HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նազելի Բաղդասարյան. «Ամենասեղմ ժամկետում գերիների փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում»

Վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դռնփակ հանդիպման օրակարգում եղել է թե՛ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, թե՛ ներքաղաքական հարցերը, ինչպես նաև սահմանային իրավիճակը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև քաղաքական թիմի ներկայացուցիչներ Կառավարությունից: Քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների փոխանակման երկրորդ փուլի տրամաբանությունը: Բաղդասարյանը չհստակեցրեց, թե նրանց թիվը որքան է, սակայն ընդգծեց` 44-ից էականորեն պակաս է: Պատգամավորը նաև ողջամիտ կասկած հայտնեց, որ բացի Ադրբեջանի կողմից հաստատված գերիների թվից, հնարավոր է այլ անձինք ևս գերու կարգավիճակով լինեն, ինչը Ադրբեջանը չի հաստատում:

«Հանդիպումից առաջ վարչապետը հանդիպել է այն անձանց հետ, որոնց հարազատները կամ գերեվարության մեջ են կամ անհետ կորած, ամենասեղմ ժամկետում գերիների փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում»,-ասաց Նազելի Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Խծաբերդ գյուղերին, որոնց ինքնապաշտպանությունն իրականացնում էին տեղի բնակիչները, սակայն ադրբեջանական բանակը դեկտեմբերի 12-ին նախահարձակ էր եղել գյուղերի ուղղությամբ, պատգամավորը պատասխանեց.

«Որոշակի հատվածներում, որտեղ դեռ չճտված մոտեցումներ կան, թե այդ տարածքների հանդեպ ինչպիսի վերահսկողություն է լինելու, այս պահին քննարկվում է ռուս խաղապահների հետ, որպեսզի տեղաբաշխումը լինի ամբողջ ծավալով: Բացառելու համար այն խնդիրները, որ հանգստյան օրերին ականատես եղանք, սրա առիթով վարչապետը ուղիղ կապի մեջ է ՌԴ նախագահի հետ, և գործողությունների ու քայլերի տրամաբանությունը քննարկում է»:

Քաղաքական մեծամասնության պատգամավորի ունեցած տեղեկություններով` այդ գյուղերում ռուս խաղաղապահներն են գտնվում:

Բաղդասարյանը հիշեցրեց, որ դեռ մեկ ամիս առաջ Փաշինյանը հրապարակել էր առաջիկա վեց ամիսների ճանապարհային քարտեզ, որտեղ խոսվում էր նաև «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին: «Կուսակցությունների մասին» օրենքը խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է: Պատգամավորը նաև չբացառեց որևէ փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter