
Զինծառայողների գերեվարման փաստով մինչ օրս որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել
Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում սկսված պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո բազմաթիվ հայ զինծառայողներ գերեվարվեցին։ Գերեվարվածների շարքում կան նաև քաղաքացիական անձինք։
Պատերազմի ավարտից ավելի քան 40 օր է անցել, բայց դեռևս հայտնի չէ, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում։ Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցավ հայ գերիների փոխանակման գործընթաց։ Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեց պաշտոնապես հաստատված 44 գերի՝ զինծառայողներ և մինչ պատերազմը Ադրբեջան գերեվարված քաղաքացիական անձինք։
Պատերազմի հետևանքով զինծառայողների գերեվարման փաստի առնչությամբ մինչ օրս որևէ պաշտոնյա, զինված ուժերի պատասխանատու անձ պատասխանատվության չի ենթարկվել։
Այդ մասին «Հետքին» հայտնել է գլխավոր դատախազությունը։
«Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների գերեվարման փաստով որևէ պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել»,- հայտնել են դատախազությունից։
Դատախազության փոխանցմամբ՝ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, այդ հանգամանքը քննության առարկա է, ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում համապատասխան փաստական տվյալների բավարար համակցություն ձեռք բերելուն պես պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում։
Մեկնաբանել