HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պատերազմի վիճակագրություն

Պաշտոնական մարմիններից հուսախաբ եղած անհետ կորած զինվորների ծնողները հունվարի 7-ին հայտարարեցին պայքարի գործողություններ իրականացնելու մասին: Խմբի նախաձեռնողներից Արսեն Ղուկասյանը ուղերձով դիմեց լրագրողներին ու փաստաբաններին՝ խնդրելով աջակցել իրենց գործողություններին: Լրագրողներից նրանց ակնկալիքն այն է, որ անհետ կորած և գերեվարված զինվորների  հարցը հանրայնացվի միջազգային լրատվամիջոցներում: 

Փաստաբանների օգնությամբ ցանկանում են անհատական քրեական գործեր հարուցել յուրաքանչյուր զինվորի մահվան հանգամանքները քննելու և պատասխանատուներին պատժելու համար: Փաստաբանների աջակցությունը նրանց անհրաժեշտ է կառավարության անգործությունը վարչական դատարանում վիճարկելու համար՝ պատերազմի վիճակագրությունը հրապարակելու պահանջով:

Նոյեմբերի 10-ին հաստատված եռակողմ հրադադարից անցել է երկու ամիս, և մինչ օրս Կառավարությունը հանրությանը չի ներկայացրել մեր ռազմական կորուստները: Չգիտենք մեր զոհերի ու վիրավորների թիվը, չգիտենք անհետ կորածների թիվը, չգիտենք, թե քանի ռազմագերի ունենք: Կառավարությունը մերժել է լրատվամիջոցների հարցումները՝ պատճառաբանելով, որ դրանք պետական գաղտնիք են: 

Արսեն Ղուկասյանը ֆեսբուքյան ուղերձում, ամփոփելով իր և բախտակիցների երկամսյա պայքարը, հայտնեց, որ մինչ օրս այդ հարցում հատվածական հաջողություններ են ունեցել միայն իրենց համառության հաշվին: «Այսօրվանից սկսում ենք անզիջում և հետևողական իրավական պայքար նրանց դեմ, ովքեր դավաճանել են, խաբել են մեր երեխեքին և տարել են անխուսափելի մահվան...»,- հայտնեց նա:

Անհետ կորած զինվորների հարազատների մի ուրիշ խումբ հունվարի 8-ից նստացույց սկսեց Էջմիածնի զորամասի առջև: Նրանք երկու ամիս ամեն օր հավաքվում էին այստեղ և զորամասի հրամանատարությունից պահանջում գտնել իրենց որդիներին: Արդեն 82 օր է նրանցից որևէ տեղեկություն չունեն: Ծնողներն ասում են, որ իրենց որդիներն անհետ կորել են Զանգելանի տարածքում, իսկ այդտեղ մինչ օրս որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Պատասխանատուները հայտնել էին, թե նրանց բողոքի գործողությունները խոչընդոտում են արդյունավետ աշխատանքին, իրենք էլ 15 օր դադարեցրել էին պայքարը՝ անկաշկանդ գործելու հնարավորություն տալով նրանց: 

Երբ այդ ժամկետը սպառվեց, իշխանությունը նոր պայմանականություններ առաջադրեց: Հունվարի 8-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ գերիների, պատանդների վերադարձը, «ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակումը» պայմանավորելով տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը վերացնելով։

«Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը»- գրել է Ն. Փաշինյանը:

Ի պատասխան՝ ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում նույն օրը գրեց, որ ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայմանի և վերջ:

«Բացարձակ անընդունելի է, որ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում չկա կոնկրետ ժամկետ` կապված գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակմանը կամ վերադարձին»,- հայտարարեց Ա. Թաթոյանը

Ստացվում է, որ անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողներին վարչապետը պատանդ է դարձնում սեփական երկրում՝ թույլ չտալով պայքարել իրենց զավակաների վերադարձի համար: Սակայն, իշխանական քարոզչամեքենայի համար դժվար է լինելու հակապայքարի միջոցառումներ ձեռնարկել այս մարդկանց դեմ: Մինչ օրս որդեգրված էժանագին վարկաբեկման մեթոդներով հնարավոր չէ պիտակավորել զինվորների ծնողներին: 

Պատերազմի ավարտից երկու ամիս է անցել, մարտադաշտից ամեն օր դիեր են դուրս բերվում, շատ ծնողներ դեռևս սպասում են իրենց որդիների վերադարձին՝ ողջ թե մեռած: Նրանք երկու ամիս շարունակ կառավարության, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի դռների առջև հավաքվելով պահանջում են հայտնաբերել իրենց որդիներին: Իրենց զավակների լուսանկարները սոցիալական ցանցերում տարածելով հույսեր են փայփայում, որ գուցե մեկը մի լուր կհայտնի: Շարունակում են փնտրել հիվանդանոցներում, դիահերձարաններում, մասնակցում են որոնողական աշխատանքներին, փնտրում են ռազմագերիների մեջ: 

Զոհերի ու անհետ կորած զինվորների հարազատներն ամեն օր ահազանգում են դիահերձարաններում կուտակված և դեռևս չնույնականացված դիերի մասին: Նրանց ասելով՝ վաղուց դիահերձարաններից նեխած դիակների հոտն է սփռվում շուրջ բոլորը: Մինչ օրս փաստեր են հրապարակվում, որ զինվորի դին երկու ամիս դիահերձարանում է եղել, իսկ հարազատները նրան փնտրում էին ռազմական գործողությունների տարածքում: Իշանությունը դիակները նույնականացնելու դանդաղկոտությունը պատճառաբանում է ԴՆԹ սարքի պակասով:

Հունվարի 9-ի պաշտոնական հաղորդագրությունն ասում է, որ մինչ օրս հայտնաբերվել է 1197 աճյուն: Առողջապահության նախարարությունը ԴՆԹ հետազոտությունների վերաբերյալ վերջին հայտարարությունը հունվարի 8-ին է հրապարակել, որով տեղեկացնում է. «Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 468 մարմին»:

Ժամանակին եթե տեղեկացնեին հարազատներին, հնարավոր է՝ դիակներն ամբողջական լինեին, ԴՆԹ հետազոտության անհրաժեշտություն չլիներ: Քանի որ պատերազմի 44 օրերին կեղծվել է իրականությունը, հանրությունը չպետք է իմանար զոհերի իրական թիվը, դրա համար էլ դիերը մնացին դիահերձարանում այնքան ժամանակ, մինչև անճանաչելի դարձան: Ընդգծենք, որ զոհերի թիվը պետական գաղտնիք համարվեց միայն պատերազմի ավարտից հետո, մինչ այդ, մեզ ամեն օր ներկայացվում էր թե՛ մեր, թե՛ թշնամու կորուստները: Ավելի ուշ, արդեն կապիտուլացիան ընդունելուց հետո Արցախի հանրապետության նախահագ Արայիկ Հարությունյանը պետք է խոստովաներ, որ մենք օրական 100 զոհ էինք ունենում: 

Ծնողներից մեկը՝ Մարիա Երկանյանը,  ֆեյսբուքի իր էջում հունվարի 5-ին գրառում է կատարել՝ դիմելով ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին. «Խնդրում ենք Ձեզ, աղերսում ենք բոլոր անհետ կորած և գերության մեջ հայտնված զինվորների ծնողներով, գումար փոխանցելու փոխարեն ուղարկեք ԴՆԹ-ի սարք, որպեսզի շուտ դիերը հանձնենք հողին, օգնեք մեզ գերիներին վերադարձնենք, մենք չունենք ուժեղ կառավարություն, որ այս հարցերը լուծեն։ Մենք ծնողներով չունենք ո՛չ քուն, ո՛չ դադար, մեզ գնդակի պես գլորում են մի տեղից մյուս տեղը, չեն լսում և չեն օգնում»։

Հետպատերազմական շրջանը լյուստրացիա էր նաև հասարակական կազմակերպությունների համար: Իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք մինչև 2018թ.-ի իշխանափոխությունը կոնկրետ առաջադրանք ունեին՝ արագ արձագանքել բոլոր իրավիճակներին, ոչինչ չեն նախաձեռնում անհետ կորած զինվորների ծնողների պահանջը լսելի դարձնելու համար: Կառավարությունից չեն պահանջում պատերազմի վիճակագրությունը, չեն պահանջում ներկայացնել, թե ինչ գործողություններ են ձեռնարկում ռազմագերիներին վերադարձնելու կամ անհետ կորածներին հայտնաբերելու համար: 

Պատահական չէ, որ այդ մարդիկ աջակցության համար լրագրողներին ու փաստաբաններին դիմեցին: Հետպատերազմական շրջանում իրենց գործունեությամբ առանձնացան երկու կարևոր ինստիտուտներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և Փաստաբանների պալատը: ՄԻՊ-ը միակն է, որը հետևողականորեն և օպերատիվ արձագանքում է բոլոր իրավիճակներին և իրադարձություններին:

Հասարակական կազմակերպությունների ստեղծած վակուումը լրացնում է Փաստաբանների պալատը: Պատերազմի ավարտից առ ժամանակ հետո, Փաստաբանների պալատի նախագահի որոշումով ստեղծվել է փաստահավաք խումբ, որը պետք է տեղեկություններ հավաքի «Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմական գործողությունների ընթացքում զորահավաքի կազմակերպման, քարոզչության, մարտական օգնության և մարտերի կազմակերպման ժամանակ թույլ տրված խախտումների վերաբերյալ ...»:

ՓՊ նախագահը վարչապետին ներկայացրեց հանրային պահանջը՝ հրապարակել կապիտուլացիայի համաձայնագրով ստանձնած բոլոր՝ գրավոր և բանավոր հանձնառությունները, գերիների վերադարձնելու ժամկետը և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter