HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Մակրոնը քննարկել են արցախյան հիմնահարցը

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հունվարի 10-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հունվարի 11-ին կայանալիք մոսկովյան հանդիպումը։ Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ֆրանսիայի նախագահը աջակցել է Ռուսաստանի ջանքերը՝ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հունվարի 11-ին կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման որոշ հարցեր։ Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կայունացումը, նշվել է, որ առաջին հերթին այդ հանդիպմանը նկատի է առնվելու տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ջանքերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Հեռախոսազրույցի ընթացքում շեշտը դրվել է մարտական գործողություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության անհետաձգելի տրամադրման կարևորության վրա, այդ թվում՝ միջազգային պրոֆիլային կազմակերպությունների գծով։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: Գևորգյանի խոսքով՝ հանդիպումն ունի տնտեսական օրակարգ, քննարկվելու են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, միջազգային բեռնափոխադրումների իրականացման՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարել են։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնել Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնացել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter