HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանն այցելել է Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն գյուղեր

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր եղել է Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն գյուղերում, ուր այցելել էր՝ տեղում հասկանալու համար իրավիճակն ու Արցախի քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ադրբեջանական ուժերը սադրիչ գործողություններ էին կատարել հայկական ուժերի հսկողության տակ գտնվող, Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այցի մասին, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար: Մինչև հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանական զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով: Ողջունելի է, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել: Սակայն ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար:

Իրավիճակը ներկայացրել եմ Հանրապետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ:

Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի անվերապահ կերպով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter