HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանների աշխատանքը կորոնավիրուսի համավարակի պայմաններում

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում դատարանները պետք է շարունակեն բնականոն և անխափան աշխատել: Սա օրենքի պահանջն է: Վերջին մեկ տարվա ընթացքում դատարանները փորձել են կատարել այս պահանջը։ Թե որքանո՞վ է ստացվել, ի՞նչ խնդիրներ է առաջացրել կորոնավիրուսի համավարակը՝ պարզել ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը համարում է, որ արտակարգ դրության պայմաններում թեև որոշ խնդիրներ առաջացել են, ընդհանուր առմամբ, դատարանների բնականոն աշխատանքը չի խաթարվել։

Մակյանը հիշեց, որ վարակի տարածման սկզբնական փուլում քրեակատարողական հիմնարկները որոշ ներքին իրավական ակտերի ուժով սկսեցին կալանավորված անձանց դատարան չտեղափոխել, որով պայմանավորված՝ քրեական գործերով դատական նիստերը շարունակ չէին կայանում։

«Սա դատարանի խնդիրը չէր, դատարանը չէր կարող միջամտել այս հարցին»,- նշեց Մեսրոպ Մակյանը։

Ինչ վերաբերում է քաղաքացիական գործերին, ԲԴԽ անդամ դատավորը հիշեցրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշ կտրուկ և շտապ քայլեր է ձեռնարկել, որպեսզի այս գործերը կայանան, մասնավորապես՝ ներդրվել է հեռավար դատավարության ինստիտուտը։ Դատավորը, սակայն, նկատում է, որ թեև հեռավար դատավարություններ կայացել են, ընդհանուր առմամբ ինստիտուտը լայն տարածում չի գտել, քանի որ դատավարության կողմերն իրենք պետք է համաձայնություն տային, որպեսզի հեռավար դատական նիստեր կայանային։

«Այսինքն՝ եթե կողմերը համաձայնեին՝ հայցվոր, պատասխանող, ապա դատարանը պատրաստ էր, և մենք ստեղծել էինք բոլոր հնարավորությունները, որպեսզի կորոնավիրուսի պայմաններում  դատական նիստերն անհարկի չձգձգվեին»,- ասում է Մեսրոպ Մակյանը։

Եթե քաղաքացիական գործերի դեպքում հեռավար դատավարության ինստիտուտը դատական նիստերը չձգձգելու խնդիրը որոշակիորեն լուծում էր, ապա քրեական գործերի առնչությամբ վերապահում կա։ Դատավոր Մակյանը նշում է, որ քրեական գործերով առկա է անմիջականության, անընդհատության սկզբունքը, այսինքն՝ դատավորը պետք է անմիջականորեն  առնչություն ունենա հետազոտվող ապացույցին, և եթե հեռավարությամբ դատական նիստեր տեղի ունենային, ապա կխախտվեին քրեադատավարական որոշակի կանոններ, որոնք նաև հետագայում կարող էին առաջ բերել դատական ակտերի բեկանումներ։

Կորանավիրուսի համավարակի պայմաններում Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է որոշումներ՝ դռնբաց դատական նիստերին սահմանափակելով դատավարության մասնակից չհանդիսացող անձանց մուտքը դատական նիստերի դահլիճ։

Մակյանը հիշում է, որ վարակի տարածման սկզբնական փուլում կտրուկ որոշվեց ընդհանրապես արգելել դատավարության մասնակից չհանդիսացող անձանց մասնակցությունը գործերի քննությանը դատական նիստերի դահլիճում, որից հետո, երբ վարակի տարածման տեմպը փոքր-ինչ թուլացավ, ԲԴԽ-ն վերանայեց իր որոշումը, և հանրային հնչեղություն ունեցող գործերով թույլատրվեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գոնե օպերատորներին մասնակցել դատական նիստերին ու առցանց հեռարձակում իրականացնել։

«Եկեք ընդունենք, որ մեր երկրում և աշխարհում այսպիսի իրավիճակ չէր եղել, լուծումը պետք է որ բավարարեր, որովհետև մենք այլ լուծում, ընդհանուր առմամբ, չկարողացանք գտնել։ Այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ դատական նիստերն ամբողջությամբ հրապարակային լինեին, և հանրությունը ներկա գտնվեր դրանց, կարող էր համավարակի տարածման լուրջ խնդիր առաջացնել, իսկ եթե զանգվածային լրատվամիջոցները ներկա են գտնվում ու հանրայնացնում դատական նիստերի դահլիճում տեղի ունեցածն, ապա այս դեպքում, կարծում եմ, հրապարակայնության  սահմանափակում առկա չէ»,- ասաց Մեսրոպ Մակյանը։ Միաժամանակ նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները բխում են գործադիր իշխանության կայացրած որոշումներից, և եթե կառավարությունն ընդունի այնպիսի որոշումներ, որոնք կթուլացնեն վարակի պայմաններում սահմանափակումներն, ապա ԲԴԽ-ն դրան կարձագանքի և դատական նիստերի ավելի լայն հրապարակայնություն կապահովի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը կարծում է, որ կորոնավիրուսն ուղղակի բացասական ազդեցություն է ունեցել արդարադատության իրականացման գործընթացի վրա: Հովհաննիսյանը ևս անդրադարձավ քրեական գործերը հեռավարության կարգով քննելու անհնարինության հարցին ու նշեց, որ դատավորները նիստերի կայացման խնդիր ունեցան հատկապես այն գործերով, որոնցով անցնող անձինք անազատության մեջ:

Նշենք, որ համավարակի տարածման շրջանում անհրաժեշտ էր կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի համավարակը չթափանցեր քրեակատարողական հիմնարկներ։ Դատավոր Հովհաննիսյանը հիշում է, որ այս շրջանում մի շարք միջազգային կառույցներ, որոնց թվում՝ Եվրոպայի խուրհուրդը, հանդես եկան զեկույցով՝ նշելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը և բոլոր համապատասխան իրավասու մարմինները պետք է համակարգված ջանքեր, միջոցներ ձեռնարկեն ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար: Զեկույցում նշվում էր, որ այս մոտեցումն առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերծանրաբեռնվածության իրավիճակներում, և իրավասու մարմինները պետք է ավելի լայնորեն կիրառեն կալանավորման այլընտրանքային միջոցները, պատիժների կրճատումը, վաղաժամկետ ազատման և փորձաշրջանի սահմանման հնարավորությունները։

«Քրեական գործեր քննող դատավորները սկսեցին իրենց նախաձեռնությամբ՝ նույնիսկ առանց կողմերի, նույնիսկ առանց միջնորդության, քննարկել խափանման միջոցների հարցն՝ ի թիվս այլ հարցերի չանտեսելով նաև համավարակի հանգամանքը։ Արդարությունից ելնելով՝ պետք է ասեմ, որ առաջինը, ով ի թիվս այլ հիմքերի, համավարակի հիմքով անձի ազատ արձակեց, մեր դատավորներից Դավիթ Հարությունյանն էր, որից հետո՝ մեկ օրվա տարբերությամբ,  ես դատական ակտ կայացրեցի, և այդպես պրակտիկան շարունակվեց: Մյուս հիմքերի հետ միասին չենք անտեսել նաև համավարակի հիմքը»,- ասաց Արման Հովհաննիսյանը՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս համավարակի ընթացքում դիրքորոշում է հայտնել, որ քրեակատարողական հիմնարկում գտնվողներն արդեն իսկ խոցելի են՝  անկախ իրենց տարիքից, ուղեկցող  հիվանդությունից, և պետք է քննարկել նրանց խափանման միջոցների հարցը:

Դատավոր Հովհաննիսյանը 20-ից ավելի անձի է, ի թիվս այլնի, նաև համավարակի հանգամանքը հաշվի առնելով՝ ազատել կալանքից, ասում է՝ դա նպաստել է, որպեսզի դատական նիստերը կայանան, քանի որ ազատության մեջ գտտնվող անձինք կարողացել են ներկայանալ դատարան։ Այնուամենայնիվ, դատավորը կարծում է, որ կորոնավիրուսը շարունակում է բացասական  հետևանքներ առաջացնել։

«Եթե այն ժամանակ նիստերը հետաձգվում էին վարակի կանխարգելման նպատակով, հիմա  արդեն հետաձգվում են, որովհետև անձինք հիվանդանում են կորոնավիրուսով՝ փաստաբանները, դատախազները, դատավորները, մեղադրյալները, և դրա պատճառով նիստեր չեն կայանում։ Սա շատ ավելի ակնհայտ է դառնում, երբ քննում ես մի գործ, որտեղ մեծաքանակ են կողմերը»,- ասաց Հովհաննիսյանն ու հիշատակեց իր վարույթում քննվող մի գործ, որում կա 14 ամբաստանյալ՝ իրենց փաստաբաններով, դատախազ, տուժողի ներկայացուցիչներ, դատավոր, նիստերի քարտուղար, կարգադրիչներ, այսինքն՝ այդ դատական նիստին դահլիճում ներկաների թիվը հասնում է 35-ի։

«Նույնիսկ ամենամեծ դահլիճն ընտրելով՝ դու չես կարողանում ապահովել այդ սոցիալական  հեռավորությունն ու առողջապահական կանոնները, և այս պայմաններում իմ վարույթում գտնվող այս գործը մոտ 8 ամիս չի կայացել։ Հասկանալի է՝ դատարանը չի կարող հարկադրել որևէ մեկին անպայման գալ նիստերին, եթե չի կարողանում ապահովել բոլոր անվտանգության կանոնները։ Այս ամենն այս տարի ուղղակի ազդեցություն ունեցավ գործերի քննության, գործերի ժամկետների պահպանման առումով»,- ասաց Արման Հովհաննիսյանը։

Դատավոր Դավիթ Բալայանն ասում է, որ համավարակն անտարբեր չի անցել նաև իր դատական կազմի՝ աշխատակիցների կողքով։ Դատավորն ու վերջինիս աշխատակիցները ամիսներ առաջ վարակվել են կորոնավիրուսով։

 «Վատն այն է, որ մենք ոչ թե բոլորս միաժամանակ, այլ հաջորդաբար հիվանդացանք, և դա ևս նպաստեց, որպեսզի մեր աշխատանքները ձախողվեն։ Օրինակ՝ ես 13 օր չեմ հաճախել աշխատանքի, եւ այդ 13 օրվա ընթացքում ձախողվել է 55 դատական նիստ՝ տարբեր գործերով։ Սա, բնականաբար, բացասաբար է  անդրադառնում գործերի քննության ողջամիտ ժամկետների վրա»,- ասաց Դավիթ Բալայանը։

Դատավորը հիշում է, որ սկզբնական շրջանում անգամ դատարան հասնելու տրանսպորտային խնդիրներ կային, եղել է ամբաստանյալ, ով ասել է, որ ի վիճակի չէ ներկայանալ դատարան, քանի որ քաղաքային տրանսպորտը չի աշխատում։

Այնուամենայնիվ, այս պայմաններում դատավոր Բալայանին հաջողվել է ավարտել 59 քրեական գործ, որը 15-ով ավելի է նախորդ տարի ավարտած գործերից, երբ Հայաստանում չկար կորոնավիրուս և ռազմական դրություն։ Բացի այդ՝ դատավորը 280-ից ավելի մինչդատական վարույթի վերաբերյալ միջնորդություն է քննել ու լսել մինչդատական վարույթի հետ կապված գործերով 65 բողոք։

«Օրինակ՝ եղել է իրավիճակ, երբ ամբաստանյալը, գտնվելով անազատության մեջ, մեկուսարանից երկու անգամ հայտնել է, որ պայմանավորված կորոնավիրուսով՝ չի ցանկանում  ներկայանալ դատական նիստին, ինչի հետևանքով գործի քննությունը հետաձգվել է։ Երբ հաջորդ անգամ նա տեղափոխվեց դատարան և ներկայացավ դատական նիստին, վկան, որ նախորդ երկու անգամը պատշաճ ներկայացել էր, չէր եկել դատարան, և ես որոշում կայացրեցի հրապարակել վկայի  նախաքննական ցուցմունքը՝ հիմք ընդունելով, որ ամբաստանյալն ինքն է իրեն զրկել վկային հարցեր տալու հնարավորությունից»,-նշեց Դավիթ Բալայանը։ Վերջինս ասում է, որ անկախ երկրում տիրող համավարակից, արտակարգ կամ ռազմական դրությունից՝ դատարանները պարտավոր են աշխատել, և այս ավանդույթը դարերից է եկել։

Դատավորը կարծում է, որ այժմ՝ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից մոտ մեկ տարի անց, հասարակությունն արդեն համակերպվել է դրա հետ, և յուրաքանչյուր պետական  հաստատություն, այդ թվում՝ դատարանները, բնականոն աշխատանքային ռեժիմի են անցել։

«Համավարակն այլևս չի կարող հիմք հանդիսանալ, որ գործերը ձգձգվեն, թեև լինում են դեպքեր, երբ դատական նիստերը հետաձգվում են դատավարության որևէ մասնակցի հիվանդության հիմքով»,- ասում է Դավիթ Բալայանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter