
Ակտիվիստների բրիգադը փորձում է ապամոնտաժել Մաշտոցի այգու կրպակները
Այս պահին Մաշտոցի այգում ապամոնտաժող բրիգադը քննարկում է իր անելիքները: Ապամոնտաժող բրիգադը շրջում է բուտիկների մոտով, որ տեսնի, թե որտեղից կարելի է սկսել ապամոնտաժումը: Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ ակտիվիստներ հայտարարել էին, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են Մաշտոցի այգում տեղադրված ապօրինի բուտիկները:
Ակցիայի ամենասկզբից պուրակում 50 օր շարունակ պայքարած ակտիվիստները ժապավենով իրենց առանձնացրին ապամոնտաժող բրիգադից: Այս պահին այգում 2 գործընթաց է ընթանում: Մի կողմից շարունակվում է ակտիվիստների ցույցը, մյուս կողմից հատուկ հագուստով և գործիքներով ապամոնտաժող բրիգադը փորձում է ապամոնտաժել կրպակները:
Երևանի փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը բանակցեցին ցուցարարների հետ: Ապամոնտաժող խումբը հայտարարեց, որ ապամոնտաժելու է կրպակները, և եթե ոստիկանները համարում են, որ իրենց գործողություններն ապօրինի են, ապա կարող են ձերբակալել իրենց, իրենք պատրաստ են պատասխանատվություն կրել դրա համար:
Քանի որ բրիգադի այս հայտարարությունից հետո ոստիկանների կողմից արձագանք չեղավ, բրիգադը մի քանի մետաղալար կտրեց այն արգելապատնեշներից, որոնք պաշտպանում են կրպակները: Անձամբ Տիգրան Խզմալյանը հարթաշուրթով 3 մետաղալար կտրեց: Ոստիկաններն արագ վերականգեցին մետաղալարերը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել