Իրաքի դատարանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործով Դոնալդ Թրամփին ձերբակալելու օրդեր է տվել
Բաղդադի դատարանը, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործի շրջանակներում, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու օրդեր է տվել։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի ազգային մոբիլիզացիոն ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի սպանությունը, որոնք զոհվել էին միասին, որակվում է որպես կանխամտածված սպանություն։ Իրաքի օրենսդրության համաձայն՝ կանխամտածված սպանության մեջ մեղավոր ճանաչված անձին սպառնում է մահապատիժ։
Associated Press գործակալությունը նշում է, որ Իրաքի դատարանի որոշումը, որի մասին հայտարարվել է Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերին, խորհրդանշական բնույթ ունի։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում՝ ամերիկյան անօդաչուի հրթիռային հարվածի արդյունքում։ Սոլեյմանիի սպանության հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ Սոլեյմանին հարձակումներ էր նախապատրաստում ամերիկացի զինծառայողների և դիվանագետների նկատմամբ։
Լուսանկարը՝ AHMAD AL-RUBAYE AFP/File
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել