HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հաստատել է Moderna-ի պատվաստանյութի կիրառումը ԵՄ տարածքում

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը չորեքշաբթի օրը՝ հունվարի 6-ին հաստատել է ամերիկյան Moderna ընկերության mRNA-1273 պատվաստանյութի կիրառումը Եվրամիության երկրներում։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Գործակալության մարդու բժշկական օգտագործման դեղամիջոցների հանձնաժողովը (CHMP) խորհուրդ է տվել օգտագործել պատվաստանյութը՝ որոշակի պայմանների պահպանման պարագայում։ Մասնավորապես, «պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը» պետք է հաստատվեն նաև կիրառման ընթացքում, չնայած արդեն իսկ տրված թույլտվությանը։

Պատվաստանյութի օգտագործման վերջնական թույլտվությունը պետք է տա Եվրահանձնաժողովը, որը, որպես կանոն, առաջնորդվում է CHMP-ի եզրակացությամբ։ Եվրահանձնաժողովի կողմից վերջնական հաստատման պարագայում ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը ԵՄ-ում կդառնա երկրորդը՝ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների պատվաստանյութից հետո։

Ավելի վաղ, ընկերությունը նշել էր, որ պատվաստանյութը, առաջնային փորձարկման ժամանակ ցույց է տվել 94,1 % արդյունավետություն, իսկ ծանր դեպքերի ժամանակ՝ 100 %։ Պատվաստանյութի փորձարկման ժամանակ մասնակիցներից 30-ի մոտ հիվանդությունն ունեցել է ծանր ընթացք։ Նրանք եղել են այն մասնակիցների խմբում, որոնք ստացել են պլացեբո։ Ընկերությունը հայտարարել է, որ պատվաստված մասնակիցներից որևէ մեկի մոտ հիվանդությունը չի ունեցել ծանր ընթացք, ինչը խոսում է դրա արդյունավետության մասին։ 

Զուգահեռաբար, կորոնավիրուսի ռուսական «Спутник V» պատվաստանյութի ստեղծողները հայտարարել են, որ Ռուսաստանում արդեն իսկ պատվաստվել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Հայտարարությունը տարածվել է պատվաստանյութի ստեղծողների թվիթերյան միկրոբլոգում։

Հունվարի 5-ին այդ մասին հայտարարել էր նաև Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, որտեղ մշակվել է պատվաստանյութը։ Նրա խոսքերով, մինչև ամանորյա արձակուրդների ավարտը, քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի «Спутник V»-ի ավելի քան 1,5 միլիոն դոզաչափ։

Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային կառավարական շտաբը չի հրապարակում Ռուսաստանում պատվաստումների հստակ վիճակագրությունը։ Ավելի վաղ, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հրապարակել էր պատվաստված ռուսաստանցիների վերաբերյալ որոշակի տվյալներ։ Նրա խոսքերով, հունվարի 2-ի դրությամբ, կորոնավիրուսի պատվաստանյութ է ստացել մոտ 800 000 մարդ։

Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է 2020 թվականի օգոստոսի 11-ին։ Ներկայումս Ռուսաստանում պատվաստանյութի քաղաքացիական շրջանառության հետ զուգահեռ ընթանում է դրա ազդեցության ուսումնասիրությունները։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter