
Հայաստանում գտնվող գործազուրկ արցախցիները աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով աջակցություն կստանան
Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում ընդունվեց որոշում, ըստ որի՝ աջակցություն կտրամադրվի Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիներին՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և աշխատանքի տեղավորվելու համար։
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, որոնք փաստացի բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, և այս պահին ժամանակավորապես Հայաստանում են»,- հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ միջոցառումը ենթադրում է մինչև 3 ամիս ժամկետով անձանց հնարավորություն տալ գործատուների մոտ անցնել փորձաշրջան, որի դիմաց քաղաքացիները առանց հարկերի կվարձատրվեն 100 000 դրամի չափով: Միևնույն ժամանակ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրամադրվի աջակցություն 34 000 դրամի չափով:
Միջոցառման շրջանակներում գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։
Աջակցության տրամադրումը կդադարեցվի, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։
Մեկնաբանել