
Ամեն գիշեր երեխաները համբուրում են հոր լուսանկարն ու գնում քնելու
Սաթենիկը լրագրասեղանին է դնում ամուսնու՝ մայոր Գառնիկ Խաչատրյանի պատվոգրերն ու մեդալների վկայագրերը: 4-ամյա Մարկն ու Մարիան արագ վազում են սեղանի մոտ ու առանց իրար հերթ տալու սկսում հավաքել պատվոգրերը:
-Էս իմ պապան ա,- պատվոգրերից մեկը մոտեցնելով մեզ՝ ասում է Մարկը: Քույրը ձգվում է սեղանի վրա, որպեսզի վերցնի անկյունում մնացած պատվոգիրը՝ «իմ պապան ա, իմ պապան ա»: Սաթենիկը լուռ հետեւում է երեխաներին:
-Ո՞ւր ա իմ պապան,- պատվոգրերը ձեռքերում պահելով՝ ասում է Մարիան:
-Նայի, պապան չի թողնում, որ թուրքը կրակի,- ասում է Մարկը, պատվոգրերից մեկի վրա նկարված տանկը ցույց տալով, ու հետո թղթերն ամուր գրկում: Քիչ անց լեգոներն է բերում: Դրանցով ավտովատ է սարքում ու դռան մոտ դարանակալելով՝ աջուձախ նայում, կրակում ու ասում, թե դիրքն արդեն իրենն է:
Սաթենիկը չի խոսում: Երեխաներին նայելով՝ ժպտում է: Ամեն գիշեր երեխաները հոր լուսանկարը համբուրում են, հետո գնում քնելու: Մայրը նրանց ասել է, որ հայրը հրեշտակ է դարձել: Մարիան՝ Մաշը, շատ է լացում: Սաթենիկն ասում է՝ լացում է ու ասում, որ միայն պապային է ուզում, ուրիշ ոչինչ: Իսկ ահա մեծ որդին՝ 11-ամյա Հուսիկը, ամեն բան հասկանում է: «Ինքը խեղդում ա իր մեջ իր էմոցիաները: Մի անգամ տարել եմ, որ մի րոպեով տեսնի (հոր հոգեհանգստի օրը- հեղ.) ու էլ չի եկել, ասեց՝ մամ, ես չեմ կարա գամ: Իր հետ շատ եմ խոսում, ուզում եմ, որ ինքնամփոփ չդառնա: Ասում է՝ մամ, ինձ մի ասա, որ պապան չկա, թող մոռանամ, որ չկա: Կորոնայի պատճառով Գառնիկին երեք ամիս չէինք տեսել, Մարտակերտում նորակոչիկներին էր վերապատրաստում: Ու հիմա Հուսիկին թվում է, թե հայրը դեռ էնտեղ է»,- նշում է 31-ամյա Սաթենիկ Եղիազարյանը:
Նոր Հաճընի մեկսենյականոց բնակարանում է բնակվում մայոր Գառնիկ Խաչատրյանի ընտանիքը՝ երեք երեխաներն ու կինը: Ծանոթներից մեկի բնակարանն է, որը ժամանակավոր են տրամադրել նրանց: Պատերազմի ժամանակ ամեն ինչ թողեցին Մատաղիսում ու եկան Հայաստան՝ այն հույսով, որ շուտով ամեն ինչ ավարտվելու է, եւ իրենք կրկին տուն են գնալու:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան մայոր Խաչատրյանը պատրաստվում էր զորամաս գնալ, ուժեղ պայթյունի ձայն էր լսվել, երեխաներն արդեն արթնացել էին: Սաթենիկն անհանգստացել էր, բայց ամուսինն ասել էր, որ պետք չէ վախենալ, մերոնք են կրակում՝ ի պատասխան թշնամու: Երկրորդ կրակոցից հետո տան պատուհանների ապակիները ջարդվել էին ու լցվել ներս: Գառնիկը գրկել էր երեխաներին ու վազելով իջեցրել ապաստարան: Սաթենիկը մնացել էր, որ հագուստ վերցներ երեխաների համար: Երբ Գառնիկը նկատել էր, որ կինը մնացել է վերեւում, բարձրացել էր տուն: Սաթենիկը, բացի երեխաների հագուստից, հասցրել էր նաեւ փաստաթղթերով մի թղթպանակ վերցնել, որը, հետո պարզվեց, ամուսնու պատվոգրերն էին: Սաթենիկն ասում է՝ հետաքրքիր պատահականություն էր, որ հենց դա ձեռքի տակ հայտնվեց: Նկուղում մոտ 30 երեխա էր հավաքվել, բոլորը՝ գիշերազգեստներով: Սաթենիկն իր վերցրած հագուստը բաժանել էր նաեւ նրանց:
«Մենք արդեն հասկանում էինք, որ պատերազմ է: Կրակոցից զգում ես, որ թիրախավորել են ոչ թե պոստերը, այլ խաղաղ բնակիչներին: Հրետանին էր աշխատում: Մեզ վրա կրակում էին, որ սպաների ուշադրությունը շեղեին»,- ասում է Սաթենիկը: 7 ժամ տեւած հրետակոծությունից հետո կարողացել էին նկուղից դուրս գալ, մեքենա նստել ու հասնել Հայաստան: Բնակիչների մի մասը Ստեփանակերտ էր գնացել: Շենքից միայն մի հղի կին էր վիրավորվել թեւից: Ստեփանակերտում ծննդաբերել էր, երեխայի անունն էլ Մոնթե էին դրել:
-Հիմա մեր շենքը ցույց տամ ձեզ,- հեռախոսի մեջ նկարները փնտրելով՝ ասում է զրուցակիցս:
-Հասցրե՞լ եք նկարել,- հարցնում եմ:
-Չէ, թուրքերը որ վերցրել էին շենքը, նկարել էին, գցել ինտերնետ,- պատասխանում է Սաթենիկը, ապա շարունակում,- էդ օրը գիտե՞ք ինչն ա տպավորվել իմ մեջ... Որ ես, ընկերուհիս ու մեր առաջին հարկի հարեւանը՝ առանձնացած մարդկանցից, նստած աղոթում էինք, ու երեքիս հետ էլ էդ դեպքը եղել ա՝ Գառնիկը, Մանվելն ու Երվանդը: Առաջինը շենքից Երվանդն ա զոհվել, մինչեւ էսօր չեն գտել դին, հետո փոխնգնդապետ Երվանդ Կարապետյանը, հետո՝ ամսի 2-ին, Գառնիկը: Վերջինս փետրվարին կդառնար 33 տարեկան:
Հոկտեմբերի 2-ի առավոտյան Սաթենիկը զանգել էր ամուսնուն, բայց զանգն անջատել էին: 12 տարվա ընթացքում Գառնիկը երբեք չէր անջատել կնոջ զանգը, նույնիսկ ժողովի ժամանակ կվերցներ ու շշուկով կասեր՝ «Սաթ, հետո կզանգեմ»: «Երբ անջատեցին հեռախոսը, զգացի, որ ինքը չէր»,- նշում է Սաթենիկը:
Գառնիկ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշում փոխհրաձգության ժամանակ: Զինակից ընկերները կնոջը պատմել են, որ մինչեւ վերջ մարտի մեջ է եղել ու դիպուկահարի կրակոցից է զոհվել: «Միշտ ասում եմ՝ խի՞ էդ անտեր կասկեն գլխիդ չի եղել: Գլխից է եղել վիրավորումը, բայց կարող է կասկեն ընկել է փոխհրաձգության ժամանակ: Մտածում եմ, որ մի օր Աստծո մոտ գնամ, առաջին հարցս էն ա լինելու, ինչի՞ ինքը»,- ասում է 31-ամյա կինը:
Սաթենիկն ու Գառնիկը Վարդենիսից են՝ Ծովակ ու Ակունք գյուղերից: Գառնիկը Սաթենիկին Վարդենիսում էր տեսել, հետո փախցրել: Սաթենիկի գրագիտությունը, խոսելու ձեւը գրավել էին նրան: «Որ 7 կյանք ունենայի ու 7 կյանքում էլ իմանայի, որ 12 տարի եմ ապրելու Գառնիկիս հետ, էդ 7 կյանքում էլ կընտրեի հենց Գառնիկին: Իր հետ ամեն մի տարին մի ամբողջ հավերժություն էր»,- ասում է այրիացած կինը:
Գառնիկն ավարտել էր ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 2008 թվականին ամուսնանալուց հետո տեղից տեղ էին տեղափոխվում՝ Բերդ, Սոթք, Չինարի, Այգեձոր, Կապան, իսկ վերջին կանգառը եղավ Մատաղիսը: Հուսիկը 6-րդ դասարան է, եւ արդեն 6 դպրոց է փոխել տեղափոխությունների պատճառով:
2015-ից մինչեւ պատերազմն սկսվելը մնացել են Մատաղիսում՝ սպաների համար նախատեսված շենքում: Երբ Գառնիկը որոշել էր տեղափոխվել Մատաղիս, կինը որոշման երկու դիմումները պատռել էր, սակայն ամուսինն անդրդվելի էր: «Որ Մատաղիս էի լսում, սարսափ էի զգում: Ինձ թվում էր՝ շատ մութ տեղ ա, բայց երբ գնացի, հավատացեք, սիրտս մտավ»,- ասում է զրուցակիցս: Զույգ երեխաները՝ Մարիան եւ Մարկը, ծնվել են Արցախում: Այդ ժամանակ էլ Սաթենիկը Հայաստանի գրանցումից դուրս էր եկել՝ ստանալով Արցախի գրանցում:
Սաթենիկն ամուսնու մասին պատմելիս միշտ ասում է՝ «Գառնիկս», երբեմն ժպիտը շողում է դեմքին, հետո վերափոխվում հուզմունքի: Դեմքին, կարծես, անընդհատ ալեկոծություններ են, որոնց ստուգող հայացքով հետեւում է Մարիան: Չնայած նոր տիկնիկով է զբաղված, որը նաեւ կերակրման սեղան, շիշ ու ափսե ունի, բայց աչքից ոչինչ չի վրիպում:
-Տիկնիկիդ անունն ի՞նչ ա,- հարցնում եմ, երբ տեսնում եմ, որ տիկնիկի սեղանիկը տեղափոխում է մահճակալի մոտ:
-Քաչալիկ,- ծիծաղելով պատասխանում է եղբայրը՝ Մարկը:
-Իյա, քաչալիկ չի, Դիանա ա,- պատասխանում է քույրը, հետո ասում, թե տիկնիկը նաեւ գլխարկ ունի:
Սաթենիկն ասում է՝ Գառնիկը հոգատար հայր էր: Ինչքան էլ ծանրաբեռնված լիներ, ժամանակ էր գտնում երեխաների հետ զբոսանքի համար: Իսկ այս ամռանը պատմամշակութային շատ վայրեր են այցելել միասին: «Գուցե հենց այս օրերի համար էր անում»,- ասում է Սաթենիկը: Գառնիկը երեխաներին միշտ խաղալիքներ էր առնում՝ ասելով, որ իր հայրը շուտ մահացավ, ու ինքն ուզում է, որ իր երեխաներն ամեն ինչ ունենան (Գառնիկի հայրը մահացել է 1993 թ., մայրը՝ 2014-ին):
-Գառնիկին վերջին անգամ նկուղում եմ տեսել, Մատաղիսում: Մինչեւ շրջվեցի, ինքն արդեն գնացել էր: Հետո զանգեց, ասեց՝ Սաթ, գնամ, էրեխեքս, շատ վիրավորներ ունեմ: Ասեցի՝ Գառնիկ, հաջող չարեցիր, գոնե էրեխեքին պաչեիր: Ասեց՝ Սաթ, չհասցրեցի, որովհետեւ լիքը վիրավորներ ունեի: Ես էլ ասեցի՝ ոչինչ, մի նեղվի, կգաս,- վերհիշում է կինը:
-Եթե ժամանակը հետ տային, ի՞նչ կասեիք նրան այդ պահին,- հարցնում եմ:
-Չգիտեմ, երեւի չէի թողնի, որ գնա, չնայած իրեն իմանալով՝ հաստատ կգնար:
Ընտանիքը Մատաղիսում թողել է ամեն բան՝ տունը, ավտոմեքենան, գույքը, նույնիսկ երեխաների հագուստը: Դրանք զրոյական արժեք ունեն Սաթենիկի համար, ասում է՝ ինքը միայն ուզում է, որ այդ ամենը ստեղծած մարդն իր կողքին լինի:
Հեռախոսով միասին նկարներն ենք նայում: 31-ամյա կինն ասում է՝ այսօր ամուսնուց ոչ մի մասունք չունի, որ երեխաներին հետագայում ցույց տա: Ամեն ինչ մնաց Մատաղիսում, անգամ զոհվելուց հետո նրա հագուստն ու հեռախոսը չեն բերել:
Հայաստան տեղափոխվելուց հետո Սաթենիկը դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այդտեղ ասել են, թե քանի որ Արցախի գրանցում ունի, պետք է դիմի Արցախի մարմիններին: «Ես շատ վիրավորվել եմ: Ինձ ասել են՝ կոպիտ ասած, դու այլեւս սպայի կին չես, դու այլեւս կարիքավոր ես: Ես կարիքավոր չեմ, ես զոհված արցախյան հերոսի կին եմ»,- ասում է Սաթենիկը:
Հետո ավելացնում է. «Միանգամից կյանքդ ջնջեցին, նոր թուղթը դրել են դիմացդ ու ասում են՝ հետ մի նայի, բայց չես կարող չնայել: Գառնիկն իմ կյանքի մասն է, չես կարող վերցնել եւ մոռանալ: Մահը հաղթեց Գառնիկին, բայց միայն մի պահ, չիմացավ, որ Գառնիկն անմահացել է»:
Սաթենիկը մտքում միշտ խոսում է ամուսնու նկարի հետ: Հիմա ամեն բան անելիս ուզում է, որ ամուսնու սրտով լինի: Մարիայի նոր տիկնիկն օրեր առաջ էր գնել: Ասում է, թե երբ խանութ էր մտել ինչ-որ ձայն կարծես հուշել էր, որ գնի տիկնիկը:
Տնից դուրս գալուց առաջ Հուսիկն է ներս մտնում: Մեր զրույցի ժամանակ բակ էր իջել: 11-ամյա տղան, կարծես, ավելի շատ բան է հասկանում, քան առաջին հայացքից կարող է թվալ: Հայրը ցանկանում էր, որ Հուսիկը ռազմական բժիշկ դառնա: Նա էլ որոշել է, որ վիրաբույժ է դառնալու:
Արդեն կեսօր էր, երբ հրաժեշտ տվեցինք նրանց: Տան նեղ միջանցքում Գառնիկի անկյունն է՝ լուսանկարներ, մոմեր: Կիրակի էր, եւ Սաթենիկը խունկ էր վառել: Ամեն շաբաթ գերեզման չեն կարողանում գնալ: Ամուսինը հուղարկավորվել է հայրենի գյուղում՝ Ակունքում: «Երեւի Աստծուն բանակ էր պետք, դրա համար իրեն տարավ: Եթե նկատել եք, նա ամենալավ մարդկանց է տարել»,- ասում է նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել