HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Միհրան Հակոբյանի պաշտպանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Շխիմյանը։

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Հակոբյանը Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման հավելվածում սահմանված կարգն է խախտել, որով արգելվում էր ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների, գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։

Միհրան Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ ինքը որևէ հավաք չի կազմակերպել կամ անցկացրել։ Պաշտպանը, սակայն միջնորդության մեջ Հակոբյանի մեղավորության կամ անմեղության հանգամանքը չի շեշտադրել, այլ անդրադարձել է այն իրավական պայմաններին, որոնց պարագայում Հակոբյանի նկատմամբ, նրա պնդմամբ, քրեական հետապնդում չի կարող իրականացվել։

Այսպես, նոյեմբերի 23-ին «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ Արծվիկ Մինասյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը և «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» քարտուղար Վահե Գրիգորյանն ընդդեմ Կառավարության դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման հավելվածի մի քանի կետերն անվավեր ճանաչել ու նշված դրույթներն ընդունելու պահից ուժը կորցրած համարել։

Այս դրույթներից մեկը՝ 9.1-ը, արգելք է սահմանում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումների, իսկ մեկ այլ դրույթ՝ Հայաստանի ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելու մասով:

Գործի շրջանակներում դիմողները միջնորդություն են ներկայացրել նշված դրույթների գործողությունը կասեցնելու մինչև գործի քննության ավարտը, և Վարչական դատարանը դրանց գործողությունը կասեցրել է։

Հավաքների ազատությանն առնվող դրույթի մասով դիմողների միջնորդությունը բավարարելու հիմնավորումների մեջ Վարչական դատարանը նշել է, որ անկախ գործի քննության արդյունքներից՝ սահմանված արգելքի կիրառումը ներկայում այլևս համարժեք չէ արգելվող իրավունքների և ազատությունների նշանակությանը, պիտանի և անհրաժեշտ չէ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված նպատակներին հասնելու համար։

Դատարանը որոշման մեջ հղում է կատարել նաև մինչև այդ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը, որով Սահմանադրական դատարանը ևս աշխատակարգային որոշմամբ կասեցրել էր «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի գործողությունը՝ մինչև գործի դատաքննության ավարտը։ 9.1-ն, ինչպես վերը նշեցինք, վերաբերում է պաշտոնատար անձանց քննադատելուն, իսկ 9.2 դրույթով արգելք է սահմաված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչության այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակման վրա։

Սահմանադրական դատարանի և Վարչական դատարանի որոշումներից հետո Կառավարությունը որոշում է կայացրել վերացնել հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու, հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը։

Պաշտպան Միքայել Շխիմյանն ասում է՝ անձի վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, և այս տրամաբանությամբ հավաքների ազատության հետ կապված դրույթի իրավաչափությունը ստուգելու արդյունքը պետք է ազդեցություն ունենա նաև Քրեական օրենսգրքի 225.1 հոդ­վածի 1-ին մասով նա­խա­տեսված հանցա­գոր­ծության դեպքի կամ հան­ցա­կազմի բացակա­յութ­յունը փաս­­­տե­լու հանգամանքի վրա։

Ըստ Միքայել Շխիմյանի՝ կարելի է մեկնաբանել, որ նման պայմաններում Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածն ապաքրեականացվել է, ու Հակոբյանի և մյուսների վերաբերյալ գործով վարույթը ենթակա է անհապաղ կարճման, իսկ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցման։

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը նոյեմբերի 20-ին ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ, և նա ազատ է արձակվել։ Այս որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, և Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը։ Այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեցող Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գործի շրջանակներում Հակոբյանի բնակարանում նաև խուզարկություն է իրականացվել։ Պաշտպանը բողոքարկել է նաև խուզարկության թույլտվության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։ 

Լուսանկարում՝ Միքայել Շխիմյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter