HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արսեն Թորոսյանը ցուցմունք տվեց Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի գործով․ դռնբաց նիստին լրագրողների մուտքն արգելվեց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր դատարանում էր, եկել էր՝ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակում ցուցմունք տալու։ Լրագրողները, սակայն, նախարարի հարցաքննությանը ներկա լինելու հնարավորություն չունեցան։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է, որ դռնբաց նիստը պետք է անցկացվի դռնփակ նիստի ռեժիմով։

«Հետք»-ի հարցին ի պատասխան՝ դատարանի աշխատակազմից հայտնեցին, որ նիստն, այո, դռնբաց է, գործը կամ դրա մի մասը դռնփակ քննելու որոշում չի կայացվել, սակայն պաշտպանները դիմել են դատարան, որպեսզի համավարակի պայմաններում դրան, բացի դատավարության մասնակիցներից, այլ անձինք ներկա չլինեն։ Այս գործով ամբաստանյալներից Ռազմիկ Աբրահամյանը 70-ից բարձր տարիք ունի, գտնվում է ռիսկային խմբում, եթե գործը քննվեր դատարանի փոքր դահլիճներից մեկում, թերևս կարելի էր հասկանալ դատավորի որոշումը, սակայն պետք է արձանագրել, որ դատական նիստը տեղի է ունեցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի ապակեպատ, ընդարձակ դահլիճում, որտեղ դատավարության մասնակիցների և դրան հետևող անձանց միջև ապակիներ են։ Դատարանի աշխատակազմից հետաքրքրվեցինք, թե նիստն այս դահլիճում անցկացնելու պայմաններում ինչպե՞ս պետք է վտանգվեր դատավարության մասնակիցների առողջությունը, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, թե կողմերը դիմել են, դատավորն էլ որոշում է կայացրել։ Դատարանի աշխատակազմից հայտնում են նաև, որ որոշումը կայացվել է ոչ միայն դատավարության մասնակիցների, այլ նաև ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու նկատառումով։

Նշենք, որ Շենգավիթի նստավայրի դատարանի նույն դահլիճում բազմաթիվ այլ նիստեր են անցկացվում, որոնց ընթացքում նիստի հրապարակայնությունն ապահովելու նպատակով թույլատրվում է զանգվածային լրատվության միջոցներում աշխատող օպերատորների, լուսանկարիչների, ինչպես նաև այն լրագրողների մուտքը, որոնք աշխատում են առանց օպերատորների։ Կորոնավիրուսի համավարակի շրջանում այս պրակտիկան է գործել, դահլիճում ներկաները միմյանցից ֆիզիկական հեռավորություն պահպանելով են աշխատում։

Հատկանշական է, որ առաջին անգամ չէ, որ դատավոր Գաբրիելյանը որոշում է անհարկի սահմանափակել այս գործը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը։ Դեռ առաջին դատական նիստին դատավորը որոշեց լրագրողներին արգելել ձայնագրությունը, որը դատական պրակտիկայում դռնբաց գործի քննության ընթացքում երբևէ չհանդիպած երևույթ է։

Նախարար Արսեն Թորոսյանի հարցաքննությունը դատարանում տևեց շուրջ երկու ժամ։ Վերջինս, դատարանից դուրս գալով, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործին նախորդող որոշակի պրոցեսների մասին է պատմել, որոնց մասին տեղյակ է եղել և որոնք, հնարավոր է, փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ։

Լրագրողների հարցին՝ նախարարն ընդունո՞ւմ է, որ իր ենթական կարող էր կաշառք տալ, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ իր ընդունելով չէ։

«Ես ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ՝ դրանք ապացուցող կամ հերքող, և դատարանը ինքը կորոշի՝ մեղադրանքը ճիշտ էր, թե սխալ, այդ ծավալով էր, թե այլ կերպ էր»,- ասաց նախարարն ու նշեց, որ նախկինում ասել, այժմ էլ վերահաստատում է, որ նախարարության որևէ աշխատակից չպիտի մտներ և չպիտի մտնի որևէ տեսակի ֆինանսական հարաբերության մեջ։

Արսեն Թորոսյանը նշեց, որ ինքը տարբեր բժշկական կենտրոնների տնօրենների հետ խոսակցություններ է ունեցել և նրանց հորդորել մոռանալ նախկինում, միգուցե արմատավորված պրակտիկան և հեռու մնալ նախարարության տարբեր աշխատակիցներին առաջարկներ անելուց։

«Նույն բանը կատարվել է Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ թե իմ կողմից, այլ միջնորդավորված, և ես դրա մասին այսօր վկայություն տվեցի»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող քրեական գործով Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը մեղադրվում է Ռազմիկ Աբրահամյանից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter