HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում սկսվել են տեղական արտադրության պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա

Իրանում երեքշաբթի՝ դեկտեմբերի 29-ին, սկսվել են կորոնավիրուսի տեղական արտադրության պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա։ Այդ մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը։ Վերջինիս տվյալներով՝ փորձարկումներն իրականացվում են Թեհրանում։ Փորձարկումների առաջին փուլի ընթացքում կպատվաստվի 56 կամավոր։ Ընդհանուր առմամբ, պատվաստումների փորձարկումներին մասնակցելու հայտ է ներկայացրել 60 000 մարդ։

Նշվում է, որ փորձարկումների մեկնարկին մասնակցել է երկրի գիտությունների և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սատարին, ինչպես նաև Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակին։ Թեստերի տեխնոլոգիան հաստատվել է Իրանի պարենի և դեղորայքի վարչության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ 

Ավելի վաղ, Իրանի իմունաբանության և ալերգաբանության ինստիտուտի ղեկավար Մոհամմադ Վոժգանին հայտնել էր, որ Իրանն ունի գիտական անհրաժեշտ ներուժը՝ երկրում կորոնավիրուսի սեփական պատվաստանյութ մշակելու և արտադրելու համար։ Նրա խոսքերով՝ պատվաստանյութի վրա աշխատում են իրանական երեք հետազոտական կենտրոններ, որոնցից մեկը հաջողությամբ ավարտել է փորձարկումները կենդանիների վրա։ 

Իրանն ու Ռուսաստանը բանակցում են կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծման մասին։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին էլ հայտարարել էր Իրանի մեջլիսի փոխխոսնակ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին՝ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, Իրանում Կարմիր կիսալուսնի ղեկավար Քարիմ Հեմաթի խոսքերով՝ առաջիկայում հանրապետությունը կստանա ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների մշակած պատվաստանյութի 150 հազար դոզաչափ։ Նրա խոսքերով՝ Իրանին անհրաժեշտ է կորոնավիրուսի պատվաստանյութի 19-29 միլիոն դոզաչափ։

Վերջին տվյալներով, կորոնավիրուսի համավարակից ի վեր, Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1,2 միլիոն դեպք։ Ավելի քան 960 000 պացիենտ ապաքինվել է, իսկ մոտ 54 800-ը՝ մահացել։

Լուսանկարը՝ AFP-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter