HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է հակածխախոտային օրենքի որոշ դրույթներ հետաձգելու հարցը

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են 2021 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտնող դրույթները մեկ տարով հետաձգել: Այդ փոփոխություններից է նաև ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում (բացառությամբ՝ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների):

Հիշեցնենք, որ օրենսդրական այս փաթեթը ընդունվել է այս տարվա փետրվարին, օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ պետք է մտնեին տարբեր ժամանակահատվածում, այդ թվում` հանրային սննդի օբյեկտներում ծխելն արգելելը: Այս դրույթն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի մարտի 15-ից:

Նախագծերի փաթեթը ներկայացրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ում խոսքով փաթեթն ընդունվելուց առաջ բուռն քննարկվել է թե՛ նիստերի դահլիճում, թե՛ գլխադասային հանձնաժողովում:

«Մենք կողմ ենք քվեարկել, բայց հայտարարել, որ ունենք որոշակի վերապահումներ այս օրենսդրական փաթեթի առնչությամբ և տեսնում ենք տնտեսական ռիսկեր: Հայտարարել ենք, որ օրենքը ընդունելուն զուգահեռ մինչև որոշակի դրույթների ուժի մեջ մտնելը կառաջարկենք փոփոխություններ: Ցավոք սրտի, ֆորսմաժորային իրավիճակները թույլ չտվեցին պատշաճ ժամանակ հատկացնել, որպեսզի բուն փոփոխությունների վրա բովանդակային աշխատենք, ու քանի որ հունվարի մեկից ուժի մեջ մտնելու են դրույթներ, որոնց ազդեցությունը մեր կարծիքով ծխախոտի տարածման նվազման վրա այդքան էլ մեծ ազդեցություն չունի, բայց բիզնեսի վրա մեծ ազդեցություն ունի, որոշել ենք հետաձգել օրենքի երեք դրույթներ»,- ասաց Թունյանը:

Պատգամավորը շեշտեց` դեմ չեն ծխախոտի դեմ պայքարին, սակայն հասկանում են կան որոշակի ռիսկեր, որոնք ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ:

Թունյանի խոսքով` վաճառակետերում ծխախոտի ցուցադրության համար, ըստ ոլորտի ներկայացուցիչների, տարեկան մինչև 10 միլիարդ դրամ գումար է գեներացվում: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն իր ելույթում ընդգծեց` Կառավարությունը դեմ է այս փոփոխություններին, այն հարված է հասցնելու առողջապահական համակարգին:

Փոխնախարարի խոսքով` նախագծով առաջարկվում է ևս մեկ տարի շարունակել ծխախոտի անվերահսկելի գովազդը: Նանուշյանը հիշեցրեց, որ հանձնաժողովում քննարկմանը Բաբկեն Թունյանը խոսել էր 10 միլիոն դոլարի տնտեսական հնարավոր վնասի մասին:

«Վարչապետի հանձնարարությամբ ամբողջ Կառավարությունը փորձեց գտնել թե 10 միլիոնը որտեղ է, որևէ մեկը չկարողացավ գտնել, այդ թվում ՊԵԿ-ը»,- ասաց փոխնախարարը:

Լենա Նանուշյանի խոսքով` ԱՆ-ն կորոնավիրուսյին հիվանդության ընթացքում հասկացել է, որ ճիշտ ճանապարհ է ընտրել, ծխախոտի դեմ պայքարը օգուտ է բերելու: Ուղեկցող հիվանդություններից են հիմնականում մահանում, իսկ ուղեկցող հիվանդությունների առաջին ռիսկը ծխախոտն է:

«Ծխախոտը շատ թանկ է նստում մեր երկրի վրա, մեր երկրի տնտեսությունը տարեկան կորցնում է 273 միլիարդ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 4,2 %-ին: Գնահատեցինք, թե այս նախագիծը ինչքան կնստի մեր երկրի վրա: Եթե մեկ տարի հետաձգենք նշված դրույթները, երկրի տնտեսությունը կկորցնի 35 միլիոն դոլար միայն 2021-ի ընթացքում: Եւ այս նախագծի հետևանքով կունենանք 310 մահ»,- ասաց փոխնախարարը:

Լրացում 18:35

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 87 կողմ ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter