WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի Միացյալ Նահանգներին
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ԱՄՆ-ին։ Երկուշաբթի՝ հունվարի 4-ին, այդպիսի որոշում է կայացրել Լոնդոնի դատարանը։ Դատավորը նշել է, որ արտահանձման պարագայում Ասանժի ինքնասպանության ռիսկն էականորեն կաճի։ ԱՄՆ-ը մտադիր է բողոքարկել Լոնդոնի դատարանի վճիռը։ Իր հերթին Ասանժի փաստաբանը հունվարի 6-ին հայց կներկայացնի իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու համար։
ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից պահանջում է 49-ամյա ավստրալացուն արտահանձնել իրեն։ Վաշինգտոնի տվյալներով՝ Ասանժն օգնել է ամերիկյան զինծառայող Բրեդլի Մենինգին, որն ավելի ուշ փոխել է իր անունը և դարձել Չելսի Մենինգ, հասանելիություն ստանալ գաղտնի նյութերին, որոնք վերաբերում են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողություններին։
Այդ նյութերի հրապարակման արդյունքում ի հայտ են եկել Մերձավոր Արևելքում ամերիկյան զինծառայողների կողմից իրականացված մի շարք հանցագործությունների վերաբերյալ փաստեր։ ԱՄՆ-ն Ասանժին մեղադրում է «երկրի պատմության մեջ գաղտնի տեղեկատվության ամենախոշոր հափշտակման մեջ»։ Նրան սպառնում է մինչև 175 տարի ազատազրկում։
2012 թվականին Ջուլիան Ասանժը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով բռնաբարության հոդվածով հարուցված քրեական գործի հիման վրա Շվեդիայի տված ձերբակալության օրդերից։ Մասնավորապես, WikiLeaks-ի հիմնադիրը կարծում էր, որ Շվեդիան կարող է իրեն արտահանձնել Միացյալ Նահանգներին, որտեղ նրան ցանկանում են դատապարտել հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար։ Ավելի ուշ, արդարադատության շվեդական մարմինները դադարեցրել են Ասանժի նկատմամբ նախաքննությունը։
2019 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Էկվադորի դեսպանատանը ձերբակալել էր Ջուլիան Ասանժին։ Հարավամերիկյան Հանրապետությունը ապաստանից զրկել էր Ասանժին և թույլատրել բրիտանական ոստիկանությանը մտնել դեսպանատուն և ձերբակալել նրան՝ նշելով, որ Ասանժին քաղաքական ապաստանի տրամադրումը խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել