
Մեկնարկել է «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում է «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի մեկնարկը, որի շրջանակներում շաբաթը մեկ նախաձեռնության անդամները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հնավայրեր և կմաքրեն դրանց շրջակա տարածքը:
«Բազմաթիվ հնավայրեր, որոնք համարվում են Հայաստանի պատմության անձնագիրը, այսօր լքյալ վիճակում են: Եկեղեցու, պատմության և մշակույթի բազմաթիվ բացառիկ հուշարձաններ անկախ Հայաստանի տարածքում այսօր կատարյալ անտերության են մատնված»,- նշվում է երիտասարդական նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան իրականացվում է մասնակիցների անձնական միջոցներով:
Նախօրեին երիտասարդները այցելել են Վայոց Ձորի մարզի Ցաղաց Քարի վանական համալիր (989թ.):
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում բոլոր հայ երիտասարդներին միանալ ակցիային' զանգահարելով (091) 60-07-44 հեռախոսահամարով:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հայտնի «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտասարդությանը' հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ:
Երիտասարդական նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ճանաչիր քո երկիրը» բացառապես երիտասարդների նախաձեռնությունն է, քաղաքականապես լիովին անկախ է և իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որևէ քաղաքական ուժի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել