
Հանճարը` որպես փալաս… (էսսե)
Հովհաննես Թեքգյոզյան
Թատրոնի, արվեստի միակ տեսակն է, որտեղ հնի ու նորի մասին խոսակցությունները նմանվում են հատակի ջնջոցից գիշերային շքեղ հագուստ կարելու անիմաստ փորձի: Իրականում` թատրոնի նորը մի վայրկյան է, սպառված հինը` անտանելի հավերժություն…
Ցրտից դահլիճներն ավելի հին էին թվում: Դեկտեմբերի սկզբին արևի լինոլյումե աչքը ծանրանում էր Երևանի էրեսին ու շենքերի մեջքերին երկաթե պզուկներ էին աճում: Էդ անվադողոտ ծուխը ճպում էր քաղաքի վրա ու Օպերայի գլխին հիստերիկ արձաններ էին երևում:
Համարյա ամեն օր գնում էի նրան տեսնելու: Էդ թատրոնը` ծվարած Ժուռնալիստների տան բամբասկոտ նկուղում ու նա` բեմի վրա: Ձենը ցրտից ջազային էր դառնում, դեմքը պահպանել էր ամուսնու ապտակները, բայց եղունգների մեջ հլը մի տոննա արյուն կար: Ցրտից կծկված նստում ու փեդ ոտներով տուն էի գնում: Մեկ-մեկ դռանը կանգնում, անվանդողային ծուխը կուլ տալով` կշտանում էի մինչև նա դուրս գար: Էդ դերասանուհին դուրս էր գալիս` պառավ մուշտակը հագին, հեչ վրես չէր նայում, ոնց որ մի արձան էլ /բայց խելոք, ոչ` հիստերիկ/ ես լինեի:
Մի օր էլ էկա թատրոն, ներկայացումը սկսվեց, բայց նրա փոխարեն բեմի վրա մի հատ պոլիփետ բուսնեց: Հո չէր ավլո~ւմ, հո չէր սրբո~ւմ: Դերից բան չմնաց: Խեղճը հուզմունքից (առաջին անգամ էր չէ՞ էդ դերը խաղում) մյուս դերակատարներին էլ ավլեց, բեմից դուրս շպրտեց:
Նրան էդ թատրոնում էլ չտեսա:
Ժամանակն անցավ: Թատրոնի կողքին մի զռլամա շենք սարքեցին: Էս անասունը, Բուրատինոյի նման, քիթ էր ցույց տալիս Օպերայի շենքի առաջ հավաքված ցուցարարներին: Հա, հիստերիկ արձաններին էլ չտեսա: Ասին դրանց զսպաշապիկ են հագցրել և թամանյանական նախագիծը խախտելու մեղադրանքով` Սևանի գժանոցն են տարել: Մի խոսքով ժամանակը փոխվեց, ես էլ եքա էշ դառա, ում հիմնական գործը` զռալն էր…
Փաստը մնում է փաստ, որ «թատրոն» ու «հանճար» բառերն անհամատեղելի են: Թատերարվեստում, այսպես կոչված, հանճարի գոյությունը արդարացվում է միայն ուսմունքի կամ նվազագույն դեպքում` դպրոցի առկայությամբ: Սակայն այդ ուսմունքների կամ դպրոցների երկարակեցությունը ևս պառվաբոզի կարգավիճակ է ապահովում թատրոնի նման երիտասարդ, առողջ միս ու արյուն ունեցող երևույթի համար:
Խոսքս, իհարկե, չի վերաբերում թատերական այն ուսմունքներին կամ դպրոցներին, որոնք առավելապես ներկայանում է որպես, լավ իմաստով, մետաստազ, այլ կերպ ասած` անցում, զարգացում: Եթե ուսմունքը չտարածվեց ու փոփոխություններ չունեցավ` մնում է հանճարի կնճռոտ շրջանակներում: Իսկ ինչպես գիտենք` ծերությունը թատրոնում ճենճոտ-հին-դեղահամ գրիմ է, բուֆետի սովետական հոտն էլ` վրան:
Սակայն թատերական ծերությունը բնավ ֆիզիոլոգիական կամ քրոնոլոգիական երևույթ չէ: Թատրոնի արյունը չափվում է տվյալ արվեստի ժամանակային այնպիսի ճշգրիտ սանդղակով, որ բեմում հստակորեն երևում է այս կամ այն ստեղծագործության և ստեղծագործողի «տարիքը»:
Ավելին ասեմ` թատրոնում կարևոր են բոլոր տարիքները` դեկորատիվ պայմանականությունից մինչև ռետրո, մետաֆորայնից մինչև մոդեռն և այլն: Բոլոր տարիքները, բացի մեկից: Այդ տարիքի անունը` ՍՊԱՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ է: Իսկ, որպես կանոն, սպառվում են «հանճարները»: Այստեղից հետևություն` եթե նույնիսկ «թատրոն» ու «հանճար» բառերը համատեղելի են, ապա` թատերական հանճարը փալաս է, ում ստեղծագործական կյանքը հաճախ ավելի կարճ է տևում քան` ցուցանակներին ամրացվող իր իսկ ստեղծած ներկայացման ազդագիրը:
…Մի խոսքով էսպես մի ամբողջ տասնամյակ (ժամանակի չափման միավորը էս պարագայում ուղիղ համեմատական է Հյուսիսային պողոտայի շինվելուն) էշի նման զռում էի, երբ Երևանը կենդանության հիստերիկ նշաններ ցույց տվեց: Սկզբում թվաց կարոտաաղձությունն է մատը կոկորդիցս հանել ու քիթցս քաշում, բայց… Էդ օրը մի քանի անգամ Բաղրամյանի վրայով գնացի-եկա ու Նախագահականի դիմացի մայթին նրա աֆիշային դեմքը տեսա: Մեջս «ցուրտ թատրոնի» ջերմությունը խլրտաց: Ուզեցի անպայման գնալ: Թարսի պես էլ` ներկայացումից առաջ էդ դերասանուհուն, պատահաբար, փողոցում տեսա: Արևի լինոլյումե աչքը գլխին` ֆռֆռում էր Պռոշյանի քյաբաբային իրականաության մեջ: Իսկը` երևանյան Մելպոմենե… Տաս տարի չկար, չկար, մեկ էլ բուսնեց: Մի ջահել մուշտակ էր հագել, որը էն պառավից ավելի չեխոլոտ էր: Մտածեցի գնամ` պիտի հիասթափվեմ, վերջը որոշեցի ռիսկի դիմել:
…Տարօրինակ բան կատարվեց: Հա ասեմ, որ էդ թատրոնը, որտեղ նա խաղում էր` ժուռնալիստների տան նկուղայինից մի հինգ կիլոմետր հեռու էր` չնայած սա էլ նրա նման գտնվում էր դեկտեմբերի տիրույթում: Դահլիճը նոր էր վերաշինվել, բայց, չգիտես ինչու, միանգամից ցրտել էր, չնայած շեմին կանգնած տոմս կտրող բաքսյոր կնիկը բոլորին խնդրում էր հանվել:
Վերջը` ներկայացումը սկսվեց: Բեմ բարձրացավ մի համարյա թափանցիկ կին, ով իր մարմնի միջով հազար ապրում ու առարկա էր ներս ու դուրս անում: Նա իր ջազային ձենով ու վերջին ամուսնու ինկվիզիտորական ապտակներից վառված էրեսով սկսեց խաղալ, ասել է թե` ժամանակի փշալարերը կրծել: Հին ու նոր չթողեց, չգիտեմ ինչ ուժով քանդուքափ արեց ամեն ինչ: Նրա զգայարանը` ձենից, միմիկայից ու ապրումից անկախ` գոռում էր, որ թատրոնում հին ու նոր եթե կա էլ` կա մենակ էս պահի մեջ… Նրա էդ պահը էնքան նոր էր, որ Հյուսիային պողտայի մոդեռն շենքերի քիթը քարին քսվեց. դրանք լալկան էրեխեքի պես վազեցին իրենց եզ-վիզ պապայի մոտ` կենդանացող Երևանից բողոքելու…
Ներկայացումը պրծավ, դուրս էկա: Գժանոցիցի հիստերիկ արձանները փախել ու թատրոնի առաջ գլուխկոնծի տալով` նրան էին սպասում:
Սպառվածություն: Ես շատ եմ խորհել ու գրել այս թեմայով, որը, ըստ էության, արվեստի ամենացավոտ ու տխուր կողմն է: Հոգևոր վթար, դատարկություն, քաղցքեղի բուն հանդիսացող չգնահատվածություն:
Ցավոք պետությունը վաղաժամ թոշակ չի ապահովում արվեստագետին, թեև նրա ստեղծագործական կյանքը ընդհատվում է անկախ ֆիզիոլոգիական տարիքից և միանգամից: Ես ճանաչում եմ երեսունամյա շատ դերասանների, որոնք կոչումով արդեն թոշակառու են: Նման դեպքերում երբեք չի կարելի արտասանել հիտլերա-ստալինյան հետևյալ նախադասությունը. «Լավ, դրանք արվեստում ի՞նչ են արել»: Պարզապես պետք է ընդունել այդ մարդկանց գոյությունը` գիտակցելով մի պարզ ճշմարտություն. արվեստի կյանքն ու ստեղծագործողի տարիքը հաճախ դարերով հեռու են իրարից: Բացի այդ` «վերևներում» հավանաբար չգիտեն սպառված շնորքի սարսափելիության մասին: Սպառված մտավորականը վհուկավորսի մարդակեր հրամանատարն է:
Այսպիսով` թատերական հանճարը, եթե այդպիսին իրոք կա, փալաս է, ով արագորեն սպառվում և նույն այդ սպառվածության վախից թատրոնի «վերմակը» քաշում է իր վրա` դժբախտացնելով արվեստագետների մի քանի սերունդ: Ես նողկում եմ դեղատոմս առաջարկելուց, բայց «հանճարի» բուժման միակ միջոցը` հեռացումն է: Այս զարհուրելի բառի մեջ է թաքնված արվեստին հավատարիմ մնալու միակ ճանապարհը, որը որոշ ժամանակ անց հնարավոր է քեզ էլ ետ` բեմ բերի` բոլորովին ուրիշ տեսանկյունից նայելու մի քանի քառակուսի մետր տարածություն ունեցող այն տուփին, որի հնարավորությունները, ըստ էության անսահման են…
Նվիրում եմ Կարինե Ջանջուղազյանին
2012 փետրվար, Երևան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել