
Այսօր առաջին անգամ դիերի հավաքման և փոխանակման գործընթաց է եղել
Քիչ առաջ ավարտվել է հայ և ադրբեջանցի զինվորների դիերի հավաքման և փոխանակման գործընթացը։ Այն սկսվել էր այսօր` կեսօրին։ Ռազմական գործողությունների ավարտից հետո առաջին անգամ է, որ դիերը փոխանակվում և հավաքվում են։
Այս մասին «Հետքին» հայտնեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Մենք ադրբեջանցիների դիերն էինք հավաքում Շուշիի ներքևի հատվածում՝ հուշարձան տանկից մի քիչ ներքև, իրենք մեր դիերը հավաքում էին վերևի հատվածում»,-ասաց Հունան Թադևոսյանը։
Դիերը հավաքվել են ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի ներկայացուցիչների, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հունան Թադևոսյանի խոսքով՝ դիերի հավաքման և փոխանակման գործընթացը շարունակական է լինելու, քանի որ դիերն ամբողջությամբ չեն հավաքվել և փոխանակվել, հիմնականում դրանք դուրս են բերվել՝ տեսանելի վայրերից։ Իսկ ձորերից դիերի հավաքում չի իրականացվել։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց, որ դեռևս գերիների փոխանակման մասին քննարկում չի եղել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հայտարարվեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն են ստորագրել՝ Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։
Հայտարարությամբ նաև իրականացվելու է ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց, զոհերի դիերի փախանակում։
Լուս.` ԱԻՊԾ-ի
Մեկնաբանել