
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, որը փոխանցվել է Քննչական կոմիտե։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ հոդվածով հարուցված քրեական գործի մասին է խոսքը։ Ոստիկանության փոխանցմամբ՝ այս պահին Առուշ Առուշանյանը ոստիկանությունում չէ, տևական ժամանակ է՝ գտնվում է Քննչական կոմիտեում, նրա կարգավիճակի, հարուցված քրեական գործի հոդվածի վերաբերյալ մանրամասները կարող ենք ճշտել Քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեից, սակայն, հայտնում են, որ այս պահին դեռևս գործը չեն ստացել, հետևաբար մանրամասներ չեն կարող հայտնել հոդվածի, Առուշանյանի կարգավիճակի վերաբերյալ։
Նշենք, որ Առուշ Առուշանյանի անունը շրջանառվում է մի քանի քրեական գործի շրջանակներում, սակայն այս քրեական գործը, ենթադրվում է, նոր է, քանի որ փաստացի այն նոր է փոխանցվում Քննչական կոմիտեին։
Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Գորիսի դարպասների մոտ են լինելու և թույլ չեն տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը քաղաք։
Մեկնաբանել