Անհետ կորածների հարազատները զայրացած և հուսահատ սպասում են ՊՆ-ի պատասխանին
Արցախում պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հավաքվել են պաշտպանության նախարարության դարպասների մոտ։
Հարազատները ՊՆ–ի անցակետում ծառայություն իրականացնող զինառայողներից պահանջեցին, որ թույլ տան ներս մտնել՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Նրանցից մի տղամարդ զայրացած սկսեց հարվածել անցակետի երկաթյա ճաղավանդակներին, սակայն պարդյուն, որևէ արձագանք չեղավ, դուռը չբացեցին։
Ճարահատյալ մի քանի տղամարդ ուժ գործադրելով բացեց ճաղավանդակը և հարազատ մուտք գործեցին անցագրային կետ։ Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները պատ կազմեցին, որպեսզի հարզատների մեծ մասի մուտքը ՊՆ վարչական համալիրի տարածք թույլ չտան։
Մինչ պաշտպանության նախարարության շենքում էր գտնվում անհետ կորած զինծառայողների հարազատների մի խումբը, մյուս մասը անցակետի մոտ սպասում էր։
Այդ ժամանակ անհետ կորածներից մեկի հարազատը անելանելիությունից դրդված հայհոյում էր ՊՆ–ի ներկայացուցիչներին, փորձում մուտք գործել նախարարության տարածք։ Ոստիկանները նրան իջեցրին ճաղավանդակների վրայից, իսկ հավաքվածները իրենց զայրույթն ուղղեցի դեպի լրագրողներն ու օպերատորները։ Պահանջեցին դադարեցնել նկարահանումները։ Լրագրողներն ու օպերատորները կարճ ժամանակում հեռացան ՊՆ–ի տարածքից։
Պաշտպանության նախարարությունը դեռ հաղորդագրություն չի տարածել անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման վերաբերյալ։
Մեկնաբանել