
Որոշել են զորակոչել քաղաքացի չհանդիսացող անձանց. ինչու՞ է լռում ՊՆ-ն
Վերջին ժամանակահատվածում շրջանային զինկոմիսարիատներից զորակոչման մասին ծանուցագրեր են եկել մի շարք երիտասարդների, որոնք փախսականի կարգավիճակ ունեին, սակայն զրկվել են դրանից:
Կարգավիճակից զրկվելու օրինականության խնդրահարույց լինելու մասին «Հետքն» արդեն գրել է. փախստականներն ասում են, որ միգրացիոն պետական ծառայությունն է նման որոշումներ կայացրել, որի հիման վրա էլ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից իրենք զրկվել են փախստականի համար անձը հաստատող փաստաթուղթ համարվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթից: Այնինչ ծառայության պետ Գագիկ Եգանյանը շեշտում է, որ փախստականները զրկվել իրենց կարգավիճակից դեռեւս 2004-ին՝ օրենքի ուժով, իսկ հետագայում ՄՊԾ-ն դա ուղղակի փաստել է իր որոշումներով: Այժմ մի շարք փախստականներ դատարանում վիճարկում են ծառայության որոշումները, եւ քանի դեռ չկա վերջնական որոշում, ըստ օրենքի, նրանց ճամփորդական փաստաթղթերի ժամկետները երկարաձգվել են:
Եվ չնայած հիմա գործերը դեռ ընթացքի մեջ են, զինկոմիսարիատներից շտապել են զորակոչման ծանուցագրեր ուղարկել երիտասարդներին, ինչը տարօրինակ է եւ օրենքի խախտում է, որովհետեւ օրենքը չէր սահմանում այլեւս փախստական չհամարվող մարդու իրավական կարգավիճակը: Ահա «Փախստականների մասին» օրենքում 2004-ին մտցված այդ կետը. «Փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե օրենքով սահմանված կարգով նրանց ծնողները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»: Ինչպես երեւում է, օրենքը չի ասում, որ այդ երեխաները պետք է ճանաչվեն ՀՀ քաղաքացի: Ըստ «Քաղաքացիության մասին» օրենքի 2004-ին գործող տարբերակի՝ ՀՀ քաղաքացի են ճանաչվում քաղաքացիության ձեռք բերած ծնողների մինչեւ 14 տարեկան երեխաները: Այսինքն՝ բաց էր մնում 14-18 տարեկան երեխաների իրավական կարգավիճակը: Հենց նման վիճակում հայտնված մարդկանց այժմ ծանուցագրեր են ուղարկվել, սակայն նրանք առնվազն ՀՀ քաղաքացի չեն, հետեւաբար, չունեն քաղաքացիներին վերագրվող պարտականությունները:
Օրերս Գ. Եգանյանի հետ հանդիպման ժամանակ փախստական Սերգեյ Հակոբյանը հայտնեց հետեւյալը. «Հավաստի աղբյուրներից շատ լավ տեղեկացված եմ, որ 140 անուն ուղարկվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին այն առումով, որ մենք չունենք փախստականի կարգավիճակ: Դա ինձ տեղեկացրել է Վեդիի զինկոմիսարիատը: Ու ցանկացած մեկին գալիս են տուն առանց ստորագրության ու կնիքի թղթեր գնդապետի կամ փոխգնդապետի անունով, որ էս մարդ ենթակա է զինակոչման»:
Նման մի ծանուցագրի վերաբերյալ «Հետքն» արդեն հրապարակել է փախստական Վլադիմիր Խաչատրյանի մոր բաց նամակը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որն անարձագանք է մնացել:
«Դուք այդ հարցը պետք է պաշտպանության նախարարության եւ զինկոմիսարիատների հետ պարզեք: Ոչ քաղաքացին զինապարտ չէ: Մենք պատրաստ ենք նաեւ ձեզ օգնել, օժանդակել, ինչքան որ կարող ենք: Այսինքն՝ համապատասխան գրություններին ուղարկել ՊՆ-ին, շրջանային զինկոմիսարիատներին՝ նշելով, որ զինապարտությունը ՀՀ քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է, եւ ոչ քաղաքացիները նման պարտականություն չունեն: Թե ինչի՞ են կանչում, ի՞նչ նպատակով, ես չեմ կարող ասել, բայց պատրաստ ենք որպես փախստականների հարցով լիազոր մարմին նրանց համապատասխան տեղեկություններ տրամադրել»,- ի պատասխան բարձրացված հարցի՝ նշեց Գ. Եգանյանը:
Սակայն փախստական երիտասարդները պնդում են, որ հենց ՄՊԾ-ն է կարգավիճակից զրկելու իր որոշումներն ուղարկել ՊՆ-ին, ինչի պատճառով էլ ստեղվել է այս իրավիճակը: Այնինչ, ըստ նրանց, քանի դեռ չկա վերջնական որոշում, դատարանի վճիռ, ծառայությունը նման բան անելու, մյուս մարմիններին մոլորեցնելու իրավունք չուներ:
«Որեւիցե արգելող նորմ չկա, որ մեր ընդունած որոշումների մասին մենք տեղեկացնենք որեւիցե այլ մարմնի»,- իր հերթին պնդում է Գ. Եգանյանը:
Այդուհանդերձ, հասկանալի չէ, թե ինչ հիմքով է ՊՆ-ն որոշել զորակոչել մարդկանց, որոնք ոչ միայն դեռ չեն զրկվել կարգավիճակից, այլեւ առանց դրա էլ ՀՀ քաղաքացի չեն (կարգավիճակից զրկվելուց հետո նրանք կդառնան քաղաքացիություն չունեցող անձ, որի կարգավիճակը սահմանվում է օրենքով): Զինկոմիսարիատներից ուղարկված անստորագիր ու անկնիք ծանուցագրերը միայն կասկածի տեղիք են տալիս: Այս պարագայում ՊՆ-ն պարտավոր է հանդես գալ պարզաբանումներով:
Մեկնաբանություններ (85)
Մեկնաբանել