HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կորոնավիրուսի պատվաստանյութ կգնվի բնակչության 10%-ի համար. կոլեկտիվ իմունիտետ դեռ չի ձևավորվել

2020թ. սեպտեմբերի 11-ից Հայաստանում ավարտվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամկետը ու Կառավարության 1514-Ն որոշմամբ սահմանվեց կարանտինային ռեժիմ։

Այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք, մահացել է 10 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ գրանցվել է կորոնավիրուսի 162 643 դեպք, որոնցից 150 602-ն` առողջացած, 2941-ը` մահվան ելքով (ևս 707 հոգի մահացել է այլ հիվանդությունից, բայց ունեցել է կորոնավիրուս)։ Այս պահին փաստացի բուժում է ստանում մոտ 8300 հիվանդ։ Կարանտինային ռեժիմը մեղմացվել է։

Առողջապահության նախարարության՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ու կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր խոսել են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի, կարանտինային մեղմացումների, ինչպես նաև՝ պատվաստանյութերի ձեռքբերման, դրանց հատկացումների և արդեն վարակվածների մոտ իմունիտետի ձևավորման մասին։

 

Համաճարակային իրավիճակն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ նույնը։ Ամանորին հատկապես իրականացվել են հակահամաճարակային միջոցառումները։ ՀՎԿԱԿ փոխտնօրեն Գայանե Սահակյանն ասում է, որ, ըստ գիտնականների կանխատեսումների՝ առաջիկայում չի բացառվում կորոնավիրուսի երրորդ ալիքը։ Այդուհանդերձ, տոնական օրերին Հայաստանում համաճարակային իրավիճակի համեմատաբար կայունացում է գրանցվել.

«Եթե համեմատենք վարակի վերարտադրման ցուցանիշը նախորդ 14 օրվա՝ 0,84 է, իսկ դրան նախորդող 14 օրը՝ 1,43, ինքնըստինքյան արդեն ակնհայտ է, որ մենք ունենք նվազում։ Բայց չպետք է նաև մոռանանք, որ Ամանորին բազմատեսակ շփումներ ենք ունեցել, թեպետ հակահամաճարակային նորմերի սահմանափակումները դեռ շարունակվում էին, և կանխատեսվում է, որ առաջիկայում մի փոքր [հիվանդության, հեղ.] աշխուժացում կունենանք»,- հայտնեց Գ. Սահակյանը՝ նշելով, որ այդ միտումն արդեն իսկ իրենք նկատում են։

Նունե Բակունցը ևս հաստատեց, որ իրավիճակն աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ավելի «ծանր է», քան մեզ մոտ՝ Հայաստանում։

Բացի այդ, թեստի դրական պատասխան ունեցող անձանց թվի դինամիկայի անկում է նկատվում.

«Ընդհանուր տեսակարար կշիռը դրական թեստավորված անձանց շրջանում նվազել է։ Այս պահին միջինացված 16-16,5% է։ Նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ, եթե համեմատում ենք 26% էր»,- ասաց Գ. Սահակյանը։

Կորոնավիրուսի դեպքերն առավել հաճախ գրանցվում են 55-65 տարեկան և 30-35 տարեկան անձանց շրջանում։ Երեխաներից առավել շատ դեպքերը գրանցվում են մինչև 5 տարեկանների մոտ։

ԱՆ հաշվարկներով՝ կորոնավիրուսից մահացությունը կազմում է 1,8% (չհաշված այլ պատճառներով մահացած, բայց կորոնավիրուս ունեցող անձանց թիվըհեղ)։ Մահվան դեպքերը գրանցվում են հիմնականում 70-ից բարձր տարեցների մոտ և խրոնիկ, կամ այլ ուղեկցող հիվանդություն ունեցող մարդկանց շրջանում։

Ինչ վերաբերում է կրկնավարակներին, ապա Գ. Սահակյանը նշեց, որ դեռևս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի հստակ սահմանում, թե որն է կրկնավարակը, քանի որ վիրուսը նոր է, և դժվար է ասել։ Նաև դեռևս վաղ է խոսել կոլեկտիվ իմունիտետի ձևավորման մասին, քանի որ Հայաստանի բնակչության 70-80% պետք է վարակվի, որ հնարավոր լինի ասել այդ իմունիտետի ձևավորման մասին. այսօրվա դրությամբ վարակվել է Հայաստանի բնակչության 5,6%-ը։

Եղած հետազոտություններից մի բան պարզ է՝ կորոնավիրուսով արդեն վարակված մարդու մոտ հակամարմինները 6 ամսվա ընթացում պահպանվում են, այսինքն՝ այդ մարդը մոտ 6 ամիս պաշտպանված կլինի վիրուսից։

 

Պատվաստանյութեր և կանխարգելիչ միջոցառումներ

Ամբողջ աշխարհում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պաստաստումների գործընթացը։   Հայաստանում ևս բանակցություններ են ընթանում դրանք ձեռք բերելու ուղղությամբ։

«Այս պահին Հայաստանում մենք ունենք գործող պայմանագիր «COVAX facility» նախաձեռնության հետ. նախատեսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության 10%-ի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ միայն ռիսկի խմբի շրջանում պատվաստումներն իրականացնելու համար»,- ասաց Գ. Սահակյանը։

Նրա խոսքով՝ պատվաստանյութի ձեռքբերման նախնական բանակցություններ են վարում դրանց ներկրման ժամանակացույցի շուրջ։ Իսկ մինչև ընդհանուր քանակի ձեռքբերումը՝ մինչև հունվարի վերջ-փետրվարի առաջին կեսերը, նրա համոզմամբ, մի մասն արդեն կլինի Հայաստանում։

«Մենք ունեցանք ռուսական «Սպուտնիկ V» պատվատանյութի շատ քիչ քանակություն։ Բանակցություններ ենք տանում նաև ռուսական արտադրողի հետ, ինչպես նաև՝ այս պահին ամբողջ աշխարհում կիրառվող «Pfizer BioNtech» պատվաստանյութն ունենալու, «Moderna»-ի և անգլիական. «AstraZeneca»-ի շուրջ. միայն այս 4 պատվաստանյութի շուրջ ենք մենք ավելի ինտենսիվ բանակցություններ վարում»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, սակայն, որ դեռ պարզ չէ՝ ամենաշատը որից կներկրեն։

Նշենք, որ այս ընթացքում ռուսական պատվաստանյութի տեսքով օգնություն է տրվել Հայաստանին՝ 15 հոգու համար, որոնց ստացողներից մեկը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, մյուսը՝ հենց Գայանե Սահակյանը։ Վերջինիս խոսքով՝ որևէ կողմնակի ազդեցություն չի նկատել, իսկ «Սպուտնիկ»-ի արդյունավետությունը բավականին բարձր է. առաջին դեղաչափից հետո պաշտպանվածությունը 91% է, երկրորդի ժամանակ հասնում է 94%-ի.

«Պատվաստանյութը, հիմնականում, 100%-ով կանխում է մահացությունը և ծանր կլինիկական դրսևորումը։ Կարող է մարդ վարակվել, թեթև կլինիկա ունենալ, բայց դա չի նշանակում, որ արդյունավետ չէ»,- ասաց Գ. Սահակյանը։

Կանխարգելիչ միջոցառումների առնչությամբ Նունե Բակունցը նշեց, որ հսկվում է Հայաստան ժամանած անձանց առողջական վիճակը.

«Փորձում ենք այնպես անել, որ վարակված անձ Հայաստան չմտնի, այսպիսով, փորձում ենք նվազեցնել նաև ներբերման ռիսկը. մարդը պետք է գա կամ հետազոտված բացասական, կամ տեղում հետազոտվի, դրականի դեպքում էլ՝ անմիջապես ինքնամեկուսանա և բուժվի»։

Ն. Բակունցի խոսքով՝ թեև կարանտինային ռեժիմը մեղմացվել է, և հավաքույթների մասնակիցների անձանց թվի սահմանափակումները հանվել են, բայց այլ սահմանափակումները շարունակում են գործել. հակահամաճարակային նորմերը, ըստ նրա, ապացուցել են իրենց արդյունավետությունը, ու Հայաստանում այսօր համաճարակաբանական իրավիճակը կայուն է։

Անկախ մեղմացումներից՝ Ն. Բակունցը խորհուրդ տվեց պահպանել բոլոր հակահամաճարակային միջոցառումները, որոնք մինչ այժմ էլ ԱՆ-ն հորդորում էր պահպանել։

 

Գլխավոր լուսանկարը՝ «Գամալեա» հետազոտական կենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter