HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրամանատար Մինասյանն իր զրահաբաճկոնը տվել էր զինվորին ու փրկել նրա կյանքը, իսկ ինքը մահացու վիրավորում ստացել

Գյումրեցի ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանի սպայական գլխարկն այլեւս դրված է հյուրասենյակի պահարանի վրա՝ Վարդգեսի լուսանկարի կողքին:

Հյուրասենյակում ծանր լռություն է: Նման իրավիճակներում ցանկացած հարց կարող է անիմաստ թվալ: Վարդգեսի մայրը՝ տիկին Վարդուհին, խոր հոգոց է հանում, խզված ձայնով ներողություն խնդրում ու դուրս գալիս հյուրասենյակից: Բոլորս նայում ենք Բետիին՝ 5-ամյա շանը: Նա աշխույժ վազվզում է, հետո պտույտներ է անում: Իսկ երբ սկսում է խաղալիքները փնտրել, ժպտում ենք նրա գործադրած ջանքերի համար:

Տիկին Վարդուհին աննկատ մոտենում է բազմոցին, ինքն էլ հետեւում է Բետիի աշխուժությանը: Ասում է՝ այս օգոստոսին որդին մեկ ամսով արձակուրդ էր եկել, սեպտեմբերին էլ քրոջ նշանադրությունն էր: Դրանից օրեր անց Վարգդեսը ճամպրուկն էր դասավորում՝ ծառայութան վերադառնալու համար: Բետին տանը եղած բոլոր հողաթափերն ու կոշիկները, տարել լցրել էր ճամպրուկի մեջ, ինքն էլ տեղավորվել ճամպրուկում: Սա պատմելուց հետո տիկին Վարդուհու ձայնը դարձյալ խզվում է: Սեղանից վերցրած անձեռոցիկներն արագ խոնավանում են, ինչպես հորդառատ անձրեւի ժամանակ է լինում: Սակայն այս դեպքում դրանք թրջվում են որդուն կորցրած մոր արցունքներից:

Վարդգես Մինասյանը 26 տարեկան էր: Թե՛ տնեցիները, թե՛ ընկերները նրան Վկուլ էին ասում: Մինչեւ բանակ զորակոչվելու տարիքը Վարդգեսը զբաղվում էր ըմբշամարտով: Թեեւ չեմպիոնական տիտողներ ուներ, սակայն մի քանի անհաջողությունից հետո հիասթափվել էր՝ որոշելով զինվորական դառնալ: Ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Քույրը՝ Վիոլետան, ասում է, որ բուհն ավարտելուց հետո եղբայրը հրաժարվել էր մասնակցել զորամասի ընտրության վիճակահանությանն ու դիմել, որ իրեն ուղարկեն Ջաբրայիլ: Այդպես էլ վարվել էին: «Կյանքի մինչեւ վերջին վայրկյաններն էլ ապրեց Ջաբրայիլում»,- նշում է քույրը՝ շարունակելով, որ եղբայրը շատ էր նվիրված զինվորներին:

-Սաղ խալիներս հավաքեց, տարավ, ինչ ունեինք, տանում էր դիրքեր: Ասում էր՝ տանեմ-փռեմ զինվորներիս ոտքերի տակ, հանկարծ չմրսեն,- ասում է տիկին Վարդուհին:

-Հա, ինքն ապրում էր զինվորով, զինվորը պիտի չմրսեր, տաք լիներ,- շարունակում է Վիոլետան:

-Ու ամենակարեւորը՝ կուշտ լինեն,- ավելացնում է մայրը:

Վերջին արձակուրդից հետո Վարգդեսը սրճարան-ավտոբուս էր տարել Ջաբրայիլ, որն ամայի Ջաբրայիլում փոքր օազիս ու հետաքրքրություն ստեղծելու համար էր: Բացումը պետք է լիներ սեպտեմբերի 21-ին, անգամ փուչիկներ էր տարել դրա համար: Արարողությունը, սակայն, հետաձգել էր կիսատ գործեր ունենալու պատճառով:

Քիչ հետո Վիոլետան հարեւան սենյակից բերում է ոսկեգույն երիզով կարմիր, կապույտ բարձ, որի մի երեսին Վարդգեսի մարտական դիրքի համարն է՝ 111:

-Սա միակ բանն է, որ Վարդգեսից մնացել է,- նշում է քույրը:

Սեպտեմբերի 26-ին դիրքեր բարձրանալուց առաջ Վարդգեսը խոսել էր մոր հետ: Խոսակցությունն առօրեական էր, առանձնապես ոչ մի արտառոց բան չէր եղել: Հաջորդ օրը տնեցիներին չէր զանգել, բայց հորեղբոր ու հորաքրոջ տղաներին պատմել էր, որ զորքի մեջ զոհերը շատ են:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Վարդգեսը հեռախոսի միջոցով մի զինվորի օգնել էր դուրս գալ շրջափակումից: «Վկուլը, մի ժամ խոսելով, այդ տղային բերել հասցրել էր իր վաշտը: Մենք «Ֆեյսբուքից» էինք իմացել էդ մասին»,- նշում է քույրը, իսկ տիկին Վարդուհին լրացնում է դստեր խոսքը՝ ասելով, որ մոլորվածները երկուսն էին:

Նույն օրվա՝ սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո Վարդգեսը զոհվել էր: Դիրքերից մեկի վրա թշնամու ճակատային գրոհի ժամանակ նա հրաման էր ստացել զորքով այդ ուղղությամբ շարժվել: Մեկնել էին երկու մեքենայով՝ մոտ 40 հոգով: Տեղ հասնելուց հետո Վարդգեսը հասցրել էր զինվորներին տեղավորել: Նրանցից մեկը նահանջի ժամանակ կորցրել էր զրահաբաճկոնը, ու հրամանատար Մինասյանը հանել էր իր զրահաբաճկոնն ու տվել այդ զինվորին, իսկ ինքը բեկորային վնասվածք էր ստացել հենց սրտի հատվածում:

-Եթե բրոնի ժիլետը հագը լիներ, կարող ա մենակ կողոսկրը վնասվեր: Կարող է փրկվեր,- ասում է Վիոլետան՝ ավելացնելով, որ զինվորը, ում տվել էր իր զրահաբաճկոնը, փրկվել էր:

Ավելի ուշ մեր զրույցին է միանում Վարդգեսի մարտական ընկերներից Ալբերտ Արշակյանը:

-Մինասյան Վարդգեսին կըսեին Վկուլ: Ինքը Ջաբրայիլի Վկուլն էր,- ասում է Ալբերտը:

Կապիտան Արշակյանը Ջաբրայիլում վաշտի կապավոր էր: Ասում է՝ գործի բնույթից ելնելով՝ մարտական դիրքերով հաճախ էր շրջում: Վկուլի հրամանատարության տակ գործող մարտական դիրքերի կահավորվածության համբավը Ջաբրայիլում բոլորը գիտեին: «Որ վերադասից գալիս էին ստուգումների, միշտ ասում էին՝ Վկուլի դիրքերն են: Իր դիրքերը սաղ նույն ձեւով ռեմոնտ էր արել, բայց ինքն իր տեղը չէր սարքել: Ասում էր՝ մինչեւ պոստերս չսարքեմ, իմ տեղը չեմ սարքե»,- վերհիշում է Վարդգեսը:

Վկուլն ու Աբոն ընկերներ են եղել նախքան ծառայության անցնելը: Երկուսն էլ ըմբշամարտով էին զբաղվում: Աբոն ավարտել է Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը: Երբ արդեն պիտի ընտրեր ծառայության վայրը, զանգել էր ավագ ընկերներին, այդ թվում՝ Վարդգեսին: «Վկուլին զանգեցի, ասեց՝ ծո ապ, ի՞նչ կմտածես, մեկից Ջաբրայիլ, ուրիշ տեղ չքաշես»,- հիշում է մարտական ընկերը:

2017-ին Ալբերտ Արշակյանն արդեն Ջաբրայիլում էր, որտեղ մոտ 1 տարի ծառայության մեջ էր Վարդգեսը:

Մարտական ընկերներով այնպես էին դասավորել, որ բոլորով բնակվեին նույն սպայական շենքում: Աբոն ասում է, որ մի մուտքում էին ապրում, բայց չգիտես ինչու միշտ հավաքվում էին Վկուլենց տանը: Երբ դիրքերում չէին լինում, երեկոները ընկերներով էին ընթրում: Ու այդ տարիներին Վարդգեսն այն շաղախն էր, որ ամրացնում էր ընկերական կապերը: Աբոն ասում է՝ Վկուլը չէր թողնում, որ մեկը մյուսից նեղացած մնար, բոլորին հավաքում էր, թե «ծո ապ ջան, արեք տեսնեմ՝ ի՞նչ է եղել»: Եթե ընկերների միջեւ էլ կոնֆլիկտ էր լինում, բոլորին հավաքում էր տանը, ասում՝ եկեք, հարցը լուծենք: Ու կարեւոր չէր, թե մեղավորը նույնիսկ մտերիմ ընկերներից էր լինում, ասում էր ՝ «դու սխալ ես, ըսիկ ճիշտ է»:

Երբեմն էլ պատահում էր, որ երեկոները ընկերներով հավաքների ժամանակ զինվորներից զանգում էին եւ ասում, որ շտապ հարց կա: Վկուլն ամեն ինչ մի կողմ էր թողնում էր ու հասնում զինվորին: Իսկ երբ նոր սպաներ էին ծառայության անցնում իրենց վաշտում, Վարդգեսը երեկոյան հավաքում էր բոլորին, ծանոթացնում ոչ միայն ծառայության հարցերին, այլեւ առօրյային:

Իր վերջին ծննդյան օրը դիրքերում մատաղ էր արել ու անձամբ բաժանել բոլոր դիրքերի զինվորներին: Այդ օրը Վարդգեսը նաեւ հնարավորություն ուներ իջնել դիրքերից, բայց հրաժարվել էր՝ ասելով, որ զինվորների հետ է նշելու ծննդյան օրը: «Ասեց՝ ապ ջան, զինվորներիս հետ եմ նշելու, իմ ընկերների հետ երբ ուզեմ, կընեմ ծնունդս,- պատմում է Ալբերտը, քիչ անց ավելացնում,- իր դիրքերում միշտ քաղցրավենիք էր լինում»:

Վարդգեսը Նոր տարին դիմավորում էր դիրքերում՝ զինվորների հետ: Վիոլետան ցույց է տալիս նախորդ Ամանորի լուսանկարը: Տնից տոնածառ, շղթաներ, խաղալիքներ էր տարել, տոնական սեղան էին պատրաստել: Իսկ Վարդավառին շենքի բոլոր երեխաներին հավաքել էր բակում ու «ջրոցի» խաղացել:

Պատերազմից օրեր առաջ Վարդգեսը ճանաչվել էր զորամասի լավագույն վաշտի հրամանատար:

-Վկուլը Ջաբրայիլի ամենավտանգավոր պոստերում էր՝ 111 դիրքում: Բոլորը գիտեին էդ մասին, եւ էդքանով հանդերձ՝ իրեն էին վստահել էդ պոստը,- ասում է կապիտան Արշակյանը:

Սեպտեմբերի 27-ն այն կետն է մեր զրույցում, որին ակամայից խուսափում ենք անդրադառնալ: Սակայն զրույցի ընթացքը միեւնույնն է խաչվում է դրան: Ալբերտը Վարդգեսին տեսել է սեպտեմբերի 27-ին ու 28-ին: Ամսի 27-ին դասակներից մեկի հրամանատարը ամաչելով զանգել էր Վարդգեսին ու ասել, որ չեն կարողանում պահել դիրքը: «Ասեց՝ ծո ապ ջան, իջեք,- պատմում է կապիտան Արշակյանը,- ինքը գնացել ու սաղ անձնակազմին հանել էր»:

-Ի՞նչ խոսեցիք վերջին անգամ,- դիմում եմ կապիտան Արշակյանին:

-Ըսավ՝ որ ինձի մի բան էղնի, անպայման ընկերներով մորս տեսնելու կգնանք: Ասեցի՝ լավ, էլի, ի՞նչ ես խոսում: Դրանից 15 րոպե չանցած՝ զանգեցին, ըսեցին, որ ըդպես բան է եղել: Ու հեչ մեկս չէինք հավատում, որ ինքը զոհվել է: Կյանքում ինչքան ճանաչել ենք, ընկճված չենք տեսել: Մի դրվագ չէր եղել, որ ինքը դրա տակից դուրս չգար: Ցանկացած խնդրի, իրավիճակի լուծում գտնում էր: Ես մինչեւ իր գերեզմանը չեմ գնացել, չեմ հավատացել, որ ինքը չկա:

-Եթե զրահաբաճկոն հագած լիներ, հնարավո՞ր էր...,- հարցս կիսատ է հնչում:

-Էդ դեպքում 50/50 կլիներ: Ես մտածում եմ, որ դա զուտ ճակատագրական հարց էր: Եթե պիտի պատահեր... Չէր կըրնա, էլի, որ ինքը զրահաբաճկոն ունենար, իր զինվորը չունենար,- ասում է Ալբերտը:

-Եթե ժամանակը հետ տային, վերջին անգամ ի՞նչ կասեիք նրան,- հարցնում եմ:

-Հեչ բան չէի ասի, չէի թողնի, որ գնար,- պատասխանում է ընկերը, հետո լռում, բայց քիչ անց ավելացնում, որ եթե նույիսկ Վկուլն այդ ուղղությամբ չգնար, մեկ ուրիշ թեժ ուղղությամբ  էր հաստատ գնալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter