HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց մեղադրում են դավաճանության մեջ

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ առաջարկելով վերանայել 1000 դրամների հիմնադրամի դրոշմանիշային վճարների հատուցման չափը: Մտքերի փոխանակությանը, սակայն, թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը խոսեցին այլ հարցերի մասին` միմյանց մեղադրելով դավաճանության մեջ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում վկայակոչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը:

«Երբ լրագրողը նրան հարցրեց, թե ինչի եք հանձնում Սյունիքից հատվածներ, երբ նոյեմբերի իննի կապիտուլյացիոն թղթում նման բան չկա, նա տվեց ամենազարհուրելի պատասխանը, ասաց, որ բանավոր պայմանավորվածությունների արդյունք է: Հարգելի՛ հայրենակիցներ, մենք դեռ չգիտենք, թե վարչապետի աթոռը զբաղեցրած դավաճանը, ով մաս-մաս հանձնում է մեր հայրենիքն իր կիրթ, թուրք ընկեր Ալիևի հետ, դեռևս ինչ բանավոր պայմանավորվածություններ ունի օրինակ՝ Գեղարքունիքի որոշ հատվածի, Մեղրիի կարգավիճակի մասով»,- ասաց Զոհրաբյանը: Պատգամավորի համոզմամբ` գործող խորհրդարանը կարող է քննարկել միայն մեկ հարց` Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ իր ելույթում նշեց, որ Արցախից 30 հազար քաղաքացի ապրում է նկուղներում ու տնակներում, իսկ պետությունը կողքից դիտում է, ուժ չունի նրանց հարցերը լուծելու: Պատգամավորի խոսքով` պատերազմի ավարտից հետո անցել է 47 օր, իսկ իշխանությունը դեռ չի կարողանում չափելի գնահատականներ տալ, թե ինչ ենք կորցնել:

«Բացի այն, որ հազարավոր զոհեր, անհայտ կորածներ ունենք, ՀՀ-ն աշխարհի քաղաքական քարտեզից փորձում են ջնջել»,- ասաց նա: Մելքումյանը նաև համոզմունք հայտնեց, որ մի քանի ամիս անց իշխանությունները չեն կարողանալու թոշակներ ու աշխատավարձեր վճարել:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համոզմամբ էլ իշխանությունը զրկված է լսելու և ընկալելու կարողությունից: Պատգամավորը կոչ արեց իշխանությանն ուշքի գալ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ իր ելույթում դիմեց իրավապահ մարմինների ղեկավարներին` ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին` կոչ անելով վերականգնել Երևան քաղաքում հասարակական կարգը:

«Այսօր առավոտյան մի շարք սադրիչներ փակել են ԱԺ մուտքերը և սադրանքներ գործել մի շարք պատգամավորների մուտք գործելու ժամանակ: Ես դիմում եմ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին, խնդրում ու պահանջում, որ վերականգնվի հասարակական կարգը: Բազմաթիվ քաղաքացիներ վերջին րոպեներին ինձ գրել են, որ եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանել մեր կողմից ընտրված իշխանությանը»,- ասաց նա:

Պատգամավորը նաև անդրադարձավ ընդդիմադիրների մեղադրանքներին` ինքն էլ իր հերթին արձանագրելով, որ դավաճան են նրանք, որոնք 20-30 տարի երկիրը թալանել են, երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել, հողից ու փայտից՝ դիրքեր:

«Դավաճան են նրանք, ում կառավարման ընթացքում մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է»,- ասաց նա:

ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը հակադարձեց` գործող իշխանության 2,5 տարվա պաշտոնավարման հետևանքով ՀՀ տարածքը 42 հազար քառ. կմ-ից դարձավ 29 հազար, թշնամու հետ շփման գիծը երկարեց 500 կմ-ով:

«Ձեր իշխանության պաշտոնավարման սանձազերծած պատերազմի հետևանքով ունեցանք մոտ 5000 զոհ, 10 հազար վիրավոր, 40 հազար անտուն մնացած հայրենակից»,- ասաց Տոնոյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ իր ելույթում հետաքրքրվեց, թե պատգամավորներից քանիսն են, որ գնացել են Սյունիքի սահմանամերձ համայնքներ, խոսել բնակիչների և սահմանապահների հետ: Իվետա Տոնոյանը տեղից արձագանքեց` գնացել են, բայց խորհրդարանից գործուղման համար գումար չեն ստացել:

«Ես ԱԺ-ին դիմել եմ, որ ինձ տրամադրեն ամենագնաց մեքենա, որովհետև իմ գնացած տարածքները հնարավոր չէր գնալ իմ տրանսպորտային միջոցով, և ընդամենը սրանով է պայմանավորված իմ գործուղումը: Ավելի մանրամասն` դահլիճից դուրս կպարզաբանեմ, և Դուք կփոշմանեք այդ հարցի համար, ես Ձեզ խոսք եմ տալիս»,- ասաց նա:

Պատգամավորն առաջարկեց աշխատանքային դիտարկող խումբ ստեղծել և պետական կառավարման մարմինների հետ համատեղ գնալ Սյունիք և հետևել սահմանազատման աշխատանքներին:

«Էսքան խոսում ենք, բայց 99 %-ը չգիտի Շուռնուխը, Որոտանը որտեղ է, ռուսները որտեղ են կանգնած, ամբողջ ազգաբնակչության մեջ տագնապ եք տարածել այն աստիճան, որ Հյուսիսային պողոտայում ապրողն ասում է` վախենում եմ երեկոյան դուրս գամ»,- ասաց նա:

Արմեն Խաչատրյանի ելույթին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` ասելով, որ իր ղեկավարած խմբակցության պատվիրակությունը մեկ ամիս առաջ է եղել Սյունիքի մարզում:

«Երբ ճանապարհը փակել էին, Դուք` որպես իշխանության պատգամավոր, գնայիք ժողովրդի հետ խոսեիք, որ բացեին ճանապարհը, վարչապետը կարողանար գնալ Սյունիք: Մենք երբ ուզենանք, կարող ենք գնալ Սյունիք, դուք չեք կարողանում գնալ, վարչապետը չի կարողանում գնալ Սյունիք»,- ասաց Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter