HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպան. «Զինված բախման տանող որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը»

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված այն տեղեկություններին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Այս լուրերի հրապարակումից անմիջապես հետո Պաշտպանը պաշտոնական հրատապ հարցումներով դիմել է Հայաստանի պաշտպանության նախարարություն և Արցախի պաշտպանության բանակին: Երկու գերատեսչություններն էլ կտրականապես հերքել են տարածվող տեղեկությունները՝ հավաստիացնելով, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ինչպես նաև պնդել են, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այնուհետև, այս նույն հարցերի վերաբերյալ հրապարակվել են Պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի դեկտեմբերի 28-ի հրապարակային հայտարարությունները:

Ավելին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դիտարկմամբ արձանագրել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում իրանական «MiranPress» տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Հադրութի շրջանում մարտեր են տեղի ունեցել ոչ թե Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողներն են կրակել միմյանց վրա ու այդ կրակոցների հետևանքով ունեն երեք զոհ:

«Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ ներկայում ընթանում է մարդասիրական կարևորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Խոսքը, հատկապես, վերաբերում է գերիների վերադարձին և զոհվածների մարմինների փոխանակմանը: Հատուկ զգուշացնում եմ, որ հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրանց վերաբերյալ արված որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը»,- ասել է Պաշտպանը:

ՄԻՊ-ը նաեւ հիշեցրել է, որ որպես ելակետային փաստ՝ պետք է հիմք ընդունել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ կապված ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հետ, կողմերը հանձնառել են պահպանել և այն որևէ կողմի իշխանության մարմին չի վիճարկել: Հետևաբար` որևէ գործոն, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրներով հրապարակվող ու պարբերական բնույթ ստացած՝ զինված ընդհարումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկություն կամ զինված ընդհարումների որևէ սադրանք չի կարող լինել մարդասիրական կարևորագույն գործընթացի խափանման կամ կասեցման պատճառ՝ հատկապես կապված գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հետ:

«Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն առկա իրավիճակին՝ երաշխավորելու համար մարդասիրական նման առաքելության անընդհատությունը, արագացումը, ինչպես նաև բացառելու համար դրա բնականոն ընթացքի որևէ խոչընդոտ»,- ասված է Պաշտպանի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունն իր ստորագրությամբ Արման Թաթոյանը կուղարկի միջազգային մարմիններին՝ յուրաքանչյուրին առանձին ստորագրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter