HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Որոնողական աշխատանքների արդյունքում 828 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 13-ից Արցախի բոլոր այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ, որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս 828 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել։ 

Այս մասին «Հետքին» հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնողական աշխատանքների ընթացքում վիրավորում ստացած և ողջ մնացած 2 զինծառայող է հայտնաբերվել՝ հայ և ադրբեջանցի: Նրանք հոսպիտալացվել են: Մյուս ուղղություններում ողջ մնացած զինվորներ դեռևս չեն հայտնաբերվել։

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով պայմանավորված՝ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքները դադարեցվել են: Թեպետ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել այսօր այդ աշխատանքները շարունակել Հադրութի, Ֆիզուլու, Ղուբաթլուի, Մարտունու և Ջաբրայիլի ուղղություններով:

Որոնողական աշխատանքներին վերջին 2 շաբաթների ընթացքում մասնակցել են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու պատերազմական փորձությունն անցած զինվորները: ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ծնողների և հարազատների փոխանցած ինֆորմացիայի հիման վրա հավաքագրել  և քարտեզավորել է տվյալները, փոխանցել բանակցող կողմին՝ դրանով որոշակիորեն հեշտացնելով աշխատանքը: 

Արցախի փրկարարական ջոկատներն արդեն մեկ ամիս աշխատում են բոլոր շրջաններում, սակայն դեռևս չկա մեկ շրջան, որտեղ որոնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված լինեն։ Դիերի որոնման աշխատանքներ արդեն իրականացվել են Շուշիի և Քարինտակի հատվածներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, Մարտակերտի Թալիշ-Մատաղիս ուղղություններում, Մարտունու շրջանում՝ ներառյալ Շեխեր, Կարմիր Շուկա-Ներքին Ճարտար, Ջիվանի բնակավայրերը, ինչպես նաև՝ Հադրութի և Քաշաթաղի հարավային ուղղություններում: 

Փրկարար ծառայությունից հայտնել են, որ շատ են եղել դեպքերը, երբ ադրբեջանական կողմը պայմանավորվածությունները խախտել է։ Այսինքն՝ խոստացել է թույլատրել դիերի որոնողական աշխատանքներ կատարել, սակայն հետո արգելել է իր վերահսկողության տակ անցած բնակավայրերում որոնումներ կատարել: 

Ռուս խաղաղապահները գործողություններին չեն մասնակցում: Նրանք պարզապես բանակցում են և մասնակցում դիերի փոխանակման աշխատանքին: 

Նշենք, որ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման համար որոնողական աշխատանքները սկսվել են Շուշիից և շարունակվել մյուս բնակավայրերում: 

Լուսանկարները՝ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Ես ոչ մի տեղ չկարդացի ադրբեջանցիների դիերի քանակի մասին, որ փոխանակվել կամ տրվել են նրանց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter