HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազը Ռազմիկ Աբրահամյանի համար 4 տարվա ազատազրկում է պահանջել, Արսեն Դավթյանի համար՝ 8 տարի, 3 ամսվա

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, երեկ տեղի է ունեցել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստ, որի ընթացքում դատախազ Արթուր Մանուկյանը հանդես է եկել մեղադրական ճառով՝ Արբրահամյանի համար պահանջելով 4 տարի, իսկ Արսեն Դավթյանի համար՝ 8 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց դատախազ Արթուր Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է։

Մեղադրական ճառում դատախազը նշել է, որ առաջադրված մեղադրանքում Արսեն Դավթյանն, ըստ էության իրեն մեղավոր չի ճանաչել, նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, իսկ դատարանում ցուցմունք չի տվել և դիրքորոշում չի հայտնել՝ ընդունո՞ւմ է արդյոք իրեն մեղսագրվող արարքի փաստական կողմը, մասնավորապես՝ չի պատասխանել Ռազմիկ Աբրահամյանից 3.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ հարցերին, ինչպես նաև «ներքին դիտում» ՕՀՄ-ի վերաբերյալ մի շարք հարցերի: Բացի այդ, ըստ դատախազի՝ Դավթյանը բավական երկար և խրթին ձևով փորձել է ցույց տալ, թե ինքը չուներ այնպիսի լիազորություններ և հնարավորություններ, որոնք նկարագրված են իրեն  առաջադրված մեղադրանքում։

Մինչդեռ Արսեն Դավթյանի մեղավորությունն, ըստ Արթուր Մանուկյանի, հիմնավորվել և ապացուցվել է ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանի, մի շարք վկաների՝ այդ թվում՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքներով, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներով, իրեղեն ապացույց ճանաչված` Արսեն Դավթյանի կողմից ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին ներկայացված 30 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներով, «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ին վերաբերող մի շարք փաստաթղթերով, Դավթյանի կարգավիճակը և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:

Ըստ դատախազի՝ դատարանում գործի քննության ընթացքում ապացուցվել է կաշառք առաջարկելու և գումար ստանալու հանգամանքը։

Այսպես՝ ըստ Մանուկյանի՝ «Ներքին դիտում» ՕՀՄ-ի ձայնագրության և տեսագրությունների համաձայն` Ռազմիկ Աբրահամյանը 2019թ. հունվարին և մարտին 3 անգամ այցելել է Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին և դիմել նրան` իր և իր ղեկավարած բժշկական հաստատության օգտին ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և Դավթյանի պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Արսեն Դավթյանը չի մերժել Աբրահամյանի խնդրանքը, նաև ընդունել է վերջինիս առաջարկը՝ կաշառք ստանալու վերաբերյալ:

Առկա են, օրինակ, հետևյալ խոսակցությունները` Ռազմիկ Աբրահամյանը 2020 թվականի մարտի 15-ին ասել է Դավթյանին. «Իմ հարազատն ես, էն օրն էլ ասի` խնդրում եմ դու տեր կանգնես, ես մահ ու գերեզման քո կողքին եմ, ամեն ինչով շնորհակալ կլինեմ, կարգին շնորհակալ կլինեմ: Դա մեր մեջ բան չի»։ Արսեն Դավթյանը պատասխանել է՝ «Գիտեմ, գիտեմ»: Մարտի 26-ին Աբրահամյանն ասել է. «Ես հատուկ խնդրում եմ Արսեն ջան, հատուկ և հատուկ շնորհակալ կլինեմ, սա ոչ մեկին չի վերաբերվում, սա մեր հիմնարկին է վերաբերվում։ 13 թվից դա իրագործվում ա»: Դավթյանը պատասխանել է՝ մի հատ գրի Ռազմիկ Աշոտիչ:

Դատախազի խոսքով՝ «Ներքին դիտում» ՕՀՄ-ի՝ 2019 թվականի մարտի 30-ի տեսագրությամբ հստակ երևում է, որ ժամը 12.04-ի սահմաններում Արսեն Դավթյանի աշխատասենյակում Ռազմիկ Աբրահամյանը Դավթյանին է փոխանցել ծրարի մեջ դրված 3.000 ԱՄՆ դոլար` այն դնելով Դավթյանի սեղանին` նոթատետրի տակ: Ընդ որում՝ ծրարով գումարը դնելը Դավթյանին լիովին տեսանելի է եղել, քանի որ նրանք նստած են եղել դեմ դիմաց: Ծրարով գումարը դնելուց անմիջապես հետո Աբրահամյանն ասել է Դավթյանին. «Երեք հազարն ա: Ուրեմն, սա էն հինն ա»: Իսկ Դավթյանը պատասխանել է. «Էլ մի արա տենց բան, Ռազմիկ Աշոտիչ, բան չի անում, չի դզում»,- սակայն, կաշառքի գումարն ընդունել է, ինչից հետո Դավթյանը և Աբրահամյանը ջերմ միջավայրում շարունակել են վերջինիս հուզող հարցի քննարկումը:

Մեղադրող Մանուկյան ասում է՝ փաստորեն Արսեն Դավթյանն ակնհայտորեն ընդունել է կաշառքի առաջարկը և ստացել կաշառքի գումարը, քննարկվող իրավիճակում կաշառքի առաջարկի և գումարի չընդունումը կլիներ գումարով ծրարի վերադարձը, կաշառք տվողին աշխատասենյակից դուրս հրավիրելը, իրավապահ մարմիններին իրազեկելը և այլն: Սակայն Դավթյանը, ձևականորեն առարկելով,  ընդունել է կաշառքի առաջարկը և գումարը: Ավելին, մեղադրողը նշում է, որ 2-3 ժամ անց ԱԱԾ աշխատակիցների կողմից կաշառքի գումարը հայտնաբերվել է Դավթյանի տաբատի աջ գրպանում, իսկ ծրարը` ձախ գրպանում:

Բացի այդ, Ռազմիկ Աբրահամյանի կողմից կասկածյալի և մեղադրյալի դատավարական կարգավիճակում տրված ցուցմունքների համաձայն` վերջինս նշված ծրարի մեջ դրած 3.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին` իր և իր ղեկավարած բժշկական հաստատության օգտին ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և Դավթյանի պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Այսպիսով, քրեական գործում առկա, դատարանում հետազոտված փաստական տվյալներով, ըստ Արթուր Մանուկյանի ամբողջովին հիմնավորել է, որ Արսեն Դավթյանն ընդունել է Ռազմիկ Աբրահամյանի կաշառքի առաջարկը և ստացել է կաշառքի առանձնապես խոշոր չափերով գումար` 3.000 ԱՄՆ դոլարը:

Դատարանում, ըստ մեղադրողի, հիմնավորվել է նաև կաշառքի գումարի դիմաց Աբրահամյանի և վերջինիս ղեկավարած բժշկական հաստատության օգտին ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելը և Ա. Դավթյանի պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ որոշակի գործողություններ կատարելուն նպաստելը:

Մասնավորապես՝ ըստ մեղադրողի՝ Առողջապահության նախարարության կանոնադրության համաձայն` նախարարի տեղակալ Դավթյանն ունի լայն լիազորություններ, այդ թվում` իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ:

Առողջապահության նախարարի հրամանների համաձայն` Արսեն Դավթյանը համակարգել է մի քանի ոլորտ, այդ թվում` համակարգել է մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները, և դրանից ակնհայտ է դառնում, որ Արսեն Դավթյանը, կարող էր իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Ռազմիկ Աբրահամյանի և վերջինիս ղեկավարած բուժհաստատության օգտին որոշակի գործողություն կատարելուն նպաստել, հովանավորչություն դրսևորել, լիազորությունների շրջանակում գործողություններ կատարել, ըստ որում՝ նաև ոչ բացահայտ։ Մասնավորապես՝ Արթուր Մանուկյանի խոսքով՝ Դավթյանը կարող էր Առողջապահության նախարարին ներկայացնել առաջարկներ Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած բուժհաստատության ֆինանսավորման վերաբերյալ, աշխատավարձերի ֆոնդի փոփոխման վերաբերյալ և բազմաթիվ այլ հարցերով` միաժամանակ նախարարին տեղյակ չպահելով իր կողմից համաձայնության ձեռքբերման և Աբրահամյանի օգտին իր գործողությունների իրական, թաքնված դրդապատճառի մասին:

Դատախազը կարևոր է համարում այն հանմգամանքը, որ Արսեն Դավթյանը գործով վկաներից մեկի հետ զրուցելիս խոստովանել է, որ Աբրահամյանի օգտին որոշակի գործողություններ է կատարել՝ վերջինիս ղեկավարած բուժհաստատության ֆինանսավորումը հնարավորինս քիչ կրճատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելով: Ա. Դավթյանը, ըստ մեղադրողի, զրուցակցին հայտնել է. «Հավասարացնելու համար 240 միլիոն պտի հանեի, 100 եմ հանել»:

Գործի համար մեծ կարևորություն ունի նաև այն  հանգամանքը, որ համաձայն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի 11.11.2019թ. գրության և նրա դատաքննական ցուցմունքի` 2019 թվականի 1-ին եռամսյակի դրությամբ՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարների հաշվարկման, պայմանագրերում փոփոխությունների կատարման և ֆինանսավորման սկզբունքները կարգավորող գործող իրավական ակտերում առկա կարգավորումները բավարար չափով չեն բացառել կոռուպցիոն ռիսկները, և նախատեսվել է մշակել առավել առարկայական չափանիշներով ընթացակարգեր և չափորոշիչներ՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար տրամադրվող ֆինանսավորման, պայմանագրային գումարներում կատարվող փոփոխությունների և վերաբաշխումների կանոնակարգման նպատակով:  Ավելին, ՀՀ կառավարության 19.12.2019թ. որոշմամբ սահմանվել են նոր կարգավորումներ:

Հաջորդ հանգամանքը, որ դատախազը կարևորում է. Արսեն Դավթյանը առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման հաշվարկները հիմնավորող փաստաթուղթ չի կազմել, առողջապահության նախարարի հրամանին կից այդպիսի հաշվարկ-հիմնավորում առկա չէ:

Դատախազը նշում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է ընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տան:

Այս օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի: Այն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն։

Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերն իր արժեքով գերազանցում է 60 000 ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին:

Անդրադառնալով ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներին՝ դատախազը նշել է, որ այդպիսիք չեն արձանագրվել, իսկ որպես  Ռազմիկ Աբրահամյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք նշել է հանցագործությունը բացահայտելուն և հանցագործության մյուս ենթադրյալ  մասնակցին մերկացնելուն ակտիվորեն աջակցելը:

Ուսումնասիրելով Ռազմիկ Աբրահամյանի անձը բնութագրող տվյալները` որպես նրա անձը դրական բնութագրող հանգամանք՝ դատախազը նշել է, որ նա նախկինում դատված չի եղել, երկար տարիների աշխատանքի դրական բնութագիր ունի։ Բացի այդ՝ մեղադրողը հարկ է համարել հաշվի առնել, որ 77-ամյա Աբրահամյանն ունի մի շարք լուրջ հիվանդություններ։

Որպես Արսեն Դավթյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք մեղադրողը նշել է, որ նրա խնամքին երեք անչափահաս երեխա կա, որոնցից երկուսի 14 տարին չի լրացել։ Դավթյանի՝ նախկինում դատվածություն չունենալը ևս դիտարկվել է որպես նրան բնութագրող դրական տվյալ։

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ մեղադրող Արթուր Մանուկյանը միջնորդել է Ռազմիկ Դավթյանին դատապարտել՝ 4, իսկ Արսեն Դավթյանին՝ 8 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման։

Հաջորդ դատական նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես կգան ամբաստանյալների պաշտպանները։

Լուսանկարում՝ ձախից՝ Արսեն Դավթյան, Ռազմիկ Աբրահամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter