HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը բողոքարկել է Վարդան Այվազյանին չկալանավորելու որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանին չկալանավորելու որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերաքննիչ դատարանից հայտնում են, որ բողոքը դեռևս չի մակագրվել, քանի որ գործն առաջին ատյանի դատարանից չեն ստացել։

Այվազյանը մեղադրվում է Քրեական օրենգրքի 38-34-300-ի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն` իշխանությունը յուրացնելու փորձը կազմակերպելը և ապօրինի զենք կրելը։

Ըստ գործի վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ քաղաքացի Հ․Ծ․-ն համաձայության է եկել Վարդան Այվազյանի և ինքնությունը չպարզված այլ անձանց հետ և, գրանցված լինելով «Ֆեյսբուք»  սոցիալական ցանցում ու ունենալով հետևորդների զգալի քանակ, նպատակ ունենալով անվստահություն սերմանելու միջոցով իշխանության յուրացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ, 2019-2020 թվականների ընթացքում ՀՀ իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների, ՀՀ կառավարության անդամների և վերջինիս կազմում ընդգրկված պաշտոնատար անձանց, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին ինչպես անձամբ, այնպես էլ իր համակիրների միջոցով պարբերաբար հրապարակել և տարածել է վարկաբեկիչ, արատավորող և ստահոդ տեղեկություններ՝ այդ կերպ փորձելով հեղինակազրկել գործող իշխանություններին, արատավորել վերջիններիս և հանրության շրջանում իշխանությունը յուրացնելու գործողություների անմիջական կատարման ժամանակ ստանալ աջակցություն:

Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հ.Ծ.-ն, տեղեկանալով Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ տեղի ունենալու մասին, գիտակցելով, որ իշխանությունը յուրացնելու համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ձեռնամուխ է եղել բռնություն գործադրելու միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների անմիջական կատարմանը։

Այվազյանին վերագրվող իշխանության յուրացման դրվագը վերաբերում է նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձություններին այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն են ստորագրել։  Այդ օրը մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասը մտել է Ազգային ժողովի շենք, իսկ մարդկանց մի խումբ էլ մուտք է գործել վարչապետի կեցավայր, այնտեղից օծանելիք ու ժամացույց վերցրել։ Քրեական գործով կատարվել են մի շարք խուզարկություններ, և Վարդան Այվազյանի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են որսորդական հրացաններ։ 

Այվազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մեզ հետ զրույցում Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել է, որ վերը նշված որսորդական հրացանների արգելված լինելու վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն, և առհասարակ Այվազյանը որևէ հանցանք չի կատարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter