HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաջորդ պատերազմի փոխարեն» կամ «ինչպես չկորցնել պետությունը»

«Պատերազմը, խոշոր հաշվով, կոպիտ սխալների կատալոգ է»։ 

Ու. Չերչիլ

Աշխարհի ցանկացած ժողովրդի կապում է ինչ-որ գաղափար կամ համաձայնութունների շարք: Էթնիկ, լեզվական, կրոնական, մշակութային նույնությունը արդի աշխարհում դարձել է ո՛չ պարտադիր ու ո՛չ էլ բավարար պայման: Այսպես, օրինակ, արաբական աշխարհում, ուր կա լեզվի, կրոնի, մշակույթի խորքային ընդհանրություն՝ հանդես են գալիս առանձին պետություններ ու ժողովուրդներ: Միևնույն ժամանակ, օրինակ, Կանադայում տարբեր լեզուների, տարբեր կրոնների և տարբեր մշակույթների պայմաններում մենք ականատեսն ենք մեկ ժողովրդի ու նրա ձևավորած պետության, իսկ քրդական էթնոսը իր լեզվական, կրոնական ու մշակութային որոշակի ընդհանրություններով հանդերձ չունի պետություն հիմնելու և որպես ժողովուրդ հանդես գալու միասնական համաձայնություն: Հետևաբար պարտադիր ու բավարար պայման է համաձայնությունների ու գաղափարների այն շրջանակը, որը տվյալ մարդկային հանրությանը թույլ է տալիս ապրել և հանդես գալ, որպես մեկ ժողովուրդ և մեկ պետություն: Ու, եթե որևէ ժողովրդից վերցվի իրեն կապող գաղափարը, այդ ժողովուրդը կփլուզվի:

Հայաստանի դեպքում պատմականորեն այնպես էր ստացվել, որ այդ գաղափարը «Ղարաբաղը մերն է» կարգախոսից բխող համաձայնությունն էր: Բանն այն է, որ Ղարաբաղյան շարժումն ավելի հին է քան անկախության հանրային գործընթացը, և անկախությունը հռչակվեց, որպես շարժման ճանապարհին անխուսափելիորեն ահնրաժեշտ մի քայլ, որպես մի հանգրվան, որտեղից սկսած մենք իրավունք կունենայինք ինքնուրույն որոշելու մեր խնդիրների լուծման ճանապարհը: Անկախությունը հայ հանրության համար ընդունելի դարձավ բացառապես այն բանից հետո, երբ լայն շրջանակները հասկացան, որ ԽՍՀՄ կազմում ոչ Ղարաբաղը կարող է մերը լինել, ո՛չ էլ մեր բնական ու քաղաքական իրավունքները կարող են հարգվել: «Ղարաբաղը մերն է» կարգախոսը այն միակ համաձայնությունն էր, որի համար հայերը պատրաստ եղան պայքարելու, վճարելու, կռվելու և զոհվելու: Եվ հիմա այդ գաղափարը հօդս ցնդեց՝ իր հետ տանելով մեր գոյության և որպես ժողովուրդ ձևավորման վերջին երեսնամյակի ողջ պատմությունը:

Այն ինչ հիմա տեղի է ունենում մեզ հետ և մեր աչքի առաջ՝ հանրության փլուզում է: Մենք երևի դեռ լավ չենք գիտակցում, բայց այժմ մենք ոչնչով կապված չենք իրար հետ, ոչ մի պարտավորություն չունենք իրար առաջ և ատում ենք իրար ազատորեն, որովհետև համաձայն չենք իրար հետ ոչ մի բանում: Ու պետությունը, որ դեռ գոյություն ունի, սոսկ իներցիա է՝ այն ժամանակների, երբ մենք հարկ էինք վճարում, բանակ էինք գնում, հարգում էինք այլոց կյանքի իրավունքը... ու պատժում վերը թվարկվածները չանելու համար՝ մի համաձայնության շրջանակներում: Այդ իներցիան կա, որպես մի սովորություն, բայց այն կսկսի քայքայվել, երբ հարց ծագի թե ինչի՞ համար պիտի հարկ վճարենք, ինչի՞ համար պիտի բանակ գնանք, ինչի՞ համար պիտի հարգենք այլոց կյանքի իրավունը ու ինչի՞ համար պիտի պատժենք վերը թվարկվածները չանողներին:

Այն ատելությունն ու թույնը, որ հոսում է ամեն կողմ՝ մեդիայից մինչև խորհրդարան, փողոցից մինչև ֆեյսբուք և համաձայնության գալու անկարողությունը, որ դրսևորվում է բոլոր կողմերից՝ հստակ ախտանիշերն են հանրության փլուզման։ Հանրությունը տրոհվում է համաձայնության առավել փոքր խմբերի՝ այս կամ այն գործչի/կուսակցության աջակիցների, որոնք իրար առաջ որևէ պարտավորություն չունեն և պատրաստ են դաժանորեն ոչնչացնել իրար։ Նրանք ըստ էության նոր «միկրոժողովուրդներ» են՝ «զոմբիներ» և «պիցայակերներ», «սևեր» և «սպիտակներ», որոնք իրար հետ ապրելու որևէ եզր չեն գտնում, չեն կարող ունենալ մեկ կառավաարություն, մեկ կարգ, մեկ սահմանադրություն։ 

Նման իրավիճակում հանրույթները ունեն երեք ճանապարհ.

  1. Գտնել կամ պարտադրել համաձայնությունների շարք և սկսել նոր շրջան այդ ժողովրդի կյանքում։
  2. Բաժանվել մասերի ու հիմնել առանձին պետություններ։
  3. Այլ ավելի հզոր պետության կողմից ենթարկվել գաղութային հարկադիր կարգերի։

Երրորդ տարբերակը դուրս է մեր հայեցողությունից. դա տեղի կունենա առաջին երկու տարբերակը ձախողելու դեպքում՝ ինքնաբերաբար։ 

Երկրորդ տարբերակը մեզ համար չէ, քանզի չկա բավարար կենսատարածք երկու պետության գոյություն ապահովելու համաար։

Մեզ մնում է մտորել առաջին տարբերակի շուրջ։ Ընդ որում ես միանգամայն բացառում եմ պարտադրանքի տարբերակը, որովհետև հարկադրանքը ևս պետք է ունենա գաղափարական հիմքեր և հանրային աջակցության բազա, որը Հայաստանում ի սպառ բացակայում է։ Այդ հնարավորությունը կար 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո։ Սակայն այդ իրադարձությունները չձևակերպեցին նոր համաձայնություններ, այլ միայն մերժեցին նախկինում գոյություն ունեցած կարգերը։ 

Այստեղ ես ուզում եմ ներկայացնել մի փաստ, որը հստակորեն կցուցադրի այս ձախողման էությունը։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում անց են կացվել հարցումներ, որոնց մի բաադրիչը վերաբերվել է այսպես կոչված «հանրային նպատակին»։ Հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին տրվել է միևնույն հարցը. «ո՞րն է ձեր ժողովրդի նպատակը մոտ ապագայում»։ Վրացիները պատասխանել են, որ իրենց նպատակը ԵՄ և ՆԱՏՕ անդամակցությունն է, ադրբեջանցիները պատասխանել են, որ նպատակը «Ղարաբաղը հետ բերելն է», իսկ հայերը չեն տվել հստակ պատասխան։ 

Պատկերացրեք, որ մի ժողովուրդ, որի երեսուն տոկոսը պաշտոնապես աղքատ է, իսկ մոտ քսան տոկոսը գործազուրկ, մի ժողովուրդ, որի տնտեսությունն աշխատում է կուտակելով նորանոր պարտքեր, որի շուրջ սեղմվում է անվտանգային օղակը, որի զավակները իրենց բախտը կապում են աշխարհի զարգացած ու հետամնաց, աղքատ ու հարուստ, ժողովրդավարական ու ավտորիտար տարբեր երկրների հետ, բայց ոչ Հայաստանի, մի ժողովուրդ, որը նոր-նոր տապալել է անարդար կարգը և վերջապես հնարավորություն ունի կառուցելու այն ինչ երազում է… ահա այդ ժողովուրդը չունի երազանք։ 

«Թավշյա հեղափոխությունը» եկավ ու ասեց, որ վե՛րջ. մենք ժողովրդավարության բաստիոնն ենք, վե՛րջ. մենք ինքնիշխան ենք, վե՛րջ. մենք չկոռումպացված ենք, վե՛րջ. մենք տնտեսական թռիչք ենք գրանցելու, վե՛րջ. պարզապես վերջ։ «Թավշյա հեղափոխությունը» ասեց «վերջ» լճացած անցյալին։ Ու չտալով ապագայի ուղենիշեր՝ ակամա «վերջ» ասեց նաև ապագային։ Մեր հանրությանը թվաց, որ դժվարն անցել ենք, մեզ մնում է միայն ատամներով պահել այդ ձեռքբերումը։ Եվ մեր հանրությունը պահեց այն ատամներով, պահեց թշնամանալով, պահեց այնպես ինչպես տապանաքարն են պահում, որ ոչ ոք չպղծի։ Իհարկե, տապանաքարը չպետք է պղծվի և այն արժանի է պահպանության, բայց տապանաքարը, որքան էլ կարևոր, մի քար է որ դնում են մահացածի վրա ու ոչ նոր շենքի հիմքում։ Հիմա մենք շվարած-նստած ենք «նախկինի» գերեզմանաքարին և տխուր նայում ենք մեր շուրջը չտեսնելով ապագան կառուցելոu որևէ ռեսուրս և ուղենիշ. այնպես՝ ինչպես որևէ մեկը չի մտմտում գերեզմանոցում տուն սարքելու մասին։

Եվ ահա մեր խնդրն է գտնել այդ համաձայնությունը ապագայի շուրջ։ Դա չափազանց բարդ մի խնդիր է այն պայմաններում, երբ մարդիկ գոյության սպառնալիքի և դավադրությունների մեջ մոլորվածության զգացմունքներ ունեն։ Բայց դա միակ ճանապարհն է, եթե մենք դեռ ուզում ենք պետություն ու սեփական կարգեր ունենալ ու չդառնալ երրոդ տարբերակի գերին։

Այս խնդրի լուծումը փնտրելիս ես ելնում եմ այն կանխավարկածից, որ մենք ուզում ենք ապրել արդար, ազատ և համերաշխ միջավայրում։ Սա հնարավոր է, եթե մենք ունենանք խաղաղ, բարեկեցիկ և ինքնիշխան պետություն։

Այս համաատեքստում ես ինձ թույլ եմ տալիս նկատել, որ կոնֆլիկտներն ու պատերազմները արդի աշխարհում միջազգային հարաբերությունների կարգավորման մեջ կարևոր ու արժեքավոր գործիքներ են՝ հատկապես, եթե քո երկրի զավակները չեն զոհվում այդ կոնֆլիկտներում։ Ղարաբաղյան կոնֆլիկտը, փակ սահմանները ինքնին շատ կարևոր գործիքներ են ու ռեսուրս այլ պետությունների համար՝ իրենց հարցերը կարգավորելու համատեքստում։ Եթե այլաբանորեն ձևակերպենք՝ Հայաստանը իր փակ սահմաններով պահակակետ էր Ռուսաստանի ու Չինաստանի արևմտյան դարպասների մոտ, իսկ հայության մասնագիտացումը պահակակետի անվտանգության աշխատակցի մասնագիտությունն էր` դրանից բխող վարձատրության և ինքնուրույնության մակարդակով։ Այս այլաբանությունը կիրառում եմ ցույց տալու, որ ամեն ժողովուրդ ու պետություն ունի ֆունկցիա (մասնագիտացում) և ամեն ժողովուրդ ու պետություն ինչ-որ բարիք է ստեղծում մյուսների համար։ Կյանքը հեռու է ռոմանտիզմից և մասնագիտությունները լինում են նաև վտանգավոր։ Այսինքն, երբ դու պահակակետի անվտանգության աշխատակից ես՝ պահպանվող օբյեկտի վրա հարձակումը անխուսափելիորեն հղի է զոհվելու վտանգով։ Մենք միակը չենք այս աշխարհում ում մասնագիտացումը վտանգավոր է կյանքի համար. աֆրիկյան պետություններից շատերը մասնագիտացել են որպես հանքափորներ և ունեն դրան բնորոշ առողջական, կրթական, սոցիալական, ֆինանսական խնդիրներ, ոչ ֆորմալ գոյություն ունեցած ԻԼԻՊ-ը (Իսլամական պետւթյուն ահաբեկչական կազմակերպությունը) մասնագիտացել էր վարձու մարդասպանի մասնագիտության մեջ և խիստ օրինաչափորեն կեղծում էր անձնագրեր, թաքնվում բոլորից, փակում իր դեմքը դիմակով, զոհվում իր պատվերը անհաջող կամ նույնիսկ հաջող կատարելու դեպքում ու նրա հետ կապ ունեցող որևէ պետություն հրաժարվում էր ընդունել այդ կապի մասին փաստերը ու ցուցադրաբար ոչնչացնում էր նրան։

Հետևաբար, եթե չենք ուզում ապրել պարբերաբար մեր զավակների կյանքը զոհելով՝ պետք է փոխենք մեր մասնագիտությունը։ Հայ հանրության այն հատվածում, որը ճշգրտորեն նկատել է, որ մեր կոնֆլիկտը գործիք է միջազգային հարաբերություններում՝ կա մի մոլորություն, թե հնարավոր է ազատվել այս «աշխատանքից»՝ հաղթելով պատերազմում, կամ զիջելով Ղարաբաղը / դրա մի մասը։ Ոչ ոք չի սիրում ձրիակերներին ու ոչ ոք թույլ չի տալու, որ այս աշխարհում մենք ապրենք առանց «աշխատանքի»։ Ամեն անգամ, երբ մենք կամ Ադրբեջանը չափազանց մոտ կլինենք լիարժեք հաղթանակին, կամ ամեն անգամ, երբ մենք ու Ադրբեջանը չափազանց մոտ կլինենք փոխզիջումային լուծմանը՝ հանկարծակի կծագի մի պետության վետո, մի բանաձև, մի կոշտ հայտարարություն, մի չբացահայտված կրակոց, մի նոր մատակարարված զինատեսակ, որը առնվազն տաս տարով կհետաձգի այդ պահը։ Այս տողերը գրելիս ես անասելի ցավ եմ ապրում այսպիսի իրականության համար, որտեղ մենք լիարժեք հաղթանակի կամ վերջնական կարգավորման հնարավորություն չունենք, բայց սա է իրականությունը, որի չարձանագրումը մեզ կշարունակի պահել կեղծ լուծումներ գտնելու ջանքերի փուլում։  Հետևաբար երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն կոնֆլիկտին այլընտրանք առաջարկելով, կամ, այլաբանորեն, փոխելով «մասնագիտությունը»։ 

Ինչպե՞ս փոխել մասնագիտությունը։

Այս հարցը լայն իմաստով և կոնկրետ «մասնագիտության» ընտրությունը՝ նեղ իմաստով, փիլիսոփաների, տնտեսագետների, սոցիոլոգների, դիվանագետների և շատ այլ մասնագետների ուսումնասիրության լուրջ թեմա է, որոնցից որևէ մեկը ես չեմ հանդիսանում։ Ես ձեռնպահ կմնամ այդ նորույթը ձևակերպելու համարձակությունից, նույնիսկ, եթե ելնենք այն հաշվարկից, որ այդպիսի մասնագետներ չկան, որ իրենք ձևակերպեն։ Բայց կարծում եմ, որ գիտեմ ընդհանուր մի բանաձև, որը թույլ կտա ստեղծել միջավայր, որտեղ այդ հարցերը կարող են քննության առարկա դառնալ։ 

Ելնելով ընդհանուր կանխավարկածից, որ մենք պետք է նոր ֆունկցիա վերցնենք, որը կլինի առավել անվտանգ, կվարձատրվի ավելի բարձր ու թույլ կտա խոսել-հակադրվել առավել համարձակ և նկատի ունենալով, որ մենք ուզում ենք արդար, ազատ և համերաշխ հանրություն կառուցել՝ այդ ընհանուր բաաձևը հետևյալն է. 

Արդարացի միջացայր - կրթություն/գիտություն - արժանապատիվ և արդյունավետ աշխատանք

Կարծում եմ կհամաձայնեք, որ վերը նշված եռյակը ցանկացած մասնագիտացման դեպքում անհրաժեշտ նախապայմաններն են։

Արդարացի միջավայր

Սա ասելով ես նկատի ունեմ հարկային, դատաիրավական, աշխատանքի վարձատրության, բարիքի բաշխման մեխանիզմների այնպիս վերանայում, որը թույլ կտա քաղաքացուն իրեն այս երկրի փայատեր զգալ։ 

Արցախից վերադարձած որոշ ընկերներ պատմում են՝ արցախցիների շրջանում կար նեղսրտածություն, որ պատերազմի ժամանակ հայրենիքի համար իրենք կյանքն են զոհաբերում, բայց խաղաղության ժամանակ այդ պաշտպանված տարածքներում հեկտարներով սեփականությունը պատկանում է նեղ շրջանակների։ Անկախ նրանից այս մտքի հիմքերը որքան են փաստացի՝ դրա գոյությունը ցույց է տալիս, որ մենք ինչ-որ տեղ շատ կոպիտ սխալ ենք թույլ տվել։

Այսօր օրենսդրական փոփոխություններ են արվում, որոնք նախատեսում են զոհված և վիրավորված մեր եղբայրների ընտանիքներին տրվելիք փոխհատուցումների գումարը գանձել այն նույն ընտանիքներից՝ աշխատավոր դասից, որոնք պատերազմին են նվիրել իրենց զավակների կյանքն ու առողջությունը, որոնք բանակում պահել են զինվորին խաղաղ ժամանակ, որոնք լիցքավորել են զինվորի հեռախոսը, որ մասնավոր կազմակերպությունը կապ ապահովի ընտանիքի ու զինվորի միջև։ 

Այսօր փոքր ու միջին բիզնեսի վրա է դրվում բյուջերի ճեղքվածքը փակելու հարկային բեռը՝ այն նույն մարդկանց, ովքեր աշխատել են հնարավոր ամենալավ Հայաստանի համար, որոնց հարկերով ու նվիրատվություններով կառուցվել է ամեն բան Հայստանում, Արցախում ու բանակում։ Տպավորություն է, որ խոշոր բիզնեսը, օտարերկրյա կորպորացիաները այդ պատերազմից ու դրա հետևանքներից ապահովագրված են եղել ի վերուստ։

Այս պայմաններում մենք ընդամենը մեկ տարուց կարող ենք ականատես լինել աննախադեպ արտագաղթի, որը Հայաստանը կզրկի աշխատավորական դասից ու սեփական բանակ ունենալու հնարավորությունից։ Հարկավոր է արմատապես փոխել արդարությանը առչվող մեր գործիքակազմը, եթե ընդհանրապես ուզում ենք ապագայում գոյություն ունենալ։

Կրթություն/գիտություն

Թերևս սա ամենակարևոր կետն է այս ողջ պատմության մեջ։ Մենք փնտրում ենք լուծումներ՝ արագ և հեշտ, բայց չենք ուզում նկատել, որ խնդիրները լուծվում են դրանք մանրամասնորեն «հերձելու» միջոցով։ Մենք ոչ մի հարցի պատասխան ու լուծում չենք ունենալու, եթե չունենանք այդ հարցերը քննելու կարող միտք ու համակարգ։ Մեր մի շարք հարցեր դեռ պիտի մնան անպատասխան ու թողնվեն հետագային՝ քանի դեռ մենք չունենք այդ հարցերին պատասխանող մասնագիտական համայնքներ։ Ուստի մեր աշխարհքաղաքական «մասնագիտության» թե ընտրությունը, թե դրա որակյալ կատարումը կախված է կրթության և գիտության համակարգի վերափոխումից։ 

Այսօր մենք ունենք անհատ գիտնականներ ու փոքր-մեկուսի գիտական խմբեր։ Դրանք շղթայի ոսկե օղակներն են, բայց շղթան ինքնին գոյություն չունի։ Մեր խնդիրն է հավաքել շղթան։ 

Ինչպե՞ս.

Ընդհանուր տրամաբանությունը պետք է հենված լինի երեք անկյունաքարերի վրա Փող/փողի կառավարում - պատվեր/պատվերի կառավարում - միջազգայնացում

Միջազգայնացում. Գիտությունը չի լինում ազգային, չի լինում տեղական, չի լինում հայրենական։ Երբ դու Ներքին Չարբախում գտնվող մի քարի մասին գիտական հոդված ես գրում՝ Սախալինից մինչև Վանկուվեր քո կոլեգաներից ցանկցածը կարդալով այդ հոդվածը կարող է հասկանալ դա գիտական է թե ոչ, դա գրագետ է թե ոչ, դա նոր գիտելիք ստեղծել է թե ոչ։ Հետևաբար ունենալ գիտություն նշանակում է մաս լինել մի համակարգի, որը ուսումնասիրում է Սախալինի, Վանկուվերի ու Ներքին Չարբախի «քարերը»։ 

Այդ համակարգի մաս դառնալու համար պարզապես հարկավոր է օտարերկրյա համալսարանների հետ կնքել պայմանագրեր ու հուշագրեր, որոնք կնախատեսեն, որ մեր ասպիրանտների գիտական աշխատանքները կարող են ղեկավարել հեղինակավոր համալսարանների պրոֆեսորները, որ թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության հանձնաժողովներում կլինեն նաև այդ համալսարանների գիտնականներ, որ կողմերը պարտավորվում են բոլոր միջոցներով խրախուսել համատեղ աշխատանքները, որ մենք բավականաչափ կֆինանսավորենք այդ համագործակցությունը մեր մասով։ Պետք է խրախուսել օտարերկրյա գրականության թարգմանությունը հայերեն և հայ գիտնականների աշխատանքների թարգմանությունը օտար լեզուներով։ Եվ իհարկե պետք է ցանկություն ու համբերություն։  

Պատվեր/պատվերի կառավարում - Պետությունը ունի կարիքներ։ Երբ պատկերացնում ես թե միայն հասարակագիտական բնագավառում որքան հարցերի պատասխաններ չունի մեր պետությունը՝ սարսափում ու զայրանում ես, որ առաջ ենք շարժվում այսպես անիմանալ ու «արխային»։ Պետությունը պետք է լինի գիտության ամենախոշոր պատվիրատուն։ Զառանցանք է 13 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող երկրում «շուկայի կարիքների վրա հենված գիտության» մասին խոսակցությունը։ Օրենք ենք ընդունում՝ պիտի պատվիրենք դրա սոցիալական ազդեցության գնահատական, հարկային համակարգ ենք ներդնում՝ պիտի կանխավ և հետահայաց ուսումնասիրենք դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը, Արցախի ճանաչման գիծ ենք տանում՝ պիտի պատվիրենք միջազգային իրավունքի ու պատմության բնագավառում մեծ ծավալի հետազոտություններ անել ու տպել միջազգային գիտական ամսագրերում, ցեղասպանության ճանաչման քաղաքականություն ենք վարում՝ պիտի պատվիրենք դրա վերաբերյալ հետազոտություններ անել ու տպել միջազգային գիտական ամսագրերում։ Ի դեպ, վերջինի մասով. բոլոր հեղինակավոր ցեղասպանագիտական ամսագրերում Հայոց ցեղասպանության թեմայով ավելի քիչ պրոհայկական հոդված կա, քան պրոթուրքական, այս առումով մենք նույնիսկ չենք դիմանում «Խոջալուի ցեղասպանության» թեմայով հոդվածների հետ մրցակցությանը։ Սա է այն մակարդակը, որով մենք վերաբերվել ենք մեր դրած առաջնահերթ խնդիրների լուծմանը։ 

Տալ պատվեր ու հետևել, որ այն իրականացվի հստակ չափանիշներին համապատասխան մակարդակով, կիրառել արդյունքները կառավարման մեջ. սա է պետության որակի կարևոր մի գրավականը։

Ֆինանսավորում. Հայաստանի կառավարությունը խախտելով գիտության ֆինանսավորման վերաբերյալ օրենքի պահանջները՝ քառակի քիչ ֆինանսավորում է հատկացնում գիտությանը։ Դա պրակտիկորեն նշանակում է, որ գիտնականը կամ պիտի չունենա վարձատրություն, կամ պիտի չունենա թիմ, կամ պիտի չունենա լաբորատորիա, կամ պիտի չունենա փորձարարության բյուջե, կամ… ինչ-որ բանից պետք է զուրկ լինի, իսկ եթե որևէ ուղղությամբ ամեն ինչ ապահովվի բավարար չափով, ապա մեկ այլ ուղղություն ընդհանրապես պետք է չֆինանսավորվի։ Ֆինանավորման ավելացումը և դրա երաշխավորված մակարդակը հնարավորություն կտա երկարաժամկետ զարգացման պլաններ ունենալ, հավաքել թիմ, վստահ լինել, որ հաջորդ տարի նրանց կկարողանաս աշխատավարձ տալ, ստեղծել լաբորատորիա, աշխատել երկար և ամենակարևորը՝ սխալվել. մի բան, որ արգելված է Հայաստանում։ Հայաստանում պահանջում են հարվածային դրոններ, պահանջում են բոլորից՝ տեսական ֆիզիկոսից մինչև սոցիոլոգ ու եթե դու հենց այսօր չես տալիս քո բաժին «դրոնը» ապա դու «կոֆե խմող» ես։ Սա ինֆանտիլ մոտեցում է, որովհետև միակ բանը, որ գիտությունը պարտավոր է ստեղծել՝ գիտելիքն է. անծանոթը ճանաչելը, անիմանալին իմանալը, անլուծելին լուծելը։ Իսկ դրոն արտադրում են ինժեներները՝ հենվելով գիտելիքի վրա։

Պետք է գիտության ֆինանսավորումը պահել նվազագույնը ՀՆԱ 1 տոկոսի մակարդակում ու դնել փողի կառավարման արդարացի համակարգ, երբ պարզ կլինի թե փողը ուր և ինչու է հոսում։ 

Ընդ որում այստեղ, որպես առավել ծանր վիճակում գտնվող բնագավառ, հատուկ վերաբերմունքի է արժանի հասարակագիտական բնագավառը, որից «դրոն» ակնկալելը միանգամայն խեղկատակություն է։ Հասարակագիտությունը. սոցիոլոգիան, փիլիսոփայությունը, քաղաքատնտեսությունը և շատ այլ մեզ համար խորթ մասնագիտություններն են, որ թույլ են տալիս ճանաչել մեր ու այլոց հանրությունները, պարզել թե ինչու ամեն ինչ չի լինում այնպես ինչպես երազում էինք, ինչպես կազմակերպել մեր կյանքը, որ այն զարգանա առանց խոշոր ցնցումների ու ճգնաժամերի։ 

Գիտության համակարգի առողջացումը մեզ տալու է այն պրոֆեսորներին, որոնք ձևավորելու են բուհական կրթությունը, բուհական կրթությունը տալու է ուսուցիչներ, որոնք կերտելու են դպրոցական կրթությունը և դպրոցական կրթությունը տալու է այն քաղաքացուն, որը այս ամբողջ գործընթացի շահառուն է հենց։

Արժանապատիվ և արդյունավետ աշխատանք. 

Պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 30 տոկոսը աղքատ է, իսկ գործազուրկ է մոտ 20 տոկոսը։ Այս ցուցանիշների համադրումը տխուր մի հետևության առիթ է դառնում՝ Հայաստանում աշխատող մարդը աղքատ է։ 

Այս թվերը ջախջախում են այն փաստարկը, թե մարդիկ չեն աշխատում դրա համար են աղքատ, այս թվերը ապտակ են այն քաղաքական գործչին, ով մարդկանց կոչ է անում աշխատել։ Եթե նույնիսկ մարդը անծանոթ է ԱՄՆ Մեծ դեպրեսիային ու դրա հաղթահարման քաղաքականությանը, եթե նույնիսկ մարդը չի կարդացել Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, փողի և տոկոսի ընդհանուր տեսությունը»՝ միայն այս թվերը պիտի նրա ուղեղում հարցեր առաջացնեն։ 

Հայաստանի տնտեսությունը դեգրադացված ու դեֆորմացված է այնչափ, որ այն հնարավորություն չի տալիս մարդուն անդուլ աշխատանքով անգամ ապրել արժանապատիվ կյանքով։ Սրա սոցիալական բաղադրիչին անդրադարձա արդարության մասին հատվածում, բայց սա ունի նաև տնտեսական բաղադրիչ։ Ես կարծում եմ, որ այս խնդրի լուծումը մի կողմից հարկային քաղաքականության, մյուս կողմից պարտքի ու ներդրումների ներգրավման միջոցով Հայաստանի տնտեսության ծավալների մեծացումն է։ Ո՞ր ուղղությամբ. չունեմ այդ հարցի պատասխանը։ Ինչպես ասացի մասնգիտացման ընտրությունը ինքնին գիտական-մասնագիտական քննարկման առարկա է։ Բայց ես գիտեմ, թե ինչ եմ երազում տեսնել Հայաստանում։

Ես երազում եմ տեսնել, որ բոլոր համալսարանական հաստատությունները դուրս են բերվել Երևանից ու տեղակայվել են Լոռու դաշտում՝ անտառների ու ձորերի, մաքուր օդի ու կոմֆորտ եղանակի միջավայրում կառուցված նոր համալսարանական-նորարարական քաղաքում։ Ես երազում եմ, որ այդ քաղաքի շուրջ ուր իջևանելու են տասնյակ հազարավոր երիտասարդներ, Շիրակում ու Տավուշում, որ հայտնվելու են այդ դինամիկ քաղաքի ազդեցության գոտում՝ մարդիկ հիմնեն նրանց կերակրելու, նրանց ժամանցն ապահովելու, նրանց հագուստը արտադրելու ձեռնարկություններ, հիմնեն նրանց ապագա աշխատավայրերը։ Ես երազում եմ, որ Հայաստանը լինի բժշկական սարքաշինության ոլորտում հայտնի պետություն ու աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքն ու առողջություն կախված լինի մեր աշխատանքից, որ մեզ մոտ լինեն քաղցկեղի ու սիրտ-անոթային հիվանդությունների բուժման լավագույն կենտրոնները, որոնք մեր քաղաքացիներին կբուժեն անվճար, իսկ այլոց՝ վճարովի։ Ես երազում եմ, որ ցանկացած տեղ ուր մարդը կնախաձեռնի գյուղմթերք արտադրել՝ ոռոգման ջուրը հասնի էժան ու բավարար քանակով։ Ես երազում եմ, որ գյուղմթերքի մթերումը կազմակերպվի կենտրոնացված ու մարդը սկզբում իմանա թե ինչի կարիք է լինելու ներքին ու արտաքին մեզ հասանելի շուկայում՝ այդ էլ մշակի։ Ես երազանքներ ունեմ Սյունիքի ու Արցախի, Վայոց Ձորի ու Երևանի, Արարատյան դաշտի ու Սևանի ավազանի, Արագածոտնի ու Կոտայքի մասին։ Որքանով են դրանք արդյունավետ, որքանով են դրանք մրցունակ՝ չգիտեմ, այդ հարցին կպատասխանեն մասնագետները։ Բայց որպեսզի լինեն մասնագետներ՝ մենք պիտի գանք համաձայնության, որ յուրաքանչյուրս ատամներով պահելու ենք արդար միջավայր - կրթություն/գիտություն - արժանապատիվ ու արդյունավետ աշխատանք եռամիասնությունը՝ այնպես հաստատակամ ինչպես հաստատակամ պահում էինք «Թավշյա հեղափոխություն» մակագրությամբ տապանաքարը, բայց առանց թշնամանքի ու կուրության։ 

Եվ այդժամ մենք աշխարհում ապրելու համար չենք վճարի մեր եղբայրների կյանքով ու առողջությամբ, այդժամ մենք կքավենք մեր մեղքը նրանց չապրած օրերի ու չիրականացած երազանքների առաջ, նրանց մոլորված հայացքով մանուկների ու հավերժ սգավոր մայրերի առաջ։

Մեկնաբանություններ (2)

Lusine
Loved this article! I am from the Netherlands and very concerned about everything going on in Armenia. I think that this is a good summary for the plans of the coming years. I hope our government got a copy?! ?
Կարինե Հակոբյան
Շատ հետաքրքիր և խորը վերլուծություն էր: <<Արադար միջավայր-կրթություն/.գիտություն-արժանապատիվ, արդյունավետ աշխատանք>>-ին կարծում եմ պետք է ավելացնել չորրորդը` մշակութային քաղաքականություն ունենալը, որովհետև միայն մշակույթն է, որ իր բնույթով ազգային է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter