HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սիսակ Գաբրիելյանին պատահած միջադեպի գործով Աշոտ Սիմոնյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին պատահած միջադեպի գործով Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ոստիկանություն բերման ենթակված անձանց իրավաբանական աջակցություն ցույց տված փաստաբաններից Գայանե Պապոյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև։

Բողոքի ակցիայի մասնակիցները հավկիթներ են նետել  պատգամավորների ուղղությամբ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիները Սիսակ Գաբրիելյանի մեքենայի դիմացը փակել։ «Պողոսն ա, ո՞վ ա», «Գնում ա պարգևավճարը ստանալու», «էթում ես պարգևավճարը ստանա՞ս» և նմանատիպ այլ արտահայտություններ էին անում քաղաքացիները, երբ Գաբրիելյանը բարկացած դուրս է գալիս մեքենայից, ու սկսվում է հրմշտոց, որի ընթացքում հնչում են փոխադարձ հայհոյանքներ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ու քաշքշում քաղաքացիներից մեկին, հետո տվյալ քաղաքացին երևում է գետնին պառկած վիճակում։

Գաբրիելյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, խոսելով միջադեպի մասին, ասել է, թե ակցիայի 3-4 մասնակիցներ ծաղրական ու խուլիգանական արտահայտություններ են արել:

«Ես մեքենայի պատուհանները բարձրացրեցի, մտածեցի, որ ոստիկանները կգան ու թույլ չեն տա միջադեպ տեղի ունենա, երբ պատուհանը փակեցի, 1-2  հարված  հասցվեց մեքենայիս, հարցրեցի՝ ո՞վ հարվածեց, կոպիտ պատասխան եղավ: Դուրս եմ գալիս ու հարցնում եմ, թե ով հարվածեց, մնացածը, կարծում եմ, քաղաքացիները տեսել են: Այո, այնտեղ՝ այդ հատվածից հետո, կա մի հատված, որտեղ քաղաքացի է գետին ընկած, և ես իրեն՝ չգիտեմ, ինչ-որ հարվածում եմ: Ասեմ, որ այդ քաղաքացին մոտեցավ ինձ, իր դեմքն այդպես լավ չեմ հիշում, նա պիջակիցս էր բռնել: Հենց այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի գիշերը ծեծել են ԱԺ նախագահին: Դու գալիս ես աշխատանքի ու տեսնում ես՝ 15 ագրեսիվ երիտասարդներ վազում են քո վրա, և արձագանքն այն է, որ ասում ես՝ ինչ էլ լինի, գոնե պետք է ինքնապաշտպանվես, որովհետև ո՛չ փախնելու եմ, ո՛չ էլ կփախնեմ: Ասեմ՝ գուցե այդ հատվածը սառած էր, ու այդ քաղաքացին ընկավ, չեմ կարող ասել՝ խառը պահ էր, որովհետև 10-15 հոգով ու ես՝ միայնակ, հարձակվել էին, ես համարժեք ինքնապաշտպանվել եմ՝ իմ հասցեին հնչել են հայհոյանքներ, ու ես դրանց պատասխանել եմ»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը։

Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ քաղաքացիները «Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անտեսելով հասարակական համակեցության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ընդգծված արհամարհական պահվածք՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, նախապես իրենց հետ բերելով և Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում կայանելով հավկիթներով լցված ավտոմեքենա, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին»։ Ոստիկանությունը նաև նշել է, որ միջադեպի ընթացքում  գործադրվել է բռնություն՝ չմասնավորեցնելով, թե ում կողմից և ում նկատմամբ է իրականացվել բռնությունը։

Տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել  Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով։ Ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ։ Բերման ենթարկված քաղաքացիներից ոմանց տվյալները մեզ հայտնի են դարձել՝ Գոռ Սարգսյան, Տարոն Մանուկյան, Աշոտ Սիմոնան, Արսեն Մարտոյան, Հովհաննես Ստեփանյան, Նարեկ Վանյան, Գևորգ Բաղդասարյան, Սարմեն Սաֆարյան,  Միքայել Վաղարշակյան, Հայկ Սևոյան։

Վերը նշված անձանցից Տարոն Մանուկյանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին է։ Վերջինիս իրավաբանական աջակցություն ցույց տված փաստաբան Միքայել Շխիմյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ բերման ենթարկված անձինք, բացառությամբ ձերբակալվածի, ազատ են արձակվել, սակայն նրանց պետք է հրավիրեն բացատրություն տալու։ Այսինքն՝ այս անձանց վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել, այլ նրանք պետք է բացատրություն տան քրեական վարույթի շրջանակներում։

Նշենք, որ բերման ենթարկված անձանց իրավաբանական աջակցություն ցույց տված փաստաբաններն այսօր նաև հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Աշոտ Սիմոնյանին առևանգելու վերաբերյալ։

Գայանե Պապոյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Աշոտ Սիմոնյանին խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին, բերման ենթարկելու 3 ժամը լրացել է 14։20-ին, և  նա ազատ է արձակվել։

Ոստիկանության շենքից դուրս գալուց հետո Աշոտ Սիմոնյանը հարցազրույց տալիս է եղել լրատվամիջոցներից մեկին, որի ընթացքում՝ ժամը 14։30-ի սահմաններում, նրան է մոտեցել ոստիկանության աշխատակիցներից մեկն ու բանավոր  հայտարարել, որ Սիմոնյանին պետք է ծանուցագիր հանձնեն ու ներկայացնեն Ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա Սիմոնյանի թևերն ոլորելով՝ նրան տարել են ոստիկանության բաժին։ Ըստ Գայանե Պապոյանի՝ ոստիկանները, փաստացի, ժամը 14:33-ին Աշոտ Սիմոնյանին ապօրինի ձերբակալել են այն դեպքում, երբ, ըստ ծանուցագրի՝ նրան ոստիկանություն էին հրավիրել ժամը 14:40-ին։

Նշենք, որ Սիմոնյանի ձերբակալման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին։ Վերջինիս վարույթում քննվել է Սիսակ Գաբրիելյանին առնչվող մեկ այլ գործ ևս: 2017 թվականին, երբ Գաբրիելյանը լրագրող էր, ԱԺ ընտրությունները լուսաբանելու ժամանակ նրա մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի շրջանակներում մի քաղաքացի մեղադրվում էր լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter