HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Բոգոն և Իսակովի պողոտայի ապօրինի շինությունները

Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը վերջապես կարողացան պարզել, թե ով է Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող ջրանցքի վրա ապօրինի շինարարություն իրականացնում։ Կառուցապատողը Ավետիս Ալբերտի Ավետիսյանն է՝ քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանի (Նորագյուղցի Բոգո) քենակալը։ Ռուբեն Կոստանյանն էլ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմն է, մեկ այլ նախկին պատգամավորի՝ Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) խնամին։

«Հետքը»-ը նոյեմբերի 1-ին գրել էր, որ պատերազմի օրերին Իսակովի պողոտայում ապօրինի շինարարություն է իրականացնում Ռուբեն Կոստանյանը, սակայն քաղաքապետարանը չի կարողանում կանխել դա։ Մինչ Երևանի քաղաքապետարանում մեր հարցումների պատասխանների վրա էին աշխատում, ջրանցքի մի հատվածը երկաթյա կոնստրուկցիաներով և բետոնով ծածկվեց։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հավաստիացրել էր, որ ապօրինի շինարարության փաստն արձանագրվել է, և ապամոնտաժելու որոշում է կայացվել։ Սակայն քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նոյեմբերի 12-ին հայտնեցին, որ «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում ապօրինի շինարարություն իրականացնող անձին հայտնաբերելու նպատակով դիմել են իրավապահ մարմիններին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն էլ մեզ հայտնեց, որ Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է Իսակովի պողոտա 4/2 շենքի հարակից տարածքում ջրանցքի վրա ապօրինի շինարարություն իրականացնող անձի տվյալներն ու փոխանցել քաղաքապետարան։ Նորից դիմեցինք քաղաքապետարան, որտեղից հայտնեցին, որ ապօրինի շինարարություն իրականացնողը Ավետիս Ավետիսյանն է։

Ըստ քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ, Իսակովի պողոտա հ․ 4/2 հասցեին հարակից ջրանցքի վրա հոկտեմբերի 3-ից սկսած ժամանակ առ ժամանակ իրականացվել են ապօրինի շինարարական աշխատանքներ։ Մասնավորապես՝ երկաթբետոնե հարթակի, երկաթե կոնստրուկցիաներով հարթակի և քարե շարվածքի կառուցման ապօրինի շինարարական աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարանի իրականացրած վարչարարության արդյունքում պարզվել է իրավախախտում կատարված անձի ինքնությունը։ Ավետիս Ալբերտի Ավետիսյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է 3 արձանագրություն։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել և իրականացվել են նշված հասցեում ապօրինի կառուցված շինությունների քանդման աշխատանքներ, սակայն դրանք կասեցվել են Վարչական դատարանի թիվ ՎԴ9579/05/20 Վարչական գործով տրված կատարողական թերթի համաձայն։ Ներկայում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են ամենօրյա հերթապահություն՝ Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտա հ․ 4/2 հասցեում ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստը կանխելու ուղղությամբ»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։

Մինչ իրավապահները կհայտնաբերեին ապօրինի կառուցապատողին, քաղաքապետարանն էլ պատասխանատվության կկանչեր՝ շինարարությունը շարունակվում էր՝ որոշակի ընդհատումներով։ Տարածքում նաև ծառ է հատվել, իսկ ջրանցքի մի մասն ամբողջությամբ ծածկվել է։

Այս օրինակը միակը չէ Ավետիս Ավետիսյանի իրականացրած ապօրինի շինարարության։ Իսակովի պողոտայում նա բազմաթիվ ապօրինի շինարարություններ է արել, որոնց այժմ առանձին-առանձին անդրադառնանք։

Եռահարկ շինություն՝ Աֆրիկյանների ամառանոցի հարևանությամբ

Իսակովի պողոտա 3 հասցեում է գտնվում 20-րդ դարասկզբին կառուցված Աֆրիկյանների ամառանոցը, որը մինչ օրս կանգուն է։ Այն ներառված է Կենտրոն վարչական շրջանում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Ամառանոցի հարևանությամբ Ռուբեն Կոստանյանի և Ավետիս Ավետիսյանի կողմից ապօրինի կառուցվել է եռահարկ շինություն։ Ավետիսյանի ներկայացուցչի պնդմամբ՝ այն կառուցվել է 2000-ականներին։ Մինչդեռ «Google Earth» ծրագրի միջոցով պարզեցինք, որ շինությունը կառուցվել է 2009 թ.-ից։

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը 2020 թ.-ի օգոստոսի 18-ին որոշում է ստորագրել ինքնակամ կառույցը քանդելու, պետության և Երևան համայնքի հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու մասին։ Մինչ որոշումը կայացնելը պարզվել է, որ շինությունը գտնվում է ճանապարհի վրա, որը Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ է և չի կարող օրինականացվել։ Կթության, գիտության, մշակույթի և սպորտի այդ ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ եռահարկ շինությունը փաստացի գտնվում է տեղական նշանակության հուշարձան-շենքի (բնակելի տուն Աֆրիկյանների (ամառանոց)) պահպանության գոտու տարածքում և բացասական է ազդում հուշարձանի բարենպաստ ընկալման վրա, ուստի հիշյալ պետական մարմինը ողջունում է վերը նշված ապօրինի կառույցի ապամոնտաժումը: Բացի այդ, շինություններում առկա են եղել հրդեհային անվտանգության պահանջների որոշակի խախտումներ։

Մի շարք այլ պատճառներ էլ հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը որոշել է չօրինականացնել շինությունը և հողամասն ապօրինի տիրապետումից ազատել։

Կառուցապատողը դիմել է Վարչական դատարան և պահանջել, որ դատարանը քաղաքապետարանին պարտավորեցնի ինքնակամ կառույցն օրինականացնել։ Դատաքննությունն ընթացքի մեջ է։ Ավետիս Ավետիսյանը մինչ այդ էլ դիմել էր դատարան և պահանջում էր, որ քաղաքապետարանը ձեռնպահ մնա ինքնակամ շինությունը քանդելուց։ Դատարանը վարույթ էր ընդունել հայցը, ապա կասեցրել գործի քննությունը։ Մեկ այլ հայցով էլ դատարանից Ավետիսյանը պահանջել է առոչինչ ճանաչել քաղաքապետի որոշումը։

Սննդի կետ՝ ջրանցքի վրա

Պարզվում է, որ «Կիլիկիա» ավտոկայանի դիմացի մայթում գտնվող «Մօջօ» հանրային սննդի կետը նույնպես ինքնակամ է կառուցվել։ 2020 թվականի օգոստոսի 18-ին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը որոշում է կայացրել Իսակովի պողոտայի հ.3/8 հասցեի հարևանությամբ գտնվող, ինքնակամ կառուցված «Մօջօ» հանրային սննդի օբյեկտը քանդելու և համայնքային հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու մասին։

Որոշում կայացնելուց առաջ վարչական վարույթ է իրականացվել, որի ժամանակ հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է «Մօջօ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Սիմոնյանը, իսկ Ռուբեն Կոստանյանը չի ներկայացել։ Լսումներին ներկայացել է նաև քաղաքացի Ավետիս Ավետիսյանը (իր լիազորված անձի՝ Լուսինե Ավագյանի հետ) և հայտնել, որ ինքն է իրականացրել խնդրո առարկա ինքնակամ կառույցը։ Նշել են նաև, որ խնդրո առարկա շինությունը կառուցվել է դեռևս 2000 թվականների սկզբներին (արբանյակից արված լուսանկարներով՝ 2009-ից 2012 թթ., հեղ․), օգտագործվում է Ավետիս Ավետիսյանի կողմից, սակայն ներկայում նշված շինությունը շահագործվում է «Մօջօ» ՍՊԸ-ի կողմից: Ավետիս Ավետիսյանը դիմել է Երևանի քաղաքապետարան այն օրինականացնելու խնդրանքով, սակայն նրան առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ շինությունն ապամոնտաժել և դրանով ծանրաբեռնված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատել։ Կառուցապատողը չի ապամոնտաժել շինությունը։ Քաղաքապետարանում գտել են, որ կառույցը չի կարող օրինականացվել, քանի որ գտնվում է ջրանցքի վրա, որն էլ Հողային օրենսքրգի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում է։ Այսինքն՝ հողը չի կարող սեփականաշնորհվել։ Քաղաքապետի պաշտոնակատարը որոշել է ապամոնտաժել շինությունը և հողամասն ազատել ապօրինի տիրապետումից։

Ավետիս Ավետիսյանն այդ որոշումից հետո մի քանի հայցով դիմել է դատարան։ Նախ պահանջել է առոչինչ ճանաչել որոշումը, ապա ձեռնպահ մնալ ապամոնտաժելուց և երրորդ՝ օրինականացնել ինքնակամ կառույցը։ Դատաքննությունը ընթացքի մեջ է։

Տաղավարներ՝ Իսակովի պողոտայի գետնանցումում

«Կիլիկիա» ավտոկայանի դիմացի գետնանցումի մեջ Ավետիս Ավետիսյանը ինքնակամ կառուցել է 11 տաղավար։ Երևանի քաղաքապետարանը վարչական պատասխանատվության է ենթարկել Ավետիսյանին, որը դիմել է դատարան և պահանջում է որոշումն անվավեր ճանաչել։ Կառուցապատողը մեկ այլ հայցով էլ դիմել է դատարան՝ Երևան համայնքից պահանջելով բարենպաստ վարչական ակտ ընդունել և Իսակովի պողոտայում գտնվող ստորգետնյա անցումում ինքնակամ կառուցված 11 տաղավարը օրինականացնել։ Երկու հայցն էլ դատաքննության փուլում է։ 

Կիսակառույց՝ Իսակովի պողոտայում

Այս ամենից զատ, Ավետիս Ավետիսյանը Իսակովի պողոտայի 4/3 հասցեում գտնվող շինությանը կից 136.2 քմ տարածքում ինքնակամ մետաղական կիսակառույց է իրականացրել, իսկ 115.2 քմ մակերեսում հարթակ է կառուցել։ Քաղաքապետարանն այս կառույցն էլ ապամոնտաժելու որոշում է կայացրել, որը Ավետիս Ավետիսյանը կրկին վիճարկում է դատարանում։ Ավետիսյանը դիմել է դատարան և պահանջում է քաղաքապետարանին ձեռնպահ մնալ կառույցն ապամոնտաժելուց։

Հգ․ Ավետիս Ավետիսյանը 2018 թ.-ից հետո բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Նույն տարում ուղևորափոխադրում իրականացնող մի վարորդ հաղորդում էր տվել հանցագործության մասին՝ Ռուբեն Կոստանյանին մեղադրելով իրեն առևանգելու, ծեծի ենթարկելու և գումար պահանջելու մեջ։ Կոստանյանի մասով քրեական գործը կարճվեց, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվեց Ավետիս Ավետիսյանը, սակայն համաներման ակտով նա էլ քրեական հետապնդումից խուսափեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter