
Զավենը հաջողակի համբավ ուներ, ու տղաներն ասում էին, որ նրա հետեւից գնալու դեպքում իրենց բան չի պատահի
Պատերազմի ժամանակ 20-ամյա կրտսեր սերժանտ Զավեն Եսայանին «հաջողակ» էին անվանում: Մարտական ընկերների ասելով՝ «էնքան փորձանքներից էր մազով պրծնում»: Զավենի մայրը՝ Գայանե Հակոբյանը, պատմում է. «Տղերքն ասում էին՝ Զավ, թե մենք մի տոկոս ունենք ապրելու, քոնը 60 տոկոս ա: Ասում են՝ դրա համար էլ ինքն ուր գնում էր, ընկերներն իր հետեւից էին գնում: Ասում էին՝ Զավը հաջողակ ա, որ իր հետեւից գնանք, մեզ բան չի պատահի»: Որդու մասին պատմությունները տիկին Գայանեին փոխանցել են մարտական ընկերները:
Պատերազմն այն կարմիր գիծն է, որն անցնելուց փոխվում են մեր կյանքի բոլոր ժամանակաձեւերը: Տիկին Գայանեն խոհանոցի սեղանին է դնում Զավենի լուսանկարները, գովասանագրերը, պատվոգրերը եւ քիքբոքսինգի մրցումներից ստացած մեդալները: Դրանք հիշողությունների այն կապոցներն են, որոնք Զավենի անցյալը ներկա են դարձնում: Ու զրույցի ժամանակ որոշ դրվագներ այնքան են կենդանանում, որ ժպիտ են պարգեւում մեզ:
Քույրը՝ Շուշանն, ասում է, որ Զավենն իրենց ընտանիքում սպասված տղա էր: Ծնվել է 5 տարի հետո: Երեք երեխաներից կրտսերն էր: Ոչ միայն ընտանիքում, այլեւ բարեկամական, ընկերական շրջանակներում էր չափազանց սիրված: Մայրն ասում է՝ իսկական արեւ էր՝ ջերմացնող ու լույս սփռող: Բոլորի եւ ամեն ինչի համար ժամանակ գտնում էր: «Սնդիկ էր, սնդիկ: Ուզում էր ամեն ինչ հասցնել, արագ անել: Ու չգիտեմ էլ՝ ինչի՞ էր էդքան շտապում»,- հոգոց է հանում տիկին Գայանեն՝ իմանալով հարցի պատասխանը: Որդու նպատակասլացության մասին մի անգամ մարզիչներից մեկն էր ասել, թե «Գայանե ջան, չգիտեմ՝ ինչ գծով հետո կգնա տղադ, բայց եթե որոշի զինվորական դառնալ, մինչեւ գեներալ կգնա»:
Զավենը զբաղվում էր քիքբոքսինգով, նկարչությամբ, մի քանի տարի «Թումո» էր հաճախել Շուշանի հետ: Դպրոցում գերազանց էր սովորում: Հատկապես մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից շատ ուժեղ էր: Դրանք հետագայում դարձան կողմնորոշիչներ: Զավենն ընդունվել էր Պոլիտեխնիկի կիբեռնետիկայի բաժինը՝ մոր մասնագիտական ճանապարհով: Տիկին Գայանեն ասում է՝ որդու որոշման վրա որեւէ ազդեցություն չի ունեցել: Զավենը ցանկանում էր ծրագրավորող դառնալ: Ավագ քրոջ՝ Ժենյայի հետ ծրագրեր ունեին՝ բանակից վերադառնալուց հետո միասին պիտի բացեին ծրագրավորման գրասենյակ, Սաղմոսավանում հյուրատուն կառուցեին, որտեղ ընտանիքը հողամաս ունի:
Զավենն ինստիտուտ ընդունվելուց հետո մեկ կիսամյակ է սովորել: Դեռ երկու քննություն ուներ հանձնելու, սակայն հորը խնդրել էր միասին զինկոմիսարիատ գնալ: 2018 թ. հունվարի 21-ին ներկայացել էր զինկոմիսարիատ ու խնդրել ամենամոտ զորակոչին իրեն տանել:
«Մենք չպատկերացրեցինք, որ էդքան արագ կլիներ: Ասեց՝ բոլոր ընկերներս, դասարանցիներս գնացին, ես էլ շուտ գնամ-գամ: Մենք էդ օրը գիշերով մատաղ արեցինք, բաժանեցինք ու հաջորդ օրը առավոտյան ինքը գնաց»,- ասում է մայրը:
Զավենն առաջին 6 ամիսը Լուսակերտում էր ծառայել, ապա շարունակել Արցախում: Տիկին Գայանեն ասում է՝ ծառայությունը շատ լավ է անցել, երբեք որդուց դժգոհություն չի լսել: Ծառայության ընթացքում չէր մոռանում մոր եւ քույրերի ծննդյան օրերին ծաղիկներ ուղարկել: Վերջին ծաղկեփունջն ուղարկել էր Ժենյայի տարեդարձին՝ սեպտեմբերի 16-ին: Ծաղիկներն էլ այնպես էր պատվիրում, որ գիշերվա ժամը 12-ին տեղ հասցնեն:
«Զավը շատ ռոմանտիկ էր»,- նկատում է Շուշանը:
Մայրը պատմում է, որ այս տարվա փետրվարին իր ծննդյան օրը Արցախ էին գնացել: Որոշել էին Զավենի հետ միասին տոնել այդ օրը: Երբ գնացել էին զորամասից տղային վերցնելու, ձեռքին տեսել էին մի մեծ վարդ եւ դիմանկար: «Ասեցի՝ Զավ, չաստում քեզ էդ ծաղիկը որտեղի՞ց: Ասում ա՝ մա՞մ... Ստեփանակերտից էր պատվիրել»,- հիշում է տիկին Գայանեն եւ դեմքին հայտնված մեղմ ժպիտն անմիջապես վերափոխվում է անբացատրելի դառնության: Այդ օրը Զավենը զինակից ընկերներից մեկին խնդրել էր նկարել մոր դիմանկարը:
-Դիմանկարը պահե՞լ եք,- հարցնում եմ տիկին Գայանեին:
-Չէ, սուրճ էր թափվել վրան, ես էլ չպահեցի,- պատասխանում է, հետո մի անբացատրելի տխրություն սեւ ամպի ստվերի պես հայտնվում է դեմքին:
Զավենի հիշողությունների կապոցի մեջ է նաեւ նրա՝ 9-10 տարեկանում գրած բանաստեղծությունների տետրը: Դրանք հիմնականում նվիրել է մորը: Ես բարձրաձայն կարդում եմ դրանցից մեկը.
Քո համար կյանքը զոհաբերող կա,
քո համար երկնքից աստղեր բերող կա
իմ սեր, իմ արեւ, իմ կյանք, իմ մայրիկ:
Դու հավերժ ժպտա
քո սուրբ պատկերը թող հավերժ մնա:
-Բոլորի մասին գրում էր: Տեսեք՝ սա պապայի մասին է գրել ու նկարել նրան: Քույրերի մասին էր գրում: Հետո բարեկամներն էլ սկսեցին նեղանալ, թե մենակ մամայի, պապայի մասին ես գրում, բա մեր մասին չե՞ս գրում: Սկսեց նաեւ գրել բարեկամների մասին,- ասում է մայրը:
-Հիմա երբ կարդում եք, ի՞նչ եք զգում:
-Մտածում եմ, թե էդ 9-10 տարեկան երեխան ինչ էր զգում, որ էսպիսի բաներ էր գրում... Քո համար կյանքը զոհաբերող կա, մահացող կա,- տիկին Գայանեի ձայնը դողում է: Մենք լռում ենք:
Շուշանն ասում է՝ չի հիշում մի փուլ, որ եղբայրը սիրահարված չլիներ: Առաջին դասարանում համադասարանցի աղջկա համար ծաղիկներ էր նվեր տարել:
2009-ի Ամանորին Զավենը նամակ էր գրել Ձմեռ պապին: Մենք միասին կարդում ենք այն:
«Սիրելի Ձմեռ պապ, քեզ նամակ է գրում Զավենչիկը: Ես եւ քույրերս քեզանից ակնկալում ենք ամանորյա նվերներ: Ես ցանկանում եմ զենք՝ սնայպեր, Շուշանիկը նկարչական թղթեր, իսկ Ժենուլիկը՝ «Ռեալ Մադրիդի» շապիկ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ: Քեզ շատ սիրող Զավենչիկ»:
Կա նաեւ այդ նամակի պատասխանը. «Սիրելի Զավենչիկ, շնորհավորում եմ քեզ ու քույրիկներիդ: Ժենուլիկին կասես, որ կանացի «Ռեալ Մադրիդի» շապիկ չի լինում, դրա փոխարեն ես նվիրում եմ վզնոց: Միշտ այդպիսի գերազանցիկներ մնաք: Ձեզ շատ սիրող Ձմեռ պապ»:
Հետո նայում ենք Զավենի դպրոցի ավարտական լուսանկարը: Դասարանի երկու գերազանց տղաները՝ ինքն ու Սամվելը, առաջին շարքում են: «Երկուսն էլ զոհվեցին այս պատերազմում»,- ասում է մայրը:
Հրետանավոր Եսայանը
Պատերազմի ամբողջ ընթացքում Զավենն իր գտնվելու տեղի մասին ոչինչ չէր ասում տնեցիներին: Միշտ հանգստացնում էր նրանց, թե լավ է, բունկերում է, այնինչ ռազմաճակատի թեժ կետերում էր լինում: Նրա մասին մարտական գործողությունների պատմությունը ծնողներին փոխանցել են մարտական ընկերները:
Զավենը հրետանավոր էր, ինքնագնաց հրետանային կայանքի հրամանատար: Մաթեմատիկայի գիտելիքները պատերազմի ժամանակ նրանք օգնեցին ճիշտ խոցումներ անել: Պատահել էր, որ մեկ օրում ավելի քան 110 արկ էր արձակել: Հրետանու օրվա առթիվ պատվոգիր էր ստացել մարտական բարձր պատրաստվածության համար:
Դավիթ Օգանեզովը Զավենի մարտական ընկերն է: Նա նույնպես հրետանավոր է, կրտսեր սերժանտ: Նույն օրն են զորակոչվել: Ծանոթացել են զինկոմիսարիատում եւ երկուսն էլ ծառայության են անցել նույն վայրում: Հետագայում ընկերացել են: Դավիթն ասում է՝ Զավենը շատ կենսուրախ, էներգիայով լի մարդ էր, նվիրված ընկեր:
Պատերազմի սկզբին Զավենենց տարել էին Ջաբրայիլ: «Մենք հետո իմացանք, որ Ջաբրայիլում էր: Երբ էդտեղից իջել էին, զանգել էր հորն ասել՝ պապ, մենակ տենաս, թե ոնց եմ սարքել խրամատս, վերեւը երկաթով ծածկել եմ, վառարանը դրել եմ, կարտոֆիլը դրել եմ վառարանի վրա»,- պատմում է մայրը: Խրամատի կահավորման մասին վկայել են նաեւ մարտական ընկերները:
Մարտերից հետո շատ հոգնած էին լինում: Բայց մարտական ընկերներից մեկի պատմելով՝ անգամ այդ դեպքում Զավենն իր տեխնիկան չէր թողնում. քնում էր դրա կողքին: Մի անգամ էլ առավոտյան արթնացել էին ու տեսել, որ ԱԹՍ-ի հրթիռը պայթել է Զավենից 5 մետր հեռավորության վրա, բայց նրան չէր վնասել: Ավելի ուշ, երբ նա խոսել էր հոր հետ, ասել էր՝ «պապ, ես որ ընդեղից փրկվել-եկել եմ, էլ ինձ բան չի պատահի»:
«Ինքը շատ հաջողակ մարդ է եղել: Իր նման հաջողակ մարդ չեմ ճանաչում: Նույնիսկ պատերազմի ժամանակ իր ամբողջ ստորաբաժանումն իր կողքին էր հավաքվում, որովհետեւ բոլորը համոզված էին, որ ինչ ուզում ա լինի, մեկ ա՝ իրան բան չի լինելու, բախտը բերելու ա»,- ասում է զինակից ընկերը՝ Դավիթը: Նա հիշում է նաեւ, որ Զավենենց ստորաբաժանումը ԱԹՍ-ներից ու տարբեր արկերից երեք օր կրակահերթի տակ է եղել, ամբողջ ստորաբաժանումը թաքնվել էր փոսի մեջ, իսկ Զավենը օրական մի քանի անգամ դուրս էր գալիս, մեկ կիլոմետրի չափ քայլում, գնում հաց վերցնում ու վերադառնում: «Իրենց հաշվարկի տղերքի սաղ դուխը Զավենն ա եղել»,- նշում է Դավիթ Օգանեզովը:
Պատերազմի ժամանակ Զավենն ու Դավիթը տարբեր մարտական դիրքերում էին: Վերջինս ասում է, թե նույնիսկ երբ կրակահերթի տակ էին լինում, Զավենը կապ էր տալիս, թե ուզում է իր հաշվարկի մեխանիկին ու տեխնիկան վերցնել, գնալ Դավիթի մոտ: Ու չնայած նրան ասում էին որ պետք չէ, վտանգավոր է, 30 րոպե անց նորից էր կապի դուրս գալիս:
-Կռվի ժամանակ հասցնո՞ւմ էիք խոսել իրար հետ:
-Հա, ոնց չէինք խոսում: Խոսում էինք լավ կռիվ տալու մասին: Վատ բաներից չենք խոսել, խոսում էինք, թե քանի հատ կրակեցինք, որտեղից կուզեինք կրակել,- ասում է Դավիթը՝ հավելելով, որ կռվի ժամանակ ամենաշատը հենց Զավենն է կրակել: Երբ նրա տեխնիկան խոցել էին, գնացել էր ուրիշի տեխնիկան վերցրել ու նորից մտել մարտի մեջ: «Ասել էր՝ գնացեք պոլկ, ես կռիվ կտամ: Բայց ինքն էդտեղ պիտի չլիներ, Մարտունու պոլկում պիտի լիներ: Իրեն չեն կարողացել իջեցնել, մնացել ա ու կռվել: Նույնիսկ երբ երկրորդ տեխնիկան էլ են խոցել, էլի չեն կարողացել իջեցնել, ասել էր՝ ես չեմ թողնի իմ էրեխեքին»,- պատմում է Դավիթը:
-Վերջին անգամ ի՞նչ եք խոսել իրար հետ:
-Ուրախ էր, ոնց որ հարսանիք գնալուց լիներ: Սաղ տղերքին դուխ տալով՝ ասում էր՝ նստեք-նստեք, գնանք տեսնենք, թե ինչ ենք անում, շուտ հետ գանք: Ես էլ իրեն ասեցի՝ գիտեմ, որ բան չի լինելու, բայց նավսյակի զգույշ կլինես, թիթիզություն չանես,- հիշում է Դավիթը:
Մեր խոսակցությունը ծանրանում է: Ընկերն ասում է՝ չէին պատկերացնում, որ կկորցնեն Զավենին: Լռում է: Բառերով այդ լռությունը լցնելն իմաստ չունի:
Զավենի երկու հրամանատարների հետ ենք խոսում: Մայոր Գոռ Մանթաշյանն ասում է, որ Զավեն Եսայանը հաշվարկի հրամանատար էր նշանակվել Արցախ տեղափոխվելուց հետո: Մայոր Մանթաշյանի խոսքով՝ Զավենի ինքնագնաց կայանքի կրակոցներից թշնամու տանկ էլ է խոցվել, շարասյուն էլ է կանգնեցվել, հետեւակ էլ է խոցվել:
«Բարեխիղճ, պատասխանատու զինվոր էր: Հրամանատարական բավական զարգացած որակներ ուներ: Ինչ խնդիր առաջադրվում էր, մինչեւ իդեալական չկատարեր, չէր զեկուցում դրա մասին: Ինքը ոչ միայն իր, այլեւ ուրիշի հրանոթով է մարտ վարել: Միշտ ուզում էր առաջինն ինքը խոցել հակառակորդին»,- ասում է մայորն ու ավելացնում. «Որ ասեմ անվախ, սիրուն չի հնչի, բայց կարծես թե այդպես է: Վախը, կյանքի անվտանգության հարցերը մի կողմ դրած՝ իդեալական իրականացնում էր իր առջեւ դրված խնդիրը»:
Փոխգնդապետ Ջոն Հարությունյանի խոսքով՝ Զավենը կարգապահ, ընկերասեր, ուրախ, դրական կողմերով օժտված զինվոր էր: Նրանք միասին մի քանի մարտական գործողությունների են մասնակցել: Հոկտեմբերի 7-10-ը Հադրութի, հետո Ֆիզուլիի ուղղությամբ են եղել, մասնակցել են թեժ գործողությունների: «Ինքն իր հաշվարկով շատ պատասխանատու ձեւով գործողություններ է կատարել: Ինքն ինձ համար հերոս է: Օրինակելի զինծառայող է եղել: Ցանկացած մարդու հետ շփվելիս իրեն կարելի է բերել որպես օրինակ՝ իր հայրենասիրությունը, տրամադրությունը, սխրանքները»,- ասում է փոխգնդապետ Հարությունյանը, ում համար Զավենը նաեւ լավ ընկեր է եղել: Հոկտեմբերի 23-ին Ջ. Հարությունյանը վիրավորվել է, դեռ բուժման մեջ է: Ասում է, թե հեշտ չէ խոսել այն մասին, ինչ պատահենց Զավենի ու մյուս տղաների հետ:
Հոկտեմբերի 25-ի գիշերը 2 սպա եւ 9 ժամկետային զինծառայող, որոնց շարքում էր նաեւ Զավենը, զոհվել են ԱԹՍ-ի հարվածից: 11-ն էլ մի խրամատի մեջ են եղել:
Դեպքից օրեր առաջ Զավենը զանգել էր մորն ու ասել, որ կապի աշտարակը պայթեցրել են, հնարավոր է մի քանի օր չզանգի, բայց թող չանհանգստանա: «Փափուկ բարձ դրեց գլխիս տակ, որ չանհանգստանամ»,- ասում է մայրը:
Հունվարի 22-ին լրանում է Զավենի ծառայության երկու տարին: Տիկին Գայանեն ասում է, թե միեւնույնն է՝ սպասում է այդ օրվան, որ որդին դուռը կբացի ու ներս կգա:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Եսայանների ընտանեկան արխիվից
Մեկնաբանել