HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իտալիան և Ավստրիան սուրբծննդյան տոներին կհայտարարեն համազգային կարանտին

Իտալիայի իշխանությունները COVID-19-ի տարածման պատճառով սուրբծննդյան տոներին կհայտարարեն համազգային կարանտին։ Այդ մասին հայտնում է իտալական Corriere della Sera պարբերականը՝ հղում անելով Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին։ «Ստիպված խստացնում ենք միջոցները, սա ցավոտ որոշում էր»,- հայտարարել է Կոնտեն։ 

Դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը Իտալիայի ողջ տարածքը կլինի «կարմիր գոտում», բացառությամբ չորս օրերի (դեկտեմբերի 28, 29, 30 և հունվարի 4), երբ երկրի ողջ տարածքը կլինի «նարնջագույն գոտում»։ Կարանտինային օրերին կարգելվի շրջանների միջև տեղաշարժը։

Ինչպես նշում է La Repubblica-ն, կթույլատրվի փողոց դուրս գալ միայն աշխատանքի մեկնելու, տան մոտ սպորտով զբաղվելու և խիստ անհրաժեշտության դեպքերում։ Փակ կլինեն գեղեցկության սրահները, բարերը և ռեստորանները։ Սակայն սուպերմարկետները, մթերային խանութները, դեղատները և վարսավիրանոցները կշարունակեն գործել։ 

Այն օրերին, երբ Իտալիան կգտնվի «նարնջագույն գոտում», Իտալիայի բնակիչները կկարողանան ազատ տեղաշարժվել, սակայն միայն իրենց շրջանի տարածքում։ Բարերը և ռեստորանները կաշխատեն միայն առաքման ռեժիմով, խանութներն էլ կփակվեն 21:00-ին։ 

Նոյեմբերից Իտալիայում հայտարարված է պարետային ժամ, որը գործում է երեկոյան 22:00-ից մինչև առավոտյան 05:00-ն։ Արգելվել է առևտրի կենտրոնների աշխատանքը հանգստյան օրերին։ Ուսանողներն անցել են հեռավար ուսուցման։ Կառավարությունը նախատեսում է առկա ուսուցումը վերսկսել հունվարի 7-ից։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 938 083 դեպք, մահացել՝ 67 894 մարդ։

Դեկտեմբերի 18-ին Ավստրիայի իշխանությունները ևս հայտարարել էին հավելյալ սահմանափակումների ներդրման մասին։ Ինչպես հաղորդել է Kurier թերթը, դեկտեմբերի 26-ից հունվարի 18-ը կթույլատրվի տնից դուրս գալ՝ միայն խանութ, աշխատանքի կամ այլ մարդկանց օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունից ելնելով։ Ծառայությունների ոլորտի բոլոր ձեռնարկությունները կփակվեն։ Բաց կլինեն միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները։

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն էլ հայտարարել է պատվաստումների մեկնարկի մասին։ Այն կսկսվի դեկտեմբերի 27-ից։ Ավստրիայում համավարակի ողջ ընթացքում, Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, հայտնաբերվել է կորոնավիրուսի 337 209 դեպք, մահացել 5 127 մարդ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter