
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների օր
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրն ամրագրել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր:
Բաքոյանն իր խոսքում նշեց, որ չնայած Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, սակայն շուրջ 11 ազգային փոքրամասնություն է ապրում Հայաստանում: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունները տարբեր դերակատարություն են ունեցել Հայաստանի կյանքում տարբեր ժամանակաշրջանում, ուստի, ըստ իրեն, ճիշտ կլինի, որ ազգային փոքրամասնությունների առանձին օր նշվի:
Կառավարության տեսակետը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը: Փոխնախարարը ողջունեց նախագիծը՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունների ֆոնին ավելի արդիական է դառնում նման նախագծի անհրաժեշտությունը:
Նախագիծն աժանացավ հանձնաժողովի հավանությանը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
Տեղեկացնենք նաև՝ նիստ վարող Անի Սամսոնյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի կազմում փոփոխություն է արել՝ Թագուհի Թովմասյանին հետ կանչելով հանձնաժողովի կազմից և նրա փոխարեն կազմում ընդգրկել Լենա Նազարյանին: Հիշեցնենք, որ Թովմասյանը դուրս էր եկել խմբակցության կազմից՝ հայտնելով, որ գործելու է որպես անկախ պատգամավոր:
Լուսանկարում՝ Ռուստամ Բաքոյանը
Մեկնաբանել