնա: Մինչ իր գնալն էնքան մարդիկ կան, որ պիտի գնան: Երբ զանգում էր, միշտ ձայնը հանդարտ էր, ես էլ հանգիստ էի, որ ինքը զորամասում է, բայց, փաստորեն, ինքն առաջին գնացողների շարքում է եղել: Ծառայակից ընկերը պատմում է, որ իրենց զորամասից 3 հոգի հրաժարվել է գնալ, իսկ ինքը առաջիններից մեկն է մեկնել»,- ասում է Նարինեն:

Ինչպես հանդիպեցին ջավախքցի Սարգիսն ու արցախցի Նարինեն

Ջավախքցի Սարգիսն ու արցախցի Նարինեն առաջին անգամ հանդիպել են 2010թ. Ստեփանակերտի եկեղեցու բակում: Նարինեն ասում է` եկեղեցին իրենց միավորել, բայց նաև բաժանել է: Ամուսնու մահվան լուրն էլ ստացել է Գյումրիի եկեղեցու բակում: «Աստված այդպես կամեցավ, որ իր տան առաջ հանդիպենք, իր տան առաջ էլ բաժանվենք»,- հուզմունքից՝ Նարինեն մի կերպ է արտաբերում բառերը:

-Մամա, մի լացի,-կողքից հորդորում է Նարինեի 3-ամյա որդին:

2011թ. հունիսի 30-ին` Նարինեի ծննդյան օրը, զույգն ամուսնացել է: Յոթ օր և յոթ գիշեր հարսանիք են արել. նախ՝ Արցախում, այնուհետև` Ջավախքում:

Ամուսնու հետ համատեղ կյանքի 9 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը Նարինեն գորովանքով է հիշում, չնայած միասին շատ դժվարություններ են հաղթահարել: 6 տարի երեխա չունենալուց հետո վերջապես զույգի են սպասել, սակայն 2016թ.-ի քառօրյա պատերազմի նախօրեին Նարինեն կորցրել է նրանց: 2017թ. մայիսին, երկրորդ ծանր հղիությունից հետո լույս աշխարհ են եկել Սարգսի և Նարինեի երկվորյակները` Հովհաննեսը և Մարիան:

«Այդ դժվարություններից հետո կարծես կյանքը սկսել էր ժպտալ, ոչ մի դժվարություն էլ չպիտի լիներ, էն էլ պատերազմը սկսվեց: Իբր կյանքը պիտի մեզ համար շարունակվեր, ապրեինք, վայելեինք, այն էլ` ավարտվեց»,- ասում է Նարինեն:

Զուսպ հետախույզը և հոգատար ամուսինը

Ջավախքցուն հատուկ տաքարյունությունը բնորոշ չէր Սարգսին: Միշտ հավասարակշռված էր, ծանրակշիռ, զուսպ ու հանգիստ բնավորության տեր:

Ամուսնու ներկայությունը Նարինեն միշտ զգացել է կողքին: Ասում է` և' ընկեր էր, և' ընկերուհի, և' հայր ու մայր: Առաջնեկների կորստի ժամանակ ամուսնու հոգատարության շնորհիվ Նարինեն կարողացել է դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, հաղթահարել ճգնաժամը: Ամեն կերպ աջակցել է կնոջ մասնագիտական աճին (Նարինեն մասնագիտությամբ մաթեմատիկոս է):

«Սարգիսն իմ կայացման մեջ մեծ դեր ունի: Իմ ձեռքբերումներով շատ էր ուրախանում: Անցյալ տարի թեկնածուականս պաշտպանեցի մաթեմատիկայի գծով: Դժվար էր երեխաների հետ գնալ Երևան ու հետ գալ անընդհատ: Ասում էր` ես երեխեքին կպահեմ, դու գնա հոդվածներդ գրի, դիսերտացիայիդ պատրաստվի: Ինքն էլ ներկա էր իմ պաշտպանությանը: Հանձնաժողովի անդամները նկատել էին, թե ինչքան հոգատար ու ուրախ էր իմ հաջողություններով,-պատմում է Նարինեն:-Արտակարգ ամուսին ու հայր էր: Չափազանց բարի էր: Ծնված օրվանից աղջկաս ինքն էր պահում, տղայիս` ես: Միայն կերակրելիս էի ես պահում, մնացած ողջ ընթացքում ինձ հետ հավասար պահում էր գիշերը ու առավոտ վեր կենում, գնում գործի»:

Նարինեն ասում է, որ ամուսինը չնայած սիրում էր իր հայրենի Ջավախքը, բայց նաև Արցախն էր շատ սիրում: Իրենց ընտանիքի ապագան էլ Արցախում է պատկերացրել: Բնակարանի համար հերթագրվելիս նախընտրությունը տվել է Արցախին: Մեծ նպատակներ ուներ` հող առնել, ինչ-որ գործ ձեռնարկել  Արցախում: Նպատակները, սակայն, մնացել են Նարինեի հիշողություններում: Այս պահին Նարինեի նպատակները փոքր-ինչ փոխվել են. պետք է աշխատի իր երեխաներին ոտքի հանելու, կրթության տալու և լավ մարդ դաստիարակելու կարևոր նպատակի համար, այնպես, ինչպես ուզում էր ամուսինը: Դժվարանում է պատասխանել` կուզենա՞ վերադառնալ Արցախ և շարունակել ապրել Ստեփանակերտում, թե ոչ: «Ինչքան էլ չլինի` իմ ամեն ինչն այնտեղ է»,- ասում է նա: Բայց առայժմ ամուսնու ծնողների տանն է` Նինոծմինդայում, որտեղ և հուղարկավորվել է Սարգիսը:  

Նարինեն զայրացած է Արցախից խլված և հակառակորդին տրված հողերի համար: Չի կարող հաշտվել այն մտքին, որ «ամուսնու արյան վրա թուրքն է ոտք դրել», իսկ հողերը հանձնվել են, այն հողը, որն անձնուրացաբար և հակառակորդի հետ դեմ առ դեմ պաշտպանել է ամուսինը:

«Նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրման օրը զգացի այն նույնը, ինչ հոկտեմբերի 18-ին էի զգացել, երբ լսեցի ամուսնուս մահվան լուրը: Մինչ այդ ասում էի` գոնե հաղթենք, ասեինք` արյան գնով հաղթանակ ունենք: Հիմա ի՞նչ ենք ասելու…»,- ասում է Նարինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter