HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարի թանկացումն ավելի է ծանրացրել Հայաստանի պետական պարտքը. այն հասնում է 8 մլրդ դոլարի

Դոլարի բարձրացումը բացասաբար է ազդում Հայաստանի պետական պարտքի վրա, որի մեծ մասը ԱՄՆ դոլարով է ստացվում, սպասարկվում ու մարվում։ Ներքին ու արտաքին պարտքը միասին արդեն մոտեցել են 8 մլրդ դոլարի շեմին։ Զուգահեռ ծանրացել է նաև պարտքի սպասարկումը՝ տոկոսավճարները։ Սպասվում է, որ 2021 թվականին ևս պետական պարտքը տեսանելի տեմպով կաճի, քանի որ դրանով լրացվում է բյուջեի դեֆիցիտը։

Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 947 մլն դոլար, այդ թվում՝ 6.005 մլրդ դոլարը արտաքին պարտքն է (սրանից միայն 481 մլն դոլարն է Կենտրոնական բանկի պարտքը, մնացածը Կառավարությանն է), իսկ 1 մլրդ 943 մլն դոլարը ներքին պարտքն է։

2020-ի 11 ամիսների ընթացքում, այսինքն՝ 2019 թվականի տարեվերջի համեմատ, պետական պարտքը, դոլարային արտահայտությամբ, ավելացել է 626.2 մլն դոլարով կամ 8.5%-ով։ Ընդորում արտաքին պարտքն աճել է 220.3 մլն դոլարով կամ 3.8%-ով։ Իսկ ներքին պարտքն աճել է մոտ 406 մլն դոլարով կամ 26.4%-ով։

Ի տարբերություն ներքին պետական պարտքի, արտաքին պարտքը ստացվում, սպասարկվում ու մարվում է մեծ մասամբ ԱՄՆ դոլարով։ Երբ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվում է, պարտքը մեխանիկորեն ավելի է մեծանում։ Ու թանկանում է նաև դրա սպասարկումը։ Հայաստանը պետական բյուջեից ստիպված է լինում ավելի շատ դրամ տրամադրել այն դոլարով սպասարկելու համար։ 2020 թվականին դրամը երկու փուլով արժեզրկվեց, որն էլ ավելի մեծացրեց պետական պարտքը։ Հետևաբար, երբ պարտքը հաշվարկում ենք դրամային արտահայտությամբ, ապա աճն ավելի մեծ է ստացվում։

Մասնավորապես, նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 տրլն 39 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 527 մլրդ դրամով կամ 15%-ով։ Այդ թվում՝ ներքին պարտքը կազմել է 987.2 մլրդ դրամ՝ աճելով 250 մլրդ դրամով կամ 33.9%-ով։ Իսկ արտաքին պարտքը 3 տրլն 52 մլրդ դրամ է, աճը՝ 276.9 մլրդ դրամ կամ 10%:

2020 թվականին դրամի արժեզրկման առաջին փուլը սկսվեց մարտի կեսերից։ Մասնագետների մեկնաբանմամբ՝ դա պայամանավորված էր բնակչության սպասումներով. մարդիկ, անորոշության պայմաններում, շտապում են իրենց խնայողությունները դոլարի վերածել, որի արդյունքում դոլարի նկատմամբ պահանջարկն աճում է, հետևաբար՝ այն թանկանում է։ Չբացառվեցին նաև սպեկուլյատիվ երևույթները:

Ինչպես նշված է պետական պարտքի վերաբերյալ Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկագրում, մարտին փոխարկման համար 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ կիրառվել է 500.8 դրամ փոխարժեքը, այն դեպքում, երբ փետրվարին այն 478.6 դրամ էր։ Ապրիլից փոխարժեքը որոշակիորեն նվազել է, սակայն սեպտեմբերի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմից ընդամենը օրեր անց դրամի արժեզրկման միտումներ գրանցվեցին, որը շարունակվել է մինչ տարեվերջ։ Եթե սեպտեմբերին փոխարկման համար Ֆինանսների նախարարությունը հիմք է ընդունել 487.6 դրամ փոխարժեքը, ապա հոկտեմբերին՝ 493.6 դրամը, նոյեմբերին՝ 508.2 դրամը։

Ստորև գտնվող գրաֆիկում ներկայացված են Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները՝ ԱՄՆ դոլարով։

Պետք է շեշտել, որ դրամի կայունության պարագայում էլ պարտքն աճելու էր, քանի որ մեր բյուջեն դեֆիցիտով է՝ եկամուտներն ավելի քիչ են, քան ծախսերը։ Այդ «ճեղքվածը» փակվում է միջազգային կազմակերպություններից ու պետություններից ստացվող վարկերով, ինչպես նաև ներքին պարտքով։  Ներքին պարտքը հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերի հաշվին է գոյանում։

Հայաստանի թե՛ ներկայիս, թե՛ նախկին կառավարություններին չի հաջողվել ու չի հաջողվում թուլացնել պետական պարտքից ունեցած կախվածությունը։ Ավելին, այս տարվա նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ հատելու է օրենքով նախատեսված 60%-ի շեմը, որի պարագայում Կառավարությունը ստիպած է լինելու միջոցառումների ծրագիր ներկայացնել շեմն իջեցնելու ուղղությամբ։

Կառավարությունը վերջին տարիներին նպատակադրվել է պետական պարտքի կազմում ավելացնել ներքին պարտքի տեսակարար կշիռը, քանի որ ներքին պարտքը ՀՀ դրամով է և զերծ է փոխարժեքի տատանումների բացասական ազդեցություններից։ Սակայն, սրան զուգահեռ չի դադարում մեծանալ նաև արտաքին պարտքը։ Բացի այդ, ներքին պարտքի դիմաց ևս զգալի տոկոսավճարներ են տրվում բյուջեից։ Այս տարվա տվյալները ցույց են տալիս, որ ներքին պարտքի տոկոսներին ավելի շատ գումար է ուղղվել, քան արտաքին։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարվա 11 ամիսների պետական պարտքը սպասարկելու համար՝ տոկոսավճարներին, Հայաստանը բյուջեից հատկացրել է 160.9 մլրդ դրամ։ 86.7 մլրդ դրամը ներքին պարտքի տոկոսավճարներն են կազմել, 74.2 մլրդ դրամը՝ արտաքին։ Այս գումարները ավելանալու են նաև 2021 թվականին՝ պետական պարտքի աճին զուգահեռ։

2021 թվականի պետական բյուջեն նախագծելիս Ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ այս տարվա վերջում պետական պարտքը հատելու է 9 մլրդ դոլարի շեմը։

Լուսանկարը՝  pixabay.com-ի/pasja1000

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter