HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարապետ Պողոսյան. «Գերեվարվածներից մոտ 30-ը գյումրեցիներ են»

Հին Շենում եւ Խծաբերդում ստեղծված իրավիճակը, երբ կրկին ունենք գերեվարված հայ զինվորներ ադրբեջանցիների կողմից, գյումրեցի Կարապետ Պողոսյանը համարում է «դիտավորություն եւ դավաճանական քայլ» Հայաստանի իշխանությունների կողմից: 

«Եթե Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն ակտ է ստորագրել եւ չճշտված տարածքներում տանում մարդկանց է տեղակայում, չի ապահովում առաջին անհարաժեշտության զենք զինամթերքով ու այլ պարագաներով՝ թողնելով անտեր անտիրական, սա միանշանակ հերթական դավադրությունն ու հերթական դավաճանությունն է: Փորձեմ զուգահեռ անցկացնել պատերազմի օրերին Շուշիում տեղի ունեցած դեպքերից միայն մեկի հետ եւ անգամ ռազմական գիտելիքներ չունեցողը կհասկանա, թե բուն նպատակը որն է եղել: Երբ ոստիկանններին  բունկերից հանեցին ու տարան լցրեցին Շուշիի մշակույթի տուն՝ մեծ ռիսկի ենթարկելով նրանց, քանի որ շենքն ռմբակոծվեց, սա չէր կարող պատահականություն լինել, սա նույն դավաճանի հերթական գործողություններից մեկն էր,-ասում է Կարապետ Պողոսյանը.- նպատակն այն էր, որ մահանան մեծ թվով մարդիկ, որ հասարակության վրա լինի բավականին մեծ ճնշում ու ժողովուրդը պահանջի դադարեցնել պատերազմը, որ մեր տղաները չզոհվեն, ինչպես որ պատերազմից հետո էն թեզը առաջ բերեցին, թե 5000 հոգի զոհվեց 25.000-ին փրկելու համար: Հիմա ինքը սա անում է Մեղրին հանձնելուց առաջ, որ ասի՝ տալիս եմ, որովհետեւ 500 գերի ունենք»:

Կարապետ Պողոսյանի տվյալներով՝ Արցախում գերեվարված զիվորականների մեծ մասը Շիրակի մարզից են՝ մոտ 30 հոգի Գյումրուց, 6 հոգի Ազատան գյուղից, մեկ հոգի Քեթիից եւ այլ համայնքներից:

Դեռեւս նախորդ գիշեր էր հայ զինվորների գերեվարման լուրը տարածվել, մարդկանց մոտ հայտնվել էին տեսանյութեր, որտեղ ճանաչել էին իրենց հարազատներին եւ արդեն առավոտյան բողոքի ակցիաներ էին սկսվել Գյումրիում, փակվել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը Քեթի գյուղի հատվածում, Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը Իսահակյան գյուղի հատվածում, Ազատան եւ Լանջիկ գյուղերի մոտ:

«Դեռեւս 4 օր առաջ ինֆորմացիա ունեինք, որ Հին Շենում Շիրակի մարզից մեկնած կամավորներն ու պահեստազորայինները, գտնվում են շրջափակման մեջ: Ունեինք ինֆորմացիա, որ ռուս խաղաղապահներն, ի դեմս գեներալ Մուրադովի, անընդհատ բանակցություների մեջ են, եւ դեռեւս հույս ունեինք, որ շատ բան հնարավոր է փոխել: Երեկ իրիկուն առաջին ինֆորմացիան կրկին ստացել ենք Հին Շենից, տղերքը տեղակացնում էին,  որ օղակն ավելի է սեղմվել, որ ադրբեջանցիները ոչ մի ցանկություն չունեն մարդասիրական միջանցք բացել, որ իրենք հեռանան: Ասել են, եթե քաղաքացիական անձինք կան, կարող են հեռանալ, սակայն զորքն ու զինամթերքը պիտի մնա,-ասում է Կարապետ Պողոսյանը,- քանի որ էս օրերին պաշտոնական ոչ մի աղբյուր ճիշտ ինֆորմացիա չի տալիս, մենք հակված ենք հավատալ մեր սեփական աղբյուրներին: Մարզի գրեթե բոլոր համայնքներից, կարող եմ ասել, որ կան գերիներ եւ նրանց մեջ պաշտոնյաներ՝ վարչական ղեկավարներ, դպրոցի տնօրեն, համայնքապետի տեղակալ եւ այլն: Սրանք էն մարդիկ են, որոնք դարձան Փաշինյանի մանիպուլյացիայի զոհը: Հիշու՞մ եք, չէ՞, որ կոչ էր անում ջոկատներ կազմել ու գնալ ռազմաճակատ համայնքների ղեկավարներին, սա դրա արդյունքն է: Մարդիկ ունեն ընտանիք, աշխատանք, էդ ամենը թողել ու գնացել են հայրենիք պաշտպանելու , որ պետությունն իրենց անտե՞ր թողնի: Իհարկե, տա Աստված, տղաները բոլորը ողջ առողջ հետ գան, բայց էս ամբողջի պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը»:

Ուղղում

Նյութում մեր զրուցակից Կարապետ Պողոսյանը նշել էր, թե իր տեղեկություններով՝ 171 մարդ է գերեվարվել, սակայն Արցախի Պաշտպանության բանակը հերքեց այդ լուրը՝ նշելով, որ Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter