
Արսեն Թորոսյան. «Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը սպասում է հոսպիտալացման»
«Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը սպասում է հոսպիտալացման: Բոլորը ստանում են պատշաճ բուժօգնություն»,- այս մասին Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել բնականոն գործունեությանը: Այդ տրամաբնությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային կանոնները, քանի դեռ պայքարի այլ տարբերակ չունենք: Հաշվի առնելով, որ հիմա մարդիկ ավելի շատ են լինում փակ տարածքներում ու ավելի քիչ է օդափոխվում տարածքը, վարակի կրկնակի աճի ռիսկը ավելի մեծ է»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված:
«Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մեծ մասը քաղաքականացված էր: Մեզ օրինակներ էին բերում, թե՝ տեսե՛ք որքան վատ է Հայաստանում կառավարվում կորոնավիրուսի դեպքերը, բայց մեր կանխատեսումը իրականություն դարձավ: Երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակի հարց է»,- ասաց վարչապետը:
Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել