Տնտեսվարողների ներդրումների պայմաններին առնչվող նախագծի ժամկետը կերկարաձգվի
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հեղինակած` «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին:
Թունյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Հարկային օրենսգրքում փոփոխություն են արել, որը պայմանական անվանել են արագացված ամորտիզացիայի հնարավորություն:
«Այդ կերպ հնարավորություն էինք տվել ներդրողներին, որ եթե ներդրումները կատարեին հուլիսի 1-ից մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ապա այդ մասհանումները կատարեին ոչ թե ըստ ֆիքսված ժամանակացույցի, այլ իրենց ավելի հարմար եղանակով: Քանի որ վերջին եռամսյակում ֆորսմաժորային իրավիճակ ենք ունեցել, որոշել ենք մեկ տարով հետաձգել արտոնությունը»,-ասաց Թունյանը:
Մինչ այս փոփոխությունները, եթե տնտեսվարողը ներդրումներ էր անում, օրինակ՝ սարքավորումներ գնում, չէր կարող այդ ծախսը տվյալ տարում ծախսագրել: Առանձին խմբերի համար կար առաձին ժամանակաշրջան, օրինակ` համակարգիչների համար մեկ տարի, շենք-շինությունների համար` քսան տարի, սարքավորումների համար` հինգ տարի: Հարկային օրենսգրքում, սակայն, կար բացառություն, օրինակ` կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի համար, երբ տնտեսվարողը կարող էր սարքավորումների ու գույքի համար ինքը որոշել` նեդրումներն ինչ ժամկետում է իրականացնում:
Փոփոխություններով նույն հնարավորությունը ընձեռվեց բոլոր տնտեսվարողներին, որ ներդումները կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, ծախսագրումները կարողանան սահմանված ժամկետից երկար ժամանակում կատարել:
Ֆինանսների նախարար Արման Պողոսյանն իր ելույթում ասաց, որ կառավարությունը հակված է առաջարկել փոփոխություններն ընդունել ապրիլի 20-ից հետո, սակայն այն տարածելով 2021-ի հունվարից 1-ից ծագող հարաբերությունների վրա: Ըստ փոխնախարարի` այդ կերպ գործադիրը հնարավորություն կստանա ավելի իրատեսական գնահատել նախորդ վեց ամսվա ժամանակահատվածի ազդեցությունը:
«Առաջարկում ենք ապրիլին ընդունել, երբ կունենանք շահութահարկի բոլոր հաշվարկները, առանձին հավելվածով կլինի հարկման բազայի մնացորդի փոփոխությունը, նաև կկարողանանք համադրել հիմնական միջոցների ներմուծման ծավալների հետ»,-ասաց Պողոսյանը:
Բաբկեն Թունյանը հակադարձեց` խորհրդարանն այս փոփոխություններն ընդունել է որպես ժամանակավոր միջոցառում, հակաճգնաժամային գործիք:
«Եթե մարդը պլանավորում էր եկող տարի որոշակի ներդրում անել, ապա արագացնի այդ գործընթացը:.Գործարարները պետք է կանխատեսելիություն ունենան, մարդը չպետք է մինչև ապրիլ-մայիս ամիսները սպասի, նոր ընդունվի նախագիծը»,-ասաց Թունյանը:
Նախագիծը դրվեց քվեարկության` արժանանալով դրական եզրակացության: Թունյանը հայտնեց, որ պատգամավորները ստորագրահավաք են նախաձեռնել վաղը` դեկտեմբերի 24-ին արտահերթ նիստ հրավիրելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել