Ծխախոտային արտադրատեսակներին առնչվող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր դեկտեմբերի 23-ին քննարկվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի՝ 2021 թվականի ուժի մեջ մտնող դրույթները մեկ տարով հետաձգելու օրենսդրական առաջարկը:
Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանը և Հովիկ Աղազարյանը: Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ այս տարվա փետրվարին օրենքի նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել` շեշտելով, որ բազմաթիվ մտահոգություններ ունեին կապված տնտեսական հետևանքների հետ: Ապա հավելեց, որ չնայած հանձնաժողովը դրական եզրակավցություն էր տվել, սակայն քվեարկությունն ազատ էր:
Եվ քանի որ այս տարի ֆորսմաժորային իրավիճակներ են եղել, ուստի առաջարկում են որոշ դրույթների ուժի մեջ մտնելը հետաձգել, ինչպես` ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, որը պետք է ուժի մեջ մտներ 2021-ի հունվարի 1-ից:
Կառավարության տեսակետը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Նրա խոսքով՝ նախագիծն իրենց համար անակնկալ է եղել, ծանոթացել են ԱԺ կայքից: Նանուշյանի խոսքով` չնայած ԱՆ-ն պատրաստակամ է եղել աշխատանքային խումբ ձևավորել և աշխատել պատգամավորների հետ այս օրենքի փոփոխությունների մշակման վրա, սակայն պատգամավորներից փոխգործակցության ազդակ չեն ստացել:
Փոխնախարարը վստահեցրեց` ԵԱՏՄ գործընկերների հետ ևս օրենքը քննարկել են, որևէ հակասություն չկա, բացի մի կետից, որն ընդգրկված չէ քննարկվող նախագծում: Այն կապված է ծխախոտի պարզ փաթեթավորման հետ, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականից:
«Այս ամիսները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ճիշտ ճանապարհի վրա ենք: Կորոնավիրուսային հիվանդությունից մահանում են հենց այն մարդիկ, ովքեր ոչ վարակիչ հիվանդություն ունեն, իսկ ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի ֆակտորը հանդիսանում է ծխախոտի օգտագործումը: Մենք մեր համատեղ ուժերը պետք է ներդնենք, որ օրենքի կիրարկումն իրականացնենք»,-ասաց Լենա Նանուշյանը:
Նանուշյանը նաև հայտնեց, որ դպրոցների հարևանությամբ տեղադրված կրպակներում մեծամասամբ հանվել են ծխախոտների տուփերը, քանի որ տնտեսվարողները գիտեն՝ հունվարի 1-ից արգելվելու է ցուցադրությունը:
Պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հակադարձեց` աշխատանքից գալիս 7-8 կրպակում հարցրել է` գիտե՞ն, արդյոք, որ հունվարի 1-ից արգելվելու է ցուցադրությունը, բոլորը պատասխանել են` ոչ: Զեյնալյանի խոսքով` այդ մի քանի կրպակներn, իհարկե, հավաստի վիճակագրություն չեն, սակայն ցուցիչ է, որ հեռավոր մարզերում տեղեկացված չեն լինի, և կա վտանգ, որ հունվարի 1-ից սկսեն տուգանվել:
Փոխնախարարի խոսքով` տարեկան հինգ հազարից ավելի մահ պայմանավորված է միայն ծխախոտային ռիսկի գործոնով:
Պատգամավորները հիմնականում խոսում էին տնտեսական գործոնի, հետևաբար վնասների մասին: Բաբկեն Թունյանն ասաց, որ ցուցադրությունն արգելելը նշանակում է, որ ՀՀ-ում մի քանի հազար տնտեսվարողներ զրկվում են ամսական 40-50 հազար դրամ եկամտից: Ծխախոտային ընկերություններն ըստ իրենց վաճառքի ամսական որոշակի գումար են տալիս, որը տարեկան 15-20 միլիոն դոլարի տնտեսական խնդիր է: Թունյանի համոզմամբ` այս պայմաններում տնտեսությանը 10 միլիոն դոլարից զրկելը շռայլություն կլինի:
Փոխնախարարը քննարկմանն ասաց, որ իր համար հասկանալի չէ՝ օրենքի երեք դրույթի հետաձգումն ինչ տնտեսական ազդեցություն ունի, ապա առաջարկեց այն հանել շրջանառությունից:
Երկար քննարկումներից, ապա 20 րոպե ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության եւ արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կընդգրկվի վաղը գումարվելիք արտահերթ նիստի օրակարգ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել