
«Տուզ ջոկը». 70 օր անհետ կորած զինվորներն անցել են ամենատարբեր արկածների միջով
Այրվածքաբանության ազգային կենտրոնի առաջին հարկում գտնվող անցակետում այցելուները հարցնում են թիվ 19 հիվանդասենյակի տեղը: Նրանց խնդրում են 10 րոպեից ավել չմնալ ներսում:
Հիվանդասենյակը փոքր է թվում անընդհատ եկող-գնացողների ներկայությամբ: Մահճակալներին 70 օր շրջափակման մեջ հայտնված եւ իրար հետ երկար ճանապարհ անցած 6 զինվորներից 4-ն են՝ Արման Արմաղանյանը, Ռուսլան Թումանյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Այվազյանը: Դավիթ Սահակյանը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ Նիկոլայ Ստեփանյանը՝ Մուրացանի հոսպիտալում: Գետնին, պատուհանագոգին, աթոռներին տեսակցողների բերած մրգերով, քաղցրավենիքով, հյութերով տոպրակներն են:
Բուժքույրը միացնում է Արթուրի կաթիլային ներարկումը: Արթուրը ժպտում է, հետո երբ սկսում է պատմել շրջափակման մեջ անցկացրած 70 օրերի մասին, դրվագներն այնքան սահուն, պատկերավոր է ներկայացնում, որ թվում է՝ ֆիլմի սցենար է: Արթուրը զրույցի սկզբում խնդրում է չհրապարակել իրենց եղած գյուղերի տեղանունները, որովհետեւ, ըստ նրա, այնտեղ կարող են էլի զինվորներ լինել:
6 մարտական ընկերները ծառայում էին Ջաբրայիլում: Նրանք բոլորն էլ նորակոչիկներ են: Երբ պատերազմն սկսվեց, 6-ն էլ ռազմաճակատում էին: Արթուրն ասում է՝ սկզբից թվում էր, թե այդ ամենը կարճ կտեւի, բայց հետո պարզվեց՝ չէ: Պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ անց տղաներին տարել էին Հադրութ: Այդտեղ մի օր սարի վրա էին մնացել: Բայց երբ թշնամին անսպասելի հարձակվել էր, քիչ-քիչ սկսել էին նահանջել: «Մոտ 100 հոգի չհասցրեց նահանջել: Էնպես ստացվեց, որ բոլորս մի փոսի մեջ հայտնվեցինք: Շրջափակման մեջ ընկանք: Սարերում, անտառներում 6 հոգով շրջափակման մեջ ենք եղել 70 օր»,- պատմում է Արթուրը:
Ցերեկները պատսպարվում էին տների երկրորդ հարկում կամ ձեղնահարկերում: Իրար հետ շշուկով կամ ժեստերի լեզվով էին խոսում, փորձում էին ամեն կերպ անձայն մնալ: Նույն տանը ձգտում էին երկար չմնալ: Գիշերներն էին հիմնականում ուտելիք փնտրում՝ մուրաբա, կոմպոտներ էին գտնում: Առհասարակ տեղաշարժվում էին գիշերը: Եղել են նաեւ դեպքեր, երբ երկրորդ հարկից հետեւել են ադրբեջանցիների ելումուտին: Երբ վերջիններս ներս էին մտնում, ջարդում, քանդում էին: Արթուրն ասում է՝ բարբարոսների պես էին: «70 օր մենք շարժվել ենք, եղել ենք անտառներում, տներում: Իսկ տներում մնալը վտանգավոր էր, իրենք անընդհատ մտնում էին տներ, մանավանդ պատերազմից հետո: Մենք էնպիսի տեղերում էինք պատսպարվում, որ մեզ չտեսնեին, բայց մենք իրենց տեսնեինք»,- պատմում է 18-ամյա զինվորը:
Արսենը հիշում է մի դրվագ, որ միշտ աչքի առաջ է: Դեռ 21 հոգով էին, երբ թաքնվել էին մի տան մեջ: Տղաներից մեկը դուրս էր եկել, ու ադրբեջանցիները նկատել էին նրան: «Միանգամից ասեցին՝ «будет штурм, выходите на улицу»: Սպասեցինք, սպասեցինք, բան չարեցին: Երկհարկանի տուն էր: Սկսեցին քարեր շպրտել: Շներ կային, շների վրա կրակեցին, հետո անցավ ժամանակ, թողեցին-գնացին: Տարօրինակ էր էդ պահը:
-Հիմա որ մտածում եք՝ ինչի՞ թողեցին-գնացին:
-Երեւի իրենց համար ավելի վտանգավոր էր ներս մտնելը: Դրսից ներս մտնելն ավելի վտանգավոր է:
-Զենք ունեի՞ք:
-Հա, մենք ավելի շատ նռնակներից էինք վախենում, որ չշպրտեին: Մենք սկզբից 21 հոգով էինք, հետո խմբերի բաժանվեցինք,- ասում է Արսենը:
-Այսինքն՝ հնարավո՞ր ա, որ առաջիկայում էլի տղաներ հայտնվեն:
-Հնարավոր ա:
Երբ պատերազմն ավարտվեց, գյուղում մնալն ավելի վտանգավոր էր դարձել: Ընկերներով մտածել էին, որ պետք է մի ձեւով փորձեն դուրս գալ:
-Իսկ ո՞նց իմացաք, որ պատերազմն ավարտվել է,- հարցնում եմ Արսենին:
-Հրադադարից առաջ գրեթե 3 օր հրետանին խփում էր, հետո մի գիշեր իրենք 1,5 ժամ օդ կրակեցին: Դրանից հետո կրակոցները դադարեցին, միակողմանի կրակում էին:
-Բա ինչի՞ էին օդ կրակում,- կրկին հարցնում եմ:
-Դե, երեւի ինչ-որ բան էին նշում,- պատասխանում է Արթուրը:
Շրջափակման մեջ հայտնված տղաները սկզբից ուզում էին շարժվել Հայաստանի ուղղությամբ, բայց հետո հասկացել էին, որ դա շատ վտանգավոր է, քանի որ հայկական դիրքերի պաշտպանությունն ամուր կլիներ: Շարժվել էին դեպի Իրան, ուզում էին ինչ-որ կերպ Արաքսն անցնել, ինչին նախապատրաստվել էին: Ձեթով բրինձ էին պատրաստել, լցրել տարայի մեջ, շշերով մուրաբա եւ կոմպոտ վերցրել ու շարժվել: Տղաներն ուղիղ գծով քայլել են մոտ 60 կմ, իսկ փաստացի՝ ավելի երկար: Սարերում արդեն ձյուն էր եկել, ու 6-ի ոտքերն էլ ցրտահարվել էին:
-Եղե՞լ ա, որ երգեիք:
-Հա, երգում էինք, խոսում: Ռուսլանն էր շատ երգում: Երբ արդեն սարերով էինք քայլում ու լրիվ ձյուն էր, Նոր տարվա տրամադրություն էր: Այ էդ ժամանակ Նոր տարվա երգեր էինք երգում, որովհետեւ թուրքերից հեռու էինք:
-Կա՞ն դրվագներ, որոնք տպավորվել են:
-Մի անգամ մի սար կար, հասել էինք էդտեղ, ամպերի վերեւն էինք, քեզ թվում էր, թե դու կարաս վազես այդ ամպերի վրա:
Ծրագրած ուղղությունից, սակայն, շեղվել էին: Վերցրած ուտելիքն ու ջուրն էլ վերջանում էր: Դեկտեմբերի 17-ին ճանապարհին գյուղ էին տեսել: Որոշել էին բնակավայր մտնել՝ գոնե տանիք ունենալու համար: Գյուղը գտել էին նաեւ ջրի փնտրտուքի արդյունքում: Արսենն ասում է՝ զինվորական անջրանցիկ վերարկուն փռել էին գետնին, անձրեւաջուր հավաքել ու խմել: Այնուհետ 60 մետր հեռավորության վրա ջուր էին գտել:
Տեխնիկայի պատասխանատուն Արմանն էր: Երբ տնից տուն էին գնում, հեռախոսի համար մարտկոցներ էր փնտրում: Ամբողջ ճանապարհին հեռախոսի կապն էր ստուգում: «Երբ մտանք գյուղ, ոտներս ցավում էր: Մտքովս անցավ հեռախոսը փորձել, տեսա, որ երկու գիծ կա: Կապ կար մեջը: Սկզբից զանգեցի ախպորս, հետո՝ պաշտպանության նախարարություն»,- պատմում է Արման Արմաղանյանը:
-Արմանն ասեց՝ պատկերացնո՞ւմ եք կապ լինի: Ուտելիք չունեինք արդեն: Ռուսլանն ու Արթուրն էդ ժամանակ մի քիչ լավ էին քայլում, իջել էին, որ տեսնեն՝ ջուր կգտնե՞ն: Մտածում էինք, որ կարող ա ինչ-որ առվակ լիներ: Ասեցին՝ ուտելիք ենք գտել՝ կանսերվաներ կան, քաղցրավենիք: Մտանք մի տուն, Արմանը հեռախոսն ա ստուգում, ասում ա՝ տղերք, կապ կա: Արթուրը դրսում էր, էդ ժամանակ ներս ա գալիս, ասեցի՝ մի բան ասեմ, չես հավատա, կապ կա,- վերհիշում է Արսենը:
-Հիմա գլուխգովան չլինեմ՝ էդ 70 օրերին համոզված եմ եղել, որ դուրս ենք գալու,- նկատում է Արմանը: Իսկ եղբոր հետ խոսելուց երեք հարց էր տվել, որոնցից առաջինն այն էր, թե ինչպես կարող է կողմնացույց պատրաստել:
Դեկտեմբերի 20-ին 6 զինծառայողները շրջափակումից դուրս են բերվել ու հայրենիք վերադարձվել ռուսական խաղաղապահ ուժերի, Կարմիր խաչի եւ Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության օգնությամբ:
Տղաներն ասում են՝ 70 օր իրար հետ այնքան են զրուցել, այնքան լավ գիտեն իրար կյանքի դրվագները, միմյանց ընտանիքների անդամներին: Նույնիսկ խաղ էին կազմակերպել, որի ժամանակ մյուսները պիտի գուշակեին իրենց մտերիմների մասին:
-Կգրե՞ք մի օր ձեր պատմությունը, թե ինչի միջով անցաք,- հարցնում եմ նրանց:
-Մեր 6-ի մեջ կա Նիկոլայը: Ինքը չինարենի եւ անգլերենի ուսուցիչ է: Ուզում էր գիրք գրել, վերնագիրն էլ դներ «Տուզ ջոկը»: Կոլյան ու Դավիթը հայերեն հասկանում էին, բայց ռուսերենն ավելի հեշտ էր, դրա համար մենք իրար հետ ռուսերեն էինք խոսում: Մյուս կողմից՝ շատ էինք սիրում թուզի ջեմն ու մուրաբան: Դրա համար գրքի վերնագրի «տուզը» հենց թուզն ա՝ միրգը,- բացատրում է Արթուրը:
Խոսում ենք անելիքների մասին: Արթուր Հարությունյանը 18 տարեկան է: Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցն է ավարտել: Հայ-ամերիկյան համալսարանի ճարտարագիտություն եւ ինժեներիա բաժինն ընդունվելուց հետո զորակոչվել է բանակ: Ծառայությունից հետո կշարունակի ուսումը:
-Իսկ հետո կարո՞ղ է ռազմարդյունաբերության մեջ որեւէ բան անես,- հարցնում եմ;
-Պատերազմի կողմնակիցը չեմ, շատ կուզեի իմ օգուտը տալ ավելի խաղաղ ճանապարհներին: Դեռ լրիվ վստահ չեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց երկար ժամանակ ունեմ, կմտածեմ:
-Ի՞նչ երազանքներ ունե՞ս:
-Այս պահին երազանքս կատարվել է,- ասում է Արթուրն ու ժպտում:
Արսեն Այվազյանը 19 տարեկան է: Ինֆորմատիկայի պետական քոլեջն է ավարտել: Ծառայությունից հետո մեկնելու է Չեխիա ուսանելու: Արսենն ասում է՝ մտածում էին մինչեւ Նոր տարի տուն հասնելու մասին: Հիմա երազանք չունի:
Արման Արմաղանյանը 21 տարեկան է: Տարեդարձն անցկացրել է շրջափակման մեջ: Արմանը ծառայությունից հետո վերադառնալու է իր աշխատանքին՝ տպարանում տպագրիչ-դիզայներ է:
-Երազանքները շատ հասարակ են եղել: Միշտ մի կադր եմ պատկերացրել՝ տանը ախպորս հետ նստած սպասում եմ, թե մաման երբ ա ուտելիքը բերում: Էդ պահին տոլմա էի պատկերացնում,- ասում է Արմանը:
Ռուսլան Թումանյանը 18 տարեկան է: Ծառայությունից առաջ ընդունվել էր Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի քաղաքագիտություն բաժինը: Բայց զորացրվելուց հետո որոշել է փոխել համալսարանը՝ կընդունվի Հայ-ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն բաժինը:
-Ի՞նչ երազանք ունես,- հարցնում եմ Ռուսլանին:
-Երեւի նորմալ կյանքով ապրենք, սենց պատմությունների մեջ չընկնենք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել