HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչու են ուշանում զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացման հետազոտությունների արդյունքները 

Նոյեմբերի 9-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ավարտվեց 44 օր տևած պատերազմը։

Պատերազմի ավարտից արդեն 40 օր է անցել, սակայն մինչ օրս կան զոհված զինծառայողներ, որոնց մարմինները դեռևս չեն հայտնաբերվել կամ էլ նրանց ինքնությունը պարզելու համար պետք է իրականացվեն ԴՆԹ նույնականացման հետազոտություններ։ Այդ զինծառայողների հարազատները բողոքում են, որ նույնականացման հետազոտությունները ձգձգվում են, իսկ պատասխանները՝ ուշանում։

Զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացման հետազոտությունները կատարում է Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը»։ 

Կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի գենետիկ փորձագետ Դիանա Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանել է՝ ինչու են ուշանում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների պատասխանները։

 

Տիկի'ն Հարությունյան, ինչու՞ են ուշանում, ձգձգվում զոհված զինծայողների ԴՆԹ նույնականացման հետազոտությունների պատասխանները։

Պատասխաննների ստացման որոշակի ուշացումը և ձգձգումը պայմանավորված է փորձանմուշների մեծ ծավալից և վերջիններիս որակական հատկանիշներից: Ինչպես նաև որպես կարևոր կետ պետք է նշել կենտրոնում մեկ հոսքագծի առկայությունը։ Հավելեմ նաև, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ձեռք է բերում նոր հոսքագիծ, որը շուտով կլինի այստեղ: 

Օրական մոտավոր ԴՆԹ նույնականացման քանի՞ հետազոտություն է արվում։

Մեկ օրվա ընթացքում նույնականացումների թիվը խիստ փոփոխական է: Ամենօրյա 24/7 ռեժիմով կատարվում են ինչպես ծնողներից ստացված արյան նմուշների, այնպես էլ՝  զոհված զինծայողների դիակային նմուշների` հիմնականում ոսկրային հյուսվածքից  ԴՆԹ-ների անջատումը, պրոֆիլավորումը և ստացված տվյալների մուտքագրումը ԴՆԹ-ների պահոց հետագա նույնականացումների համար: 

Զհված զինծայողների ԴՆԹ նույնականացման հետազոտությունները միայն «Դատաբժշկական գիտագործնական կենտրո՞նն» է կատարում, թե՞ գործընթացում ընդգրկված են նաև այլ  բուժկենտրոններ։

Այո', Հայաստանում դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ իրականացվում են միայն «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ում։

Զոհված զինծայողների ԴՆԹ նույնականացման հետազոտություններն իրականացնելիս, ի՞նչ դժվարությունների եք հանդիպում։

Հիմնական դժվարությունները կապված են զոհված զինծայողների փորձանմուշների քանակի և որակի հետ: Գենետիկական փորձաքննությունների անցկացման ընթացակարգը ունի միջազգային ընդունված գործելակարգեր, ինչպես նաև՝ պարտադիր պայման-պահանջներ, որոնք ճշգրիտ չպահպանելու դեպքում կարող ենք ունենալ ինչպես կեղծ դրական, այնպես էլ՝ կեղծ բացասական արդյունքներ: Այդ պայման պահանջների պահպանումը ևս ազդում է փորձաքննությունների ժամկետների վրա: Լինում են հանգամանքներ, երբ անհարաժեշտ է կատարել կրկնակի նմուշառումներ: Մենք փորձում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում ունենալ մաքսիմալ թվով  լիարժեք գենետիկական բնութագրեր, սակայն հստակ հասկանում ենք նաև, որ կարող են լինել նաև փորձանմուշներ, որոնցից հնարավոր չի լինելու ստանալ հետագա նույնականացման համար պիտանի գենետիկական բնութագրեր:    

Գենետիկական անալիզատոր (սեքվենատոր)՝ Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը ձեռք է բերվել 2018 թվականի դեկտեմբերին և փոխանցվել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ին։

Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ: Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ սարքավորումը միակն է, և հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմական իրավիճակը` այն աշխատում է 24/7 ռեժիմով։

Ընթերցեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter