HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ադրբեջան են վերադարձվել դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը

Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք 2014 թվականին ներթափանցել էին Արցախի Քարվաճառ քաղաք և սպանել երկու հայի, վերադարձվել են Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը։

Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության՝ վերադարձվել են նաև Ադրբեջանի այլ քաղաքացիներ։ Նշենք, որ արցախյան 2020թ․ պատերազմից հետո հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման, թեև գործընթացը գաղտնի է արվում, և շատ հարցեր հանրության համար դեռևս անպատասխան են մնում։

Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը ներխուժել էին Արցախի Քարվաճառ քաղաք, սպանել էին Արցախի Հանրապետության քաղաքացի, 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, ինչպես նաև վիրավորել ՀՀ մեկ այլ քաղաքացու՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման պահին Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը Ասկերովին դատապատել էր ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:

Դեկտեմբերի 14-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում նշել էր, որ շատ շուտով սպասվում է հայ գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկը։ Այսօր՝ 18։40-ի սահմաններում էլ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»:

Լուսանկարը հրապարակել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը / ձախից՝ Ասկերովը, աջից՝ Գուլիևը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter