«Ո՞ւր են մեր էրեխեքը». Խծաբերդում գերեվարված զինծառայողների հարազատները պատասխանի են սպասում
Այսօր` երեկոյան ժամը 19:00-ին, նախորդ օրը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Շիրակի մարզպետարանում էին հավաքվել Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորած շիրակցի զինծառայողների հարազատները: Մարզպետից բացի, հանդիպմանը հրավիրված էին նաեւ ՊՆ ռազմական ոստիկանության ՇՄ պետ Գագիկ Գինոսյանը, ՊՆ ԶՀԾ ՇՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Թումանյանը, ՊՆ N զորամասի հրամանատար Երվանդ Գալստյանը: Դահլիճում հանդիպմանը մասնակցում էր մոտ հարյուր հոգի, նույնքանն էլ սպասում էր մարզպետարանի շենքի դիմաց: Նախ խոսեց մարզպետ Տիգրան Պետրոսյանն, ով եղել էր Երեւանում եւ փորձել որեւէ տեղեկատվություն ստանալ գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների վերաբերյալ:
«Պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպում չեմ ունեցել, քանի որ Երեւանում չէին, իրենք բանակցային պրոցեսների մեջ են, գործընթացներ են տեղի ունենում, եւ որեւէ հստակ բան այս պահին չէին կարող ասել,- հայտնեց Տիգրան Պետրոսյանը,- տեղյակ եմ, որ Շիրակի մարզից երկու պատգամավոր ներկայում Ստեփանակերտում են գտնվում այս խնդրով: Հանդիպել եմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, քննարկել ենք ստեղծված իրավիճակը, ճշտել են, որ հայ գերեվարվածների հետ կապված ադրբեջանական Կարմիր մահիկի իրենց գործընկերները ոչ մի տեղեկություն չունեն: Մեզ խնդրել են վաղը կազմակերպել եւ ձեր միջոցով ապահովել ձեր հարազատների վերաբերյալ ամբողջական տեղեկատվական փաթեթ, որը կփոխանցվի միջազգային Կարմիր խաչին»:
Տիգրան Պետրոսյանն ասաց, որ պայմանավորվել են ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, վերջինս վաղը կլինի Գյումրիում եւ կհանդիպի զինծառայողների հարազատների հետ: Սակայն, մինչ այդ պետք է մարզպետարան բերել կորած անձի լուսանկարը, անձը հաստատող փաստաթուղթ եւ թողնել մեկ հեռախոսահամար անհետ կորած անձի ամենամոտ հարազատից, որը միշտ կլինի հասանելի: Ինֆորմացիոն փաթեթները հանձնվելու են Արման Թաթոյանին: Տիգրան Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ գերեվարված 5 զինծառայողի խնդրով ՄԻՊ-ն արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հանդիպումն անցավ բավական լարված, հատկապես, երբ առաջարկ եղավ ներկաներին՝ հուզող հարցերով դիմել հանդիպմանը մասնակցող բարձրաստիճան զինվորականներին:
«Դանակը տղուս վզին դրած կտանեին, ու՞ր կտանեին, Ադրբեջա՞ն»,-հարց տվեց գերեվարված զինծառայողի հայրը: «Երկու ախպոր մե տնից կտանին, հայր էլ չունին, հըբը էղա՞վ ըդիգ»,- փորձում էր հասկանալ մեկ այլ տղամարդ: «Մե հարցըմ տամ, 100 վայեննի բիլետ զինվորական ոստիկանությունն իր մոտ է պահել, նորմա՞լ է դա»: «Ու՞ր է էրեխես, Գալստյան, քեզի հետ եմ, ու՞ր է երեխես»,- գոռում էր մի տղամարդ:
Հարազատները պահանջում էին հստակ պատասխան տալ իրենց՝ գերեվարվա՞ծ են, թե՞ շրջափակված են տղաները: Հարազատներն այդպես էլ առանց հստակ պատասխանների հեռացան մարզպետարանից:
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում կորած 73 զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել